Քսան պատգամավոր երաշխավորել է Անդրիաս Ղուկասյանի կալանքը վերացնելու միջնորդությունը

«Նոր Հայաստան» շարժման խորհրդի հիմնադիր անդամ Անդրիաս Ղուկասյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը միջնորդություն է ներկայացրել ՀՀ  գլխավոր դատախազին՝  իր պաշտպանյալի նկատմամբ կիրառված կալանքը վերացնելու և որպես խափանման միջոց անձնական երաշխավորություն կիրառելու մասին։

Ղուկասյանի կնոջ՝ Անահիտ Թարխանյանի տարածած հաղորդագրության համաձայն՝ միջնորդությանը միացել են նաև Ազգային ժողովի 20 պատգամավորներ, գիտության ու ճարտարապետության ոլորտի հայտնի գործիչներ․ «Նրանք գրավոր խոսքով և մուծվելիք դրամական գումարով երաշխավորում են Անդրիաս Ղուկասյանի պատշաճ վարքագիծը, քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով վերջինիս ներկայանալը և այլ դատավարական պարտականություններ կատարելը»:

Միջնորդությունը երաշխավորել են պատգամավորներ ԱԺ հինգ խմբակցություններից՝ «Ժառանգություն», «Բարգավաճ Հայաստան», Հայ ազգային կոնգրես, «Հայ հեղափոխական դաշնակցություն», «Օրինաց երկիր»։ Իշխող Հանրապետական խմբակցությունից որևէ պատգամավոր միջնորդությանը չի միացել։

Միջնորդությունը երաշխավորած պատգամավորներն են՝ Զարուհի Փոստանջյանը, Թևան Պողոսյանը, Ռուբեն Հակոբյանը, Ալեքսանդր Արզումանյանը, Խաչատուր Քոքոբելյանը, Վարդան Օսկանյանը, Ստեփան Մարգարյանը, Էլինար Վարդանյանը, Վահե Հովհաննիսյանը, Նիկոլ Փաշինյանը, Լևոն Զուրաբյանը, Արամ Մանուկյանը, Ստեփան Դեմիրճյանը, Էդմոն Մարուքյանը, Աղվան Վարդանյանը, Հեղինե Բիշարյանը, Լևոն Դոխոլյանը, Տիգրան Ուրիխանյանը, Վահե Էնֆիաջյանը, Արմեն Ավետիսյանը։

***

Անդրիաս Ղուկասյանը կալանքի տակ է գտնվում հուլիսի 30-ից Սարի թաղում տեղի ունեցած դեպքերի առնչությամբ։ Նա մեղադրվում է զանգվածային անկարգությունների կազմակերպման մեջ:

Անդրիաս Ղուկասյանի հետ նույն մեղադրանքով կալանավորվել էին նաև «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը և «Ժառանգության» մամուլի խոսնակ Դավիթ Սանասարյանը, որոնց խափանման միջոցը` կալանավորումը,  հետագայում փոխվեց գրավով, և նրանք արգելանքից ազատվեցին։

Լուսանկարը՝ Ֆոտոլուրի։