Կառավարությունը նպատակադրել է 2017թ․ համար ՀՆԱ-ի շուրջ 3.2 տոկոս աճ

2017 թվականի համար կառավարությունը նպատակադրել է ՀՆԱ-ի շուրջ 3.2 տոկոս աճի մակարդակ․ այսպիսի հայտարարություն է արել վարչապետ Կարեն Կարապետյանը հոկտեմբերի 31-ին ելույթ ունենալով Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ «ՀՀ 2017թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկմանը:

«Հաշվի առնելով ստեղծված տնտեսական միջավայրը, ինչպես նաև ընտրական տարում սպասվող տնտեսական պասիվությունը՝ նշված ցուցանիշին հասնելը մեզնից բավական ջանքեր կպահանջի, և մենք վստահեցնում ենք, որ կանենք ամեն ինչ այդ մակարդակն ապահովելու համար։ Հարկաբյուջետային քաղաքականության իրականացումը պետք է լինի թափանցիկ և հրապարակային, հասկանալի՝ յուրաքանչյուր հարկատուի և հասարակության անդամի համար: Մեր մոտեցումը հստակ է՝ հարկատուների կողմից վճարված բյուջետային եկամուտները պետք է օգտագործվեն հնարավորինս խնայողաբար և նպատակային, իսկ արդյունքները՝ տեսանելի հանրության համար»,- ասել է Կարեն Կարապետյանը:

Նա նշել է, որ վերջին երկու տարիներին Հայաստանի տնտեսությունը բնութագրվում է արտաքին աշխարհից ներթափանցող բացասական ցնցումներով՝ պայմանավորված թե´ Ռուսաստանի տնտեսական անկմամբ, թե´ պղնձի համաշխարհային գների էական նվազմամբ: «Այս իրավիճակում տնտեսական աճ և կայունություն ապահովելու նպատակով հարկաբյուջետային քաղաքականությունը եղել է հակացիկլիկ, որի արդյունքում անխուսափելի է եղել պետական պարտքի մակարդակի բարձրացումը»,- ասել է վարչապետը:

Կարապետյանի խոսքով՝ 2017թ․ կառավարությունն իրականացնելու է բոլոր անհրաժեշտ քայլերը՝ աճի ապահովման նախադրյալ հանդիսացող մակրոտնտեսական կայունության ապահովման համար․ «Սակայն, քանի որ «Պետական պարտքի մասին» ՀՀ օրենքով մենք գործում ենք սահմանափակումների ներքո, 2017 թվականի բյուջեն ներառելու է նվազող դեֆիցիտի միջոցով պարտքի կայունացման մոտեցումը»:

Նա նշել է, որ բյուջեն կազմելու հիմքում դրվել են տնտեսությունը չխեղդող, միևնույն ժամանակ հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը մեծացնող կանխատեսումներ: Հարկային եկամուտների մակարդակի գնահատման համար հիմք են ընդունվել տնտեսության իրողություններին համապատասխանող, իսկ ծախսերի մասով՝ զսպող մոտեցումները:

Կառավարության ղեկավարը հակիրճ ներկայացրել է, թե ինչպես է ձևավորվել ՀՀ 2017թ. պետական բյուջեն. հիմքում դրվել են 2016թ. բազիսային տվյալները՝ դեֆիցիտի առկա մակարդակը, հաջորդ տարվա համար օրենքով դեֆիցիտի սահմանափակման ցուցանիշը, հաշվարկվել է հարկեր/ՀՆԱ հարաբերակցության և եկամուտների հնարավոր աճը: Վարչապետը նկատել է, որ մակրոտնտեսական ցուցանիշներից ելնելով՝ կան սահմանափակումներ, և հաշվի առնելով դրանք՝ 2017թ. ծախսերի առումով մաքսիմալ կոշտ քաղաքականություն է որդեգրվել, որպեսզի չլինի դեֆիցիտի ավելի աճ, քան սահմանափակումներն են թելադրում: Կարեն Կարապետյանի խոսքով՝ հաշվի է առնվել նաև այն հանգամանքը, որ բիզնեսը, գործարար աշխարհը մաքսիմալ չճնշվի ու կարողանա վերարտադրվել, և այս մոտեցման նպատակը 2017թ. ավելի աշխույժ տնտեսական իրավիճակ ստեղծելու համար նորմալ պլատֆորմ ձևավորելն է:

Մեկնաբանել