Ասիական բանկը $50 մլն կտրամադրի Վանաձոր-Բագրատաշեն ճանապարհի վերակառուցմանը

Ասիական զարգացման բանկը 50 մլն դոլարին համարժեք եվրոյի չափով (€44 մլն) վարկ կտրամադրի Հայաստանին: Վարկը նախատեսվում է տրամադրել «Հայաստան-Վրաստան սահմանային տարածաշրջանային ճանապարհի (Մ6 Վանաձոր-Բագրատաշեն) բարելավման ծրագիր» վարկային համաձայնագրով։ Համապատասխան համաձայնագրի նախագծին հավանություն տալու մասին որոշումն ընդգրկված է կառավարության նոյեմբերի 3-ի նիստի օրակարգում։

Համաձայն որոշման տեղեկանքի՝ ծրագրի նպատակն է վերակառուցել և բարելավել մոտ 51.5 կմ ընդհանուր երկարությամբ Հայաստանի հյուսիսում՝ Վանաձորից Ալավերդիով դեպի Վրաստանի սահման՝ Բագրատաշեն, գնացող երկշարք M6 մայրուղին: «Ազդեցությունը կլինի ճանապարհային ցանցի արագ վատթարացման կանխարգելումը և անվտանգ, արագ ու հեշտ փոխադրումների ապահովումը։ Ծրագիրը կօգնի բարելավել սոցիալական ծառայությունների, գյուղատնտեսության, տուրիզմի և զբաղվածության հասանելիությունը՝ նպատակ ունենալով նվազեցնել տնտեսական և սոցիալական տարածաշրջանային անհամապատասխանությունները»,- նշված է տեղեկանքում:

Վարկը տրամադրվելու է եվրոյով։ Մարման ժամկետը 22 տարի է, որից 15-ը՝ արտոնյալ:

Որոշման տեղեկանքում նշվում է, որ նշյալ ծրագրի համաֆինանսավորման նպատակով Եվրոպական ներդրումային բանկն արդեն իսկ տրամադրել է 51 մլն եվրոյի չափով վարկային միջոցներ: