Նիկոլ Փաշինյանը չի բացառում ընտրություններին դաշինքով մասնակցելը

Ընդդիմադիր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հնարավոր է՝ խորհրդարանական ընտրություններին մասնակցի դաշինքով․ լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է կուսակցության հիմնադիր, ԱԺ պատգավոր Նիկոլ Փաշինյանը։

Հոկտեմբերի 30-ին կուսակցությունը Երևանում հրավիրել է արտահերթ համաժողով, որպեսզի վարչության նոր կազմ ընտրի:

«Սա քաղաքական պրոցես է, և մենք պատրաստ ենք մեր պատկերացումներով մասնակցել քննարկումների, խոսել խնդիրների, դրանց լուծման միջոցների և նպատակների մասին, և բոլոր այն ուժերի հետ, ում հետ մենք համընկնումներ կունենանք այս հարցերում, պատրաստ ենք քննարկել համագործակցության հետագա ֆորմատները»,- ասել է Փաշինյանը։

Լրագրողի դիտարկմանը, որ նախկինում «Քաղաքացիական պայմանագիրը» հայտարարում էր, որ մյուս կուսակցությունների հետ դաշինքով չի գնալու ընտրությունների, Փաշինյանը պատասխանել է․

«Մենք ինչ էինք ասում․ ասում էինք՝ եթե կան այնպիսի ուժեր, որոնց հետ ունենք նպատակների և միջոցների, պատկերացնումների համընկնում, ապա առաջարկում են բանակցություններ սկսել մեկ կուսակցություն դառնալու մասին»:

«Մեր այս պատկերացումը շարունակում է մնալ նույնը, բայց կարող է փոխվել հետևյալը. եթե մենք նախկինում ասում էինք, որ այդ մեկ կուսակցություն դառնալու պրոցեսը պետք է ավարտել մինչև խորհրդարանական ընտրությունները, հիմա, հաշվի առնելով ինչ-ինչ հանգամանքներ, մենք պատրաստ ենք այդ պրոցեսը քննարկել ավելի երկար ժամկետում, և ֆորմալ առումով հնարավոր ենք համարում դաշինքները, եթե մեր ընդհանուր օրակարգում ֆիքսում ենք, որ կա մեկ ընդհանուր կուսակցություն դառնալու հարց»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։

Նա ընդգծել է, որ իրենց կուսակցությունը հանրության առաջ պարտավորություն է ստանձնել, որ «բացառվում է Հայաստանում տեղի չունենա իշխանափոխություն միայն այն պատճառով, որ Քաղաքացիական պայմանագիրն իր որոշումերի բերումով հրաժարվում է դրան մասնակցել»:

Սեպտեմբերի 17-ին կայացած ՏԻՄ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուն Արարատի մարզի Նոր կյանք համայնքում հաղթանակ էր տարել գյուղը 17 տարի ղեկավարած հանրապետական գյուղապետի նկատմամբ։

Սակայն հոկտեմբերի 2-ին Հայաստանի երկրոր և երրորդ ամենախոշոր քաղաքներում՝ Գյումրիում և Վանաձորում, կուսակցությունը չէր հաղթահարել ավագանի մտնելու շեմը։

Լուսանկարը՝ Մարինե Մանուչարյանի

Մեկնաբանել