Վարչապետը հանձնարարել է պատժել տպարանի շենքի պայթեցման գործում բացթողումներ թույլ տված անձանց

Վարչապետը Կարեն Կարապետյանը հանձնարարել է պատասխանատվության ենթարկել Առաջին տպարանի շենքի պայթեցման գործում բացթողումներ թույլ տված պատասխանատուներին։

Ինչպես հաղորդում են կառավարության մամուլի ծառայությունից, Երևանի Հանրապետության փողոցի թիվ 65 շենքի Բ մասնաճյուղում իրականացված պայթեցման աշխատանքների հետ կապված հարցը քննարկվել է այսօր վարչապետի մոտ հրավիրված աշխատանքային խորհրդակցության ընթացքում։

Կարեն Կարապետյանը նշել է, որ շենքի պայթեցումը օբյեկտիվ և սուբյեկտիվ դժգոհություն է առաջացրել հասարակության, այդ թվում՝ հարակից շենքերի բնակչության շրջանում և ավելացրել. «Սա փորձադաշտ չէ: Սա ռազմական պոլիգո՞ն է, ի՞նչ է: Իրականում այն տպավորությունն է, որ այս քաղաքում ով ինչ ցանկանա՝ կարող է անել: Ինչպե՞ս են մարդիկ որոշել, որ պետք է պայթեցնել, ո՞ւմ պետք է տեղյակ պահեին, և ո՞վ պետք է բնակիչներին տեղեկացներ»:

Վարչապետին զեկուցվել է, որ Առաջին տպարանի շենքի սեփականատեր «Աստորիա-ինվեստ» ՓԲԸ-ն Երևանի քաղաքապետարանից 2016թ․ հուլիսին ստացել է նախագծման թույլտվություն՝ այդ տարածքում հյուրանոցային համալիր կառուցելու նպատակով: Մինչ շինարարության թույլտվություն ստանալը «Աստորիա-ինվեստ»-ը քաղաքապետարանից ստացել է այդ տարածքի «Բ» մասնաշենքի քանդման թույլտվություն, որն իրականացրել է պայթեցնելու եղանակով: Պայթեցման աշխատանքների վերաբերյալ շինարարական կազմակերպությունը սահմանված կարգով համապատասխան մարմիններին չի տեղեկացրել: Միաժամանակ՝ կազմակերպությունները պարտավոր են տեղեկացնել արտակարգ իրավիճակների նախարարությանը, թե, օրինակ, մարդկանց անվտանգության ապահովման համար ինչպիսի միջոցառումներ են իրականացնելու, որոնք և՛ պետք է հսկվեն, և՛ օժանդակվեն նախարարության կողմից: Շինարարական կազմակերպության կողմից այս պայմանը չի ապահովվել։

Կարեն Կարապետյանը հանձնարարել է բացթողումներ թույլ տված պատասխանատուների նկատմամբ կիրառել առավելագույն խիստ պատիժ: «Առաջինը՝ շինարարը կամ սեփականատերը պետք է տեղեկացներ համայնքի համապատասխան ատյաններին, որ շենքն ապամոնտաժելու են ոչ թե այս կամ այն եղանակով, այլ՝ պայթեցման: Այդ իսկ պատճառով, պետք է հասկանալ, թե ինչ պատիժ է հասնում սեփականատիրոջը կամ շինարարին, և նրա նկատմամբ կիրառել առավելագույն պատիժը: Երկրորդ՝ լիցենզավորված կառույցը, որը պայթեցրել է շենքը, պետք է իր լիցենզիային համապատասխան պաշտոնապես տեղեկացներ բնակչությանը: Չի տեղեկացրել, ուստի նրա նկատմամբ ևս պետք է կիրառել առավելագույն պատիժ»,- ասել է նա:

Վարչապետը հանձնարարել է արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանին՝ պատասխանատվության ենթարկել նաև նախարարության համապատասխան ծառայության ղեկավարին՝ աշխատանքներում թերացումներ թույլ տալու համար: Կարապետյանն ընդգծել է, որ նման դեպքերը պետք է այսուհետ ի սպառ բացառել:

***

Երևանի առաջին տպարանի մասնաշենքը պայթեցվեց հոկտեմբերի 27-ին՝ առաջացնելով հանրության զարմանքն և զայրույթը։

Առաջին տպարանի շենքի կառուցումը սկսվել է 1925-ին՝ Ալեքսանդր Թամանյանի նախագծով: Թամանյանը իրականացրել է ցոկոլային հարկը, այնուհետև աշխատանքները շարունակել է ճարտարապետ Նիկոլայ Բաևը, որը իր ժամանակների կարևորագույն ճարտարապատներից մեկն է եղել: Շենքը ներկայում ներառված չէ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում:

ՍիվիլՆեթին հաջողվել էր պարզել, թե ովքեր են կանգնած տպարանի տարածքում նոր հյուրանոց կառուցելու ծրագրի հետևում։ Տեսանյութը՝ ստորև։

Մեկնաբանել