Մոսկվայում կապարակնքել են Amnesty International-ի գրասենյակը

Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպության գրասենյակի դուռը Մոսկվայի քաղաքային իշխանությունների կողմից կապարակնքվել է․ այս մասին ինչպես լրատվամիջոցների հետ զրույցում, այնպես էլ սոցցանցերում հայտնել են կազմակերպության աշխատակիցները։

«Մենք գաղափար չունենք՝ ինչի հետ է դա կապված։ Երբ այսօր առավոտյան՝ ժամը 10:30-ի սահմաններում, աշխատակիցները եկել են գրասենյակ, որը գտնվում է Մոսկվայի կենտրոնում, հայտնաբերել են, որ դուռն ըստ ամենայնի կոտրել են»,- BBC-ին ասել է ՌԴ-ում ներկայացուցչության ղեկավար Սերգեյ Նիկիտինը։

Նա տեղեկացրել է, որ դռան վրա փակցված էր Մոսկվայի քաղաքային գույքի դեպարտամենտի կնիք և հեռախոսահամարներ, որոնցով, ինչպես ենթադրվում է, պետք է զանգահարել իրավիճակը պարզելու համար, սակայն հեռախոսազանգերին ոչ ոք չի պատասխանում։

Նիկիտինն ասել է, որ իրենց ոչ մի բանի մասին չեն նախազգուշացրել, նոյեմբերի համար վարձակալության գումարը վճարված է։

Amnesty International-ի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ ասված է, որ փոխված են գրասենյակի կողպեքները, անջատված է ազդանշանային համակարգը։

Դռան վրա փակցված թղթերից մեկի վրա գրված է․ «Օբյեկտը հանդիսանում է ՌԴ սուբյեկտի սեփականություն։ Առանց դեպարտամենտի ներկայացուցչի գրասենյակ մտնելն արգելվում է»։

Կազմակերպության մեկ այլ աշխատակից՝ Իվան Կոնդրատենկոն, Ֆեյսբուքում գրել է, որ աշխատակազմի համակարգիչները, փաստաթղթերը, անձնական իրերը՝ ամեն ինչ մնացել է կապարակնքված դռների հետևում։ Էլեկտրականությունն անջատված է, և այդ ամենն առանց նախազգուշացման։

Վերջինս ուշադրություն է հրավիրել այն փաստին, որ բոլոր քսան տարիներին վարձակալության գումարը վճարվել է բարեխղճորեն։

«Դա Amnesty-ի առաջին և առայժմ միակ գրասենյակն էր Ռուսաստանում»,- գրել է Կոնդրատենկոն։

Reuters գործակալությունը մեկնաբանության համար դիմել է Մոսկվայի քաղաքային գույքի դեպարտամենտին, սակայն այնտեղից պատասխանել են, որ դեռ չեն կարող մեկնաբանել իրավիճակը։

Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հիմնվել է 1961թ․ Բրիտանիայում։ Առաքելությունն է՝ ուշադրություն հրավիրել մարդու իրավունքների խախտումներին։ Իր աշխատանքի համար Amnesty-ն արժանացել է Խաղաղության Նոբելյան մրցանակի։

Վերջին տարիներին մի շարք միջազգային ոչ կառավարական կազմակերպություններ դադարեցրել են իրենց գործունեությունը Ռուսաստանում՝ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի առնչությամբ։

Նախօրեին ՌԴ-ում Amnesty-ի ներկայացուցչությունը պահանջել էր ռուսաստանյան իշխանություններից անհապաղ ազատ արձակել «չարտոնված» հանրահավաքների բազմիցս մասնակցած Իլդար Դադինին և հետաքննել իր նկատմամբ գաղութում կիրառվող կտտանքների մասին վերջինիս հաղորդագրությունները։

Իլդար Դադինը 2015թ․ դատապարտվել էր երեք տարվա ազատազրկման Մոսկվայում հակակառավարական ցույցերին մասնակցելու համար։ Օրերս հրապարակվել է Դադինի նամակը, որում նա մանրակրկիտ պատմել է գաղութում իր հանդեպ անմարդկային վերաբերմունքի մասին։

Ստելլա Մեհրաբեկյան

Մեկնաբանել