Եվրոպայի դռները լայնորեն բաց են Հայաստանի առջև․ Բելգիայի Սենատի նախագահ

Եվրոպայի դռները լայնորեն բաց են Հայաստանի հետ համագործակցության հետագա զարգացման և ամրապնդման համար․ այս մասին հայտարարել է Բելգիայի Սենատի նախագահ Քրիստին Դըֆրենյը ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ հանդիպմանը։

Ինչպես հաղորդում են կառավարության մամուլի ծառայությունից, պաշտոնական այցով Երևանում գտնվող բելգիացի պաշտոնյան իր երկրի աջակցությունն է հայտնել Հայաստան-Եվրոպական Միություն կապերի ընդլայնման գործում։

Բելգիայի Սենատի նախագահը նշել է, որ չնայած Հայաստանի և իր երկրի միջև առկա գերազանց հարաբերություններին՝ անհրաժեշտ է հետևողականորեն ընդլայնել երկկողմ համագործակցությունը տարբեր ոլորտներում, այդ թվում՝ տնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների, առողջապահության, կրթության և մշակույթի:

Կարեն Կարապետյանն իր հերթին նշել է, որ ՀՀ կառավարությունը շահագրգիռ է ակտիվացնելու Բելգիայի հետ քաղաքական երկխոսությունը, առավել բազմաբնույթ դարձնելու առևտրատնտեսական հարաբերությունները և խորացնելու համագործակցությունը կրթության և մշակույթի ոլորտներում: Նա ընդգծել է, որ առաջիկայում կառավարությունը տարբեր խողովակներով, այդ թվում՝ դեսպանությունների միջոցով միջազգային գործընկերներին կներկայացնի ներդրումային ծրագրերի փաթեթ։

Կարապետյանը բարձր է գնահատել Բելգիայի կողմից ինչպես ֆինանսական, այնպես էլ մասնագիտական և տեխնիկական օժանդակությունը Հայաստանում ժամանակակից Ուռուցքաբանության գերազանցության կենտրոնի ստեղծման գործում։

Զրուցակիցները կարևորել են Brussels Airlines ավիաընկերության մուտքը հայաստանյան շուկա և վստահություն հայտնել, որ այն կնպաստի մեր երկրների միջև հարաբերությունների ակտիվացմանն ու զբոսաշրջության զարգացմանը:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը և Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը:

Վարչապետը կարևորել է ԼՂ հարցի վերաբերյալ Բելգիայի հավասարակշռված դիրքորոշումը՝ համահունչ ԵՄ ընդհանուր մոտեցումներին, ինչպես նաև ողջունել Բելգիայի խորհրդարանականների այցերը Արցախ: Նա բարձր է գնահատել այն փաստը, որ դեռևս 1998թ. Բելգիայի Սենատն ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը և ավելացրել, որ 2015-ին Ներկայացուցիչների պալատի կողմից ընդունված բանաձևով ամբողջացել է Բելգիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը։

Քրիստին Դըֆրենյն ընդգծել է, որ Բելգիան պատրաստ է իր օժանդակությունը ցուցաբերել ԼՂ խնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին և կարևորել տարածաշրջանում երկարատև խաղաղության ու անվտանգության ապահովումը: