Ռուս-վրացական ձնհա՞լ․ ինչ ակնկալիքներ կան Իլիա Երկրորդի մոսկովյան այցից

Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա Երկրորդը նոյեմբերի 18-25-ը կայցելի Մոսկվա՝ մասնակցելու Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի 70-րդ տարեդարձին։ Հոբելյանին հրավիրված են բոլոր ինքնուրույն ուղղափառ եկեղեցիների առաջնորդները։ Վրաց պատրիարքությունից մի շարք լրատվականների հաղորդվել է, որ այցի մանրամասներ դեռ հայտնի չեն, ինչպես և այն, թե արդյոք պատրիարքը առանձին հանդիպում կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Ու թեև այցը կրելու է մասնավոր բնույթ, Թբիլիսիում և Մոսկվայում սովոր են, որ Վրաստանի հոգևոր առաջնորդի այցելությունները Ռուսաստան փաստացիորեն քաղաքական ամենաբարձր մակարդակի հանդիպումներ են, որոնց ընթացքում քննարկվում են ամենասուր քաղաքական հարցերը։

Այսպես՝ 2011թ․ նոյեմբերին Մոսկվայում մասնակցելով պատրիարք Կիրիլի 65-ամյակին՝ Իլիան ՌԴ այն ժամանակվա նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ քննարկել էր Աբխազիայից և Հարավային Օսիայից վրաց փախստականների հարցը, Կիրիլի հետ հանդիպմանն անդրադարձ էր կատարվել երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորմանը։

Մոտ մեկ տարի անց՝ 2013թ․ հունվարին, Իլիա Երկրորդը կրկին այցելել էր Մոսկվա՝ ստանալու «Ուղղափառ ժողովուրդների միասնության ամրապնդման գործում ականավոր ձեռքբերումների համար» մրցանակը։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը Իլիան փոխանցել էր Վրաստանի նոր վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի ողջույնները և հայտարարել․ «Նա կանի հնարավոր և անհրաժեշտ ամեն ինչ՝ Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորելու համար»։

Իլիա Երկրորդը շեշտել էր, որ Ռուսաստանի և Վրաստանի միջև գոյություն ունեցող բոլոր խնդիրները կվերացվեն, և «երկու ժողովուրդները կրկին եղբայրներ կլինեն»։

Համայն Վրաստանի պատրիարք-կաթողիկոսին, որն իր ավանդական հսկայական հեղինակությամբ գերակա է երկրի մյուս ինստիտուտների նկատմամբ, մեծ նշանակություն է տրվում Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում, հատկապես, հաշվի առնելով վերջին շրջանում պաշտոնական Թբիլիսիից հնչող հայտարարությունները Մոսկվայի հետ երկկողմ հարաբերությունների կարգավորման «պրագմատիկ ուղենիշը» շարունակելու վերաբերյալ։

«Վերջին չորս տարիներին Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման Վրաստանի քաղաքականությունը արդյունավետ էր, և Թբիլիսին շարունակելու է շարժվել այդ ուղղությամբ»,- օրերս հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին, որի «Վրացական երազանք» իշխող կուսակցությունը երկրում երկու փուլով անցած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով նոր խորհրդարանում սահմանադրական մեծամասնություն է ձևավորելու։

Երկկողմ կապերում ձնհալի մասին վկայող հայտարարությամբ է հանդես եկել նաև ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը։ Նա խոսել է Վրաստանի և Ռուսաստանի միջև միջխորհրդարանական երկխոսության վերականգնման մասին։ Ու թեև «Վրացական երազանք»-ի ներկայացուցիչները հերքել են այդ լուրը, նշելով, որ երկխոսության վերականգնում հնարավոր է «միայն Ռուսաստանի կողմից Աբխազիայի և Հարավային Օսիայի ճանաչումը հետ կանչելու դեպքում», «Ազգային միացյալ շարժումը» իշխող քաղաքական ուժին մեղադրել է «Մոսկվայի առաջ նահանջելու և երկրի շահերին դավաճանելու մեջ»։

Իլիա Երկրորդը՝ ոչ պաշտոնական դիվանագետ

«Ռուսաստանի ջավախյան սփյուռք» հասարակական կազմակերպության ղեկավար Աղասի Արաբյանը ռուսաստանյան «Նովայա գազետա» թերթի հետ զրույցում կարծիք է հայտնել, որ Իլիա Երկրորդի առաջիկա այցը Մոսկվա վկայում է այն մասին, որ Վրաստանում ընթանում է ոչ շատ նկատելի, սակայն հստակ տաքացում Ռուսաստանի հանդեպ։ Դրա վառ ապացույց է նաև, ըստ Արաբյանի, «Վրացական երազանքի» հաղթանակը։ Կուսակցությունը, որն ունի արևմտամետ դիրքորոշում և հայտարարում է Աբխազիայի և Հարավային Օսիայի վերադարձի մասին, իր հակառակորդ «Ազգայի միացյալ շարժում»-ից տարբերվում է նրանով, որ շահագրգռված է Մոսկվայի հետ կապերի վերականգնմամբ։

«Իլիա Երկրորդը Վրաստանի ոչ միայն հոգևոր, այլև քաղաքական առաջնորդն է։ Կարծում եմ՝ Վրաստանի ղեկավար շրջանակները նրան խնդրում են միջնորդի դեր ստանձնել Ռուսաստանի հետ հարաբերությունների վերականգնման գործընթացում, լինել ոչ պաշտոնական դիվանագետ։ Թբիլիսիում ոչ առանց հիմքերի վստահ են, որ Եկեղեցու դիվանագետն ունի հաջողության ավելի մեծ հնարավորություններ, քան Վրաստանի ԱԳՆ-ն»,- ասել է Արաբյանը՝ նշելով, որ Իլիա Երկրորդից բացի այլընտրանքային ավելի լավ դիվանագետ դժվար է գտնել․ նա անվերապահ հեղինակություն է վայելում Ռուսաստանում վրացական սփյուռքի շրջանում, հարգված է Ռուս ուղղափառ եկեղեցու, ռուսաստանցի պաշտոնյաների շրջանում։

Քաղաքագետը նշել է, որ Վրաստանում լավ են հասկանում՝ Ռուսաստանը գրաված տարածքներից չի հեռանալու։ Ռուսաստանի հետ «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» իրադրությունը Վրաստանի համար փակուղային է, և քանի որ քաղաքական տարբերակներն անարդյունավետ են, Թբիլիսին գործի է դրել կրոնական լծակները՝ Իլիա Երկրորդի միջոցով։

Հարավային Կովկասի հարցերով փորձագետ Վլադիմիր Զախարովը նույնպես այն մտքին է, որ մասնավոր այցը ընդամենը պատնեշ է, քանի որ Իլիա Երկորդին չի կարելի մասնավոր անձ համարել։

«Նա Վրաստանի ոչ պաշտոնական նախագահն է, որը միավորում է Վրաստանի քաղաքացիներին և համայն աշխարհի վրացիներին։ Կասկած չկա, որ Իլիա Երկորդի և Կիրիլ պատրիարքի հանդիպումներին ներկա են լինելու ՌԴ նախագահի վարչակազմի անդամներ»,- նկատել է Զախարովը՝ համոզմունք հայտնելով, որ այցի ընթացքում Համայն Վրաստանի պատրիարքը շոշափելու է ռուս-վրացական փոխշահավետ համագործակցության հնարավորությունները՝ տնտեսությունից մինչև հումանիտար հարցեր։

Մինչդեռ Վրաստանի պետական անվտանգության նախկին նախարար Վալերի Խաբուրձանիան չի կարծում, որ այցի ընթացքում քննարկվելու են քաղաքական հարցեր։ Նա նաև չի ակնկալում որևէ բեկում ռուս-վրացական հարաբերություններում։ Խաբուրձանիայի պնդմամբ՝ Իլիա Երկրորդը հոգևոր գործիչ է, խաղաղության պատվիրակ, այլ ոչ քաղաքական գործիչ։

«Քաղաքական վերջնական որոշումներն ընդունում են պետությունների ղեկավարները»,- ասել է վրաց նախկին պաշտոնյան։

ԱՄՆ-ի Ժողովրդավարության ազգային ինստիտուտի (NDI)՝ գարնանն անցկացված հետազոտության տվյալներով՝ Համայն Վրաստանի պատրիարք-կաթողիկոս Իլիա Երկրորդը վրաց հասարակության շրջանում շարունակում է վայելել ամենամեծ հեղինակությունը։

Ընտրություններից առաջ՝ փետրվարի 23-ից մարտի 14-ն անցկացված հետազոտության մասնակիցների 74 տոկոսն ասել էր, որ չի ընտրելու այն կուսակցություններին, որոնք քննադատական են Վրաց ուղղափառ եկեղեցու հանդեպ։

***

Վրաստանի և նրանից անջատված Հարավային Օսիայի հակամարտությունը թեժ փուլ մտավ 2008թ. օգոստոսի 8-ին: Դրան նախորդել է լարվածության երկարատև շրջան: Վրացական կողմը պնդում է, որ օպերացիան սկսել է հարավօսական ստորաբաժանումների կողմից մի քանի վրացական գյուղերի ոչնչացմանն ի պատասխան: Արձագանքելով Հարավային Օսիայում սկսված իրադարձություններին՝ Ռուսաստանը սկսել է «խաղաղության պարտադրման» գործողություններ՝ հիմք ընդունելով ռուս խաղաղապահների վրա հարձակումները:

Պաշտոնական Թբիլիսին Ռուսաստանի գործողությունները որակում է «ագրեսիա», մինչդեռ Մոսկվան դրանք անվանում է«խաղաղապահ օպերացիա»:

2008թ. օգոստոսի ռազմական գործողություններից հետո Ռուսաստանը ճանաչել է Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախությունը: 2008թ. սեպտեմբերի 2-ին վրացական կողմը որոշում է ընդունել Ռուսաստանի Դաշնության հետ դիվանագիտական կապերը խզելու մասին:

Ստելլա Մեհրաբեկյան

Մեկնաբանել