Գրքեր հայատառ թուրքերենով

Օսմանյան կայսրության ժամանակաշրջանում (1299-1922) և նրա կործանումից հետո՝ մինչև 20-րդ դարի կեսերը, տասնյակ քաղաքներում տպագրվել են բազմաթիվ գրքեր և թերթեր հայատառ թուրքերենով: Հայատառ թուրքերենով գրականություն, առաջին հերթին՝ եկեղեցական գրքեր, տպագրվել են այն հայերի համար, որոնց մայրենին թուրքերենն էր կամ ովքեր լավ հայերեն չգիտեին:

Հայատառ թուրքերենով գրքեր տպագրվել են ոչ միայն Պոլսում և կայսրության այլ քաղաքներում, այլև աշխարհի մի քանի տասնյակ երկրներում: Տարբեր ժամանակաշրջաններում Օսմանյան կայսրության և Արևմտյան Հայաստանի հայությունը գաղթել և հաստատվել է բազմաթիվ երկրներում և այդ երկրներում շարունակել մնալ գերազանցապես թրքախոս:

Հայատառ թուրքերենով գրքերի մի մասի կազմը և տիտղոսաթերթը հայերենով է, մյուս էջերը՝ հայատառ թուրքերենով:

Հայատառ թուրքերենով գրականությունը հատկապես տարածված էր Կիլիկիայում, որտեղից գաղթած հայ ընտանիքներում թուրքերենը շարունակում էր խոսակցական լեզու մնալ մինչև 20-րդ դարի վերջերը:

Հայատառ թուրքերենով տպագրված ծով գրականությունից միայն մի մասն է հասել մինչև մեր օրեր: Որոշ օրինակներ պահվում են Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության մատենադարանում: