Հայաստանն արդիականացնում է տանկերը Ռուսաստանի հետ․ Իզվեստիա

Հայաստանն ու Ռուսաստանը հայկական T-72 հիմնական մարտական տանկերի (ՀՄՏ) արդիականացման մասշտաբային ծրագիր են սկսել։ Նախատեսվում է, որ մեքենաները արդիականացվելու են մինչև T-72Б4 մակարդակ, որով ռուսաստանյան «Տանկային բիաթլոնին» մասնակցել են մասնակից թիմերը, գրում է «Իզվեստիա»-ն և վկայակոչելով իր աղբյուրները՝ նշում, որ խոսքը տեխնիկայի մի քանի տասնյակ միավորների մասին է։

Պարբերականը տեղեկացնում է, որ իր հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հաստատել է՝ տանկերի արդիականացման ծրագիրն արդեն սկսված է և չի հստակեցրել մարտական մեքենաների թիվը և աշխատանքների ավարտի ժամկետը։

Մինչդեռ ՍիվիլՆեթի հետ զրույցում Արծրուն Հովհաննիսյանը ձեռնպահ մնաց հաստատելուց այն տեղեկությունը, թե արդիականացման ծրագիրը Ռուսաստանի հետ է ընթանում՝ նշելով, որ աշխատանքներն իրականացվում են «դաշնակիցների հետ»։

«Տանկերը կարդիականացվեն մինչև բիաթլոնային մակարադակ, այսինքն՝ T-72Б4, որն ունի կատարելագորված մանևրային բնութագիր և մարտական ցուցանիշներ,- ասել է «Իզվեստիա»-ի զրուցակիցը։- Ընդ որում՝ հիմնական աշխատանքներն անցկացվելու են Հայաստանում, ինչը թույլ կտա հայկական կողմից դրանք պակաս ծախսատար դարձնել։ Դա նաև ենթադրում է, որ ավելի մեծ քանակությամբ տանկեր կարդիականացվեն»։

Т-72Б4 տեսակի տանկերի արտադրող «Ուրալվագոնզավոդ» ընկերությունում չեն մեկնաբանել տեղեկությունը։

Ռուսական բանակի սպառազինության կազմում առկա T-72Б3 տարբերակից բիաթլոնայինը տարբերվում է ամբողջությամբ փոխարինված կախովի զրահաթիթեղներով և ագրեգատներով։ Ինչպես հաղորդում է ռուսական թերթը, հայկական տանկերը կստանան շարժիչ, որի հզորությունը ավելացված է մինչև 1130 ձիաուժ՝ առանց ռեսուրսի համար վնասի, ինչը հնարավոր է դարձել սառեցման համակարգի կատարելագործման հաշվին։

Т-72Б4-ը լրացուցիչ ապահովվում է նոր թրթրուկներով, որոնք թույլ են տալիս կարծրահողի հետ ավելի լավ շղթայակցում, ինչն էլ իր հերթին մեքենան ավելի մանևրային է դարձնում։

Տանկը լինելու է ավելի հարմարեցված գիշերային գործողությունների և կարողանալու է օրվա ցանկացած ժամի հայտնաբերել թիրախներ և դրանց մասին տեղեկացնել նշանառուին։

Ռուսական պարբերականն ապա անդրադառնում է նրան, որ Ռուսաստանի հետ գործարքից առաջ Հայաստանը մտադիր էր T-72 պարկի արդիականացումն իրականացնել լեհական Bumar Łabędy ընկերության հետ։

Դեռ 2013թ․ հայաստանյան և ռուսաստանյան լրատվամիջոցներում շրջանառվում էր տեղեկություն, ըստ որի՝ Երևանը լեհական ընկերության հետ 84 տանկերի արդիականացման վերաբերյալ պայմանագիր էր ստորագրել, որը ՀՀ-ին պետք է արժենար 100 մլն դոլար։

Տեղեկությունն այն ժամանակ հրապարակողներից մեկը Մոսկվայում գործող հեղինակավոր «Սպառազինության համաշխարհային առևտրի վերլուծության կենտրոնն» էր (Центр анализа мировой торговли оружием), որը հայտնի է Ռուսաստանի պաշտպանության նախարարության, ռազմական հետախուզության հետ ունեցած կապերով: Կենտրոնը գրում էր, որ Bumar Łabędy ընկերությունում ընթանում է հայկական զինված ուժերի Т-72 տեսակի թվով 84 տանկերի արդիականացումը, և աշխատանքների ավարտից հետո հայկական Т-72-ները կդառնան լեհական PT-72U կարգի տանկեր: Ըստ աղբյուրի` տանկերի արդիականացումը պետք է ավարատվեր 2015թ․, սակայն առաջին արդիականացված խմբաքանակը պատրաստ պիտի լիներ մինչև տարեվերջ: Նույն ժամանակահատվածում ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը լրատվամիջոցների հետ զրույցում ո՛չ հաստատել էր, ո՛չ էլ՝ հերքել այդ լուրը։

2013թ․ նույն օրերին լեհական կայքերից մեկը՝ altair.com.pl-ն, գրել էր, որ Bumar-Łabędy-ն հերքում էր այդ հաղորդագրությունները և շեշտում, որ այդ ոլորտում որևէ աշխատանքներ չեն տարվում։

Կայքը հղում էր անում որոշ ոչ պաշտոնական տվյալների, ըստ որոնց՝ բանակցություններ, այդուհանդերձ, անցկացվել էին, սակայն, ըստ երևույթին, արդյունք չէին ունեցել։ Լեհական կայքը ենթադրել էր, որ ռուսաստանյան մամուլի լուրերը ուղղված էին հայ-լեհական բանակցությունների խափանմանը։

ՍիվիլՆեթի հետ զրույցում Արծրուն Հովհաննիսյանը ձեռնպահ մնաց Bumar-Łabędy-ի հետ բանակցությունների և գործարքի ներկայիս փուլի վերաբերյալ հստակ տեղեկություն տալուց։

Մինչդեռ «Իզվեստիա»-ն եզրակացնում է, որ լեհական ընկերության հետ Երևանի գործարքը չի իրագործվել այն պատճառով, որ ռուսաստանյան «Տանկային բիաթլոն»-ին մասնակցելուց հետո հայ տանկիստները շատ լավ են բնութագրել Т-72Б4 արդիականացված տարբերակը, «ինչն էլ, երևի, ազդել է երկրի ռազմական ղեկավարության ընտրության վրա»։

Սպառազինության առաջին ցուցահանդեսը Երևանում

Ստելլա Մեհրաբեկյան

Մեկնաբանել