Լիբանանը նախագահ ունի

Այսօր Լիբանանի նախագահ է ընտրվել նախկին հրամանատար 80-ամյա մարոնի քրիստոնյա Միշել Աունը։ Ինչպես հաղորդում է Al-Arabiya կայքը, նրա օգտին քվեարկել է 83 պատգամավոր, ինչն ավելի քան բավարար է հաղթելու համար։

Այսպիսով, Լիբանանում ավարտվել է 29-ամսյա նախագահական վակուումը։ Ակնկալվում է, որ սուննի մուսուլման Սաադ ալ-Հարիրին կդառնա երկրի վարչապետ։

Լիբանանում քաղաքական ճգնաժամ էր սկսվել այն բանից հետո, երբ ավարտվել էր երկրի նախկին ղեկավար Միշել Սուլեյմանի ժամկետը։ Սահմանադրության համաձայն՝ նախագահ կարող է լինել միայն մարոնի քրիստոնյա՝ ընտրված խորհրդարանի կողմից։ Մարոնի քրիստոնյաները կաթոլիկ եկեղեցու հետևորդ են, Լիբանանում նրանց ընդհանուր թիվը չի գերազանցում 25 տոկոսը։

Reuters գործակալությունը գրում է, որ Աունին սատարելու Սաադ Հարիրիի որոշումը վկայում է քաղաքական մեծ զիջման, Լիբանանում Սաուդյան Արաբիայի դերակատարության թուլացման և Իրանի կողմից աջակցություն վայելող Հեզբոլլահի ազդեցության մասին։ 

Սաուդյան Արաբիան Հեզբոլլահի դեմ տարիներ տևած քաղաքական պայքարում սատարել է Հարիրիին և նրա դաշնակիցներին։

Reuters-ը նկատում է, որ բեկման պատճառ են հանդիսացել նաև Հարիրիի անձնական ֆինանսական անհաջողությունները։

Միլիարդատեր Սաադ Հարիրին լիբանանցի ազդեցիկ քաղաքական գործիչ է, 2009-2011թթ. զբաղեցրել է Լիբանանի վարչապետի պաշտոնը, նա Լիբանանի վարչապետ Ռաֆիկ Հարիրիի որդին է, որը սպանվել էր 2005թ․։