Տպարանի պայթեցումը՝ «Կիսաբաց լուսամուտների» մի թողարկում

Մշակույթի նախարարն ասում է՝ առաջին տպարանի շենքը մի առանձնապես արժեք չէր: Ո՛չ, պարոն նախարար, խնդիրը արժեքը չէ: Արժեքային տեսանկյունից կառավարությունում արժեք ունեցող մեկ-երկու հոգի հազիվ գտնես: Այդպիսին է մի կառավարության էությունը, որը «կառուցված» է հանցագործ հիմքի վրա:

Ուրեմն, տպարանի պայթեցման խնդիրը մի քիչ խորքային է: Էս մարդիկ տպարանը չեն պայթեցրել, նրանք սպանել են տպարանը: Ընդհանրապես, ամեն ինչ արվում է այդպես՝ մարդը կար, մեկ էլ լսում ես, որ սպանել են: Այդպես էլ՝ տպարանի շենքը: Թամանյանն էր նախագծել: Ինչո՞վ է սպանությունը տարբերվում պայթեցումից: Պայթեցման մասին նախ տեղեկացնում են: Ես այդ տպարանում աշխատող հայր կամ մայր չեմ ունեցել: Իմ մանկությունն այդ տպարանի մատույցներում չի անցել: Ես չգիտեմ՝ արժե՞ք էր այդ տպարանը, թե՞ ոչ: Բայց հենց իշխանությունն ասում է, որ ավերված շենքը «սարայ» էր, ես զգուշանում եմ: Ես վստահ չեմ, որ արժեքի բացառիկ ընկալում ունեմ, բայց քանդողների «էությունն» ինձ հասկանալի է: Այդպես մարդասպանը սպանում է: Առանց իմաստավորելու արածը: Առանց դիմացինից ագրեսիա զգալու կամ տեսնելու: Ի վերջո ի՞նչ է արել այդ տպարանի տերը՝ ոչինչ: Չի արել մի բան, որը տարբերվում է, ասենք, դատավոր Իշխան Բարսեղյանի վերցրած կաշառքից, ընտրակեղծիքից, օդի մեջ որևէ ապրանքի գին կրակելուց, ընտրողին սպառնալուց: Ոչ մի հանցագործությունից չի տարբերվում: Հատկապես այն հանցագործություններից, որոնք արվում են բաց ճակատով և գլուխը բարձր: Ասել, որ տպարանի շենքը արժեք չէ, նույնն է, որ ասես՝ հա, ի՞նչ, մի կաշառված քվեն ընտրությունների վրա ազդեցություն չունի, մի կաշառք վերցնող դատավորը չի արատավորի ամբողջ դատական համակարգը, մի մարդասպանը ամբողջ հայ ժողովրդին մարդասպան չի դարձնում կամ նույնիսկ մի հանցագործ նախագահը ամբողջ իշխանությունը հանցագործ չի դարձնում:

Խնդիրը տպարանի անարժեք շենքը պայթեցնելը չէ, խնդիրն այն է, որ կարող են պայթեցնել ամենն ինչ մտքներով կանցնի: Նույնիսկ տպարանին մերձակա բնակիչներին տեղյակ չեն պահել: Արդյունքում այդ արարքը դարձել է հանցագործություն: Ահա այստեղ կանգ ենք առնում: Հասարակությունն ընդդիմանալու կամ համաձայնելու մանդատ չի ունեցել: Ուղղակի դնել ու պայթեցնել մի շենք առանց համապատասխան արարողակարգերի, նման է վարձու մարդասպանի կրակոցին: Դու քո երեխային ուզում ես դուրս բերել, մեկ էլ աչքիդ առաջ մեկին թխկացնում են:

Վարչապետն ասում է՝ հո ռազմական պոլիգոն չէ՞: Ոչ, պարոն, պոլիգոն չէ, գնա և իմացիր օրը ցերեկով նման քիլերություն անողների հովանավորների անունները: Հաստատ ձեր կողմերից են: Տարոն Մարգարյանն անձամբ է եղել այնտեղ պայթեցումից առաջ, այսպես ասած՝ ներկայացել է որպես հսկիչ կրակոց, որն արձակվել է պայթեցումից առաջ: Գնացեք և նրանից իմացեք, թե ինչու իրենից բացի ուրիշ ոչ մեկը չգիտեր: Իսկ չիմացողները դուք չեք, մենք ենք: Որովհետև ընդդիմացողն ենք մենք, որովհետև հասկանալ փորձողն ենք մենք, թե միջին վիճակագրական գործազուրկ երևանցուն ի՞նչ հերթական հյուրանոցի կառուցումը: Տեղյակ պահեիք:

Պատմություն ունեցող բոլոր շինությունների այլընտրանքը հյուրանո՞ցն է: Եթե շենքն իր դարն ապրած էր (մոտ 100 տարեկան էր), ու դուք էլ ճիշտ էիք, ինչու՞ էիք գաղտնի անում: Գուցե բոլոր հիմքերն ունենք մտածելու, որ պայթեցման անվան տակ այլ հանցագործություններ էլ եք արել: Ո՞վ գիտի, թե դուք ինչերի եք ընդունակ: Որովհետև տպարանի պայթեցումը շատ նման է վարձու մարդասպանությանը: Որովհետև ամբողջ իշխանությամբ տեսել եք, թե հասարակությունն ինչպես է ընդդիմանում, երբ արդյունաբերության և զբոսաշրջության համար պիտանի ճարտարապետական որևէ կոթող չունեցող Երևանն ինչպես է դառնում հյուրանոցների և մոլերի ամբոխ: Հասարակությունն զգում է, որ ինքը դուրս է մղվում Երևանից: Որ ինքը հիշողության և ինքնիշխանության հասցեներ չունի: Պայթեցումից հետո սրեր ճոճելը ու՞մ է պետք: Դուք էդ հարցը չեք լուծում:

Հարց լուծող եք, գնացեք և լուծեք էն դատավորների հարցը, որոնց պատճառով ՄԻԵԴ-ը մի քանի հարյուր հազար դոլարի «վնաս» է պատճառել մեր պետական բյուջեին: Երթուղային տաքսիների հարցը լուծեք: Դուք թփրտում եք միայն այնտեղ, որտեղ քաղաքացու պահանջատիրությունը չկա: Հանկարծ հայտնաբերեցիք, որ տպարանը պայթեցնելիս ձեզ մարդատեղ չեն դրել: Պայթյունի փոշիները ձեր աշխատասենյակ էլ մտան: Վերջ, Երևանի կենտրոնը դարձավ ռազմական պոլիգոն: Չկա նման բան: Ձեզ պայթեցումն է պետք եղել: Իսկ հոխորտանքն արդեն շոու է, ինչպես շոու է նոր կառավարությունը: Որը Հայաստանի փրկության գործին է լծվել «Կիսաբաց լուսամուտների» ամբողջ «հմայքով»:

Մեկնաբանել