Գյումրի-Մոսկվա էժան թռիչքը նախադեպ կլինի․ քաղավիացիայի վարչության պետ

Գյումրիի «Շիրակ» օդանավակայանից Մոսկվա էժան թռիչքների իրականացումը նախադեպ է․ այս մասին ասաց ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը՝ կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում պատասխանելով հարցին, թե որքանով են իրատեսական Գյումրիից Մոսկվա 10 հազ․ դրամով թռիչքները։

Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը երեկ հաղորդագրություն էր տարածել, համաձայն որի՝ ռուսական բյուջետային «Պոբեդա» ավիաընկերությունը նոյեմբերի վերջից շաբաթական երեք անգամ «Շիրակ» օդանավակայանից թռիչքներ է իրականացնելու Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայան և հետադարձ ուղղությամբ։ Հաղորդագրության մեջ նշվել էր, որ ավիատոմսերի սակագները լինելու են՝ սկսած 10 հազ․ դրամից։

Սերգեյ Ավետիսյանը լրագրողների հետ զրուցում այսօր նշեց, որ սա նախադեպ է այն առումով, որ բյուջետային ավիաընկերությունը մուտք է գործում հայկական շուկա այն ձևաչափով, որով այն պետք է լինի։

Նա հիշեցրեց, որ բազմիցս խոսվել է այն մասին, որ Գյումրիի «Շիրակ» օդանավակայանը նախատեսվում է զարգացնել՝ որպես բյուջետային ավիաընկերությունների համար աշխատող օդանավակայան, և սա հենց դրա դասական օրինակն է։ «Սա առաջին հերթին շատ կարևոր իրադարձություն է այն պատճառով, որ Գյումրիի «Շիրակ» օդանավակայանը մեր կողմից նախատեսված և նախագծված ձևաչափով սկսելու է աշխատել»,- ասաց Սերգեյ Ավետիսյանը։

Նշելով, որ 10 հազ․ դրամ սակագինը բազմաթիվ քննարկումների տեղիք է տվել, քաղավիացիայի վարչության պետը ներկայացրեց բյուջետային ավիաընկերությունների աշխատանքի տրամաբանությունը։ «Ինքնաթիռներն առհասարակ և՛ բյուջետային, և՛ ոչ բյուջետային, սեգմենտավորված տեղեր են վաճառում՝ իքս քանակի տեղերը, իքս գնով։ Երբ մենք հայտարարեցինք՝ սկսած 10 հազ․ դրամից, այո, այդպես էլ կա։ Իրենք [բյուջետային ավիաընկերությունները – խմբ․] վաճառում են տոմսեր՝ սկսած-մինչև»,- նշեց նա՝ տեղեկացնելով, որ «Պոբեդա»-ի կայքում ընկերության կողմից սպասարկվող ուղղությունները սկսվում են 999 ռուբլուց՝ շուրջ 7500 դրամ։

վերևի շեմը չի լինելու բարձր, որովհետև Գյումրիի Շիրակ օդանավակայանի մրցակցային առավելությունը պետք ա լինի նրանում, որ ինքը պետք է ավելի մատչելի

«Արդյոք այդ 10 հազ․ դրամ արժողությամբ տոմսերն առանց ուղեբեռի տոմսե՞րն են» հարցին Ավետիսյանը պատասխանեց, որ չի կարող ասել, քանի որ ավիաընկերության ներկայացուցիչը չէ։

Քաղավիացիայի վարչության պետը տեղեկացրեց նաև, որ շարունակական բանակցություններ են իրականացվում ինչպես հունգարական Wizz air բյուջետային ավիաընկերության, այնպես էլ այլ ավիաընկերությունների հետ։ Նրա խոսքով՝ խնդիրն այն է, որ ավիաընկերությունը, մուտք գործելով շուկա, պետք է հասկանա, թե որքան պահանջարկ ունի այնտեղ։ «Ռուսաստանի շուկան մեզ համար թե՛ ներգնայի, թե՛ արտագնայի համար թիվ մեկ շուկան եղել է և կարծում եմ՝ դեռ կմնա շատ երկար»,- ասաց նա՝ հավելելով, որ այս տրամաբանության պատճառով է «Պոբեդա» ավիաընկերության մուտքով տեղի ունենում «Շիրակի» այսպես ասած վերագործարկումը։ «Սա կարծում եմ կլինի շատ լավ օրինակ, և հետագայում մենք կդիվերսիֆիկացնենք մեր շուկան դեպի Եվրոպա»,- ասաց Սերգեյ Ավետիսյանը։

«Տոմսերի գների վերանայում հնարավո՞ր է լինի» հարցին նա պատասխանեց, որ տոմսերի գները վերանայվում, ֆիքսվում և հաստատվում են շուկայի կողմից։ Սակայն ամեն նոր խաղացող, մուտք գործելով հայկական շուկա, այս կամ այն կերպ թողնում է իր ազդեցությունը առհասարկ տոմսերի գների վրա, և Ավետիսյանի կարծիքով՝ ինչ-որ փոփոխություն կլինի։

Խոսելով «Բաց երկնքի քաղաքականության» մասին՝ նա նշեց, որ մենք ունենք բազմաթիվ խնդիրներ, և իրենք բավական ակտիվ աշխատում են․ «Տոմսերը ես կարող եմ ասել, որ կէժանանան։ Եվ սա էլ առաջին նախադեպերից մեկն է»։

Համեմատելով հարևան Վրաստանի հետ՝ քաղավիացիայի վարչության պետն ասաց, որ Վրաստանը «Բաց երկնքի քաղաքականության» անցել է 10 տարի առաջ․ Հայաստանը մի փոքր ուշացել է այստեղ, և ժամանակ է պահանջվում՝ աշխարհը ադապտացվի այն իրողությանը, որ Հայաստանը պատրաստ է վերանայել համաձայնագրերը, Հայաստանը պատարստ է տալ հնարավորություններ այստեղ ավիափոխադրումներ իրականացնելու համար։ Նրա խոսքով՝ այդ ուղղությամբ աշխատանք է տարվում թե՛ դիվանագիտական առաքելությունների միջոցով, թե՛ ուղղակիորեն շփվելով ավիաընկերությունների և ավիացիոն իշխանությունների հետ։ «Ես կարծում եմ, որ պտուղները արդեն իսկ տեսանելի են: Ես ասում եմ՝ տոմսերը էժան չեն, և աշխատելու տեղ կա, այո, բայց եկեք ընդունենք, որ տոմսերը նաև էժանացել են»,- ասաց Սերգեյ Ավետիսյանը։

«Քութայիսիի օդանավակայանից 40-50 դոլարով կարելի է Եվրոպա մեկնել, կարո՞ղ ենք երբևէ ինչ-որ բան հակադրել դրան» հարցին ի պատասխան քաղավիացիայի վարչության պետն ասաց․ «Եթե հիմա Գյումրիի «Շիրակ» օդանավակայանը մեր ասած ձևաչափով՝ «Պոբեդա» ավիաընկերության առաջին մուտքով սկսի վաճառել տոմսեր 10 հազ․ դրամով, սա կլինի պատասխանը ձեր հարցի»։