Նպատակը վարորդներից փող կորզելը չպետք է լինի․ Սերժ Սարգսյան

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 2-ին խորհրդակցություն է անցկացրել ճանապարհային երթևեկության կանոնների նկատմամբ վերահսկողական համակարգերի և վճարովի ավտոկայանատեղերի կազմակերպման ծրագրի վերաբերյալ հարցերի քննարկման նպատակով:

Ինչպես հաղորդում են նախագահի մամուլի գրասենյակից, հանդիպմանը Սարգսյանն իր մոտեցումներն ու դիտարկումներն է ներկայացրել քննարկվող թեմայի վերաբերյալ և տվել համապատասխան հանձնարարականներ։

«Երեք-չորս տարի առաջ, հաշվի առնելով Երևանում և ընդհանրապես հանրապետությունում մեքենաների թվի անշեղորեն աճը և սրա հետ կապված նաև անհարմարությունների ավելացումը, մենք, ուսումնասիրելով միջազգային փորձը, որոշում կայացրեցինք պետություն-մասնավոր համագործակցության միջոցով սկզբից Երևանում, այնուհետև նաև հանրապետության հիմնական մայրուղիներում ներդնել համապատասխան համակարգ, որի նպատակն էր քչացնել մարդկային գործոնի ազդեցությունն այդ պրոցեսների վրա, պետավտոտեսուչներին հնարավորինս զերծ պահել ճնշումներից, քչացնել նրանց կողմից կոռուպցիոն ռիսկերի առկայությունը: Արդյունքում մենք շատ լավ գիտակցելով, որ կունենանք դժգոհություններ, շահարկումներ, այսօր եկանք այն եզրակացության, որ, իհարկե, զգալի աշխատանք է կատարվել, թեև դրանից դժգոհությունները չեն քչացել: Հասկանալի է: Բայց մյուս կողմից մենք պարտավոր ենք արձանագրել, որ բարձրացել է վարորդների իրավագիտակցության մակարդակը, որոշակի խնդիրներ լուծվել են, սակայն ամեն հանգրվանում մենք պետք է ունենանք նոր մոտեցումներ:

Մեկ տարի առաջ մենք այստեղ խորհրդակցություն անցկացրեցինք, մեկ անգամ ևս ընդգծեցինք, որ այդ համակարգերի ներդրումը պայմանավորված չէր ֆինանսական ակնկալիքներով, և տուգանքները ոչ թե վարորդներից փող կորզելու միջոց են, այլ դրանք կանխարգելիչ բնույթ ունեն: Այսինքն` տուգանքը նպատակ չի, ընդամենը միջոց է, որպեսզի այդ խնդիրները կարգավորվեն: Եվ մենք հանձնարարություն տվեցինք համապատասխան մարմիններին՝ մեկ անգամ ևս ուշադրությամբ ուսումնասիրել ողջ գործընթացը, և եթե որոշակի խնդիրներ կային, ապա դրանց տալ լուծումներ: Սկսած հենց երթևեկության կանոնների կարգավորումից, ավարտած տուգանքների չափերով:

Այս խորհրդակցությունը երկու նպատակ ունի: Նախ՝ հասկանալ, թե նախորդ խորհրդակցության արդյունքում ի՞նչ է կատարվել և երկրորդ՝ հայտարարել, որ մեր կարծիքով, մենք եկել, հասել ենք այն փուլին, երբ այդ համակարգերը շահագործող ընկերությունները, կատարելով մեծ ներդրումներ, որոշակի ֆինանսական խնդիրներ են լուծել, և ժամանակն է, որպեսզի ողջ ֆինանսական հոսքերը կառավարվեն համապատասխան պետական և համայնքային կառույցների կողմից: Ուրեմն, հանձնարարական կառավարությանը՝ լուծել այս հարցը` բնականաբար, հաշվի առնելով սեփականության անձեռնմխելիությունը ու նաև պետության ու համայնքի շահերը: Ես կարծում եմ, որ լուծումները կան, և այդ լուծումները նաև պիտի բերեն մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը: Նույն հանձնարարությունը ոստիկանապետին, Երևանի քաղաքապետին: Եվ ժամկետների առումով, կարծում եմ, որ մեկ շաբաթը կամ տասը օրը բավարար է, որպեսզի համապատասխան բանակցություններ վարվեն և որոշումներ կայացվեն: Մեկ անգամ ևս կրկնում եմ՝ այս պարագայում ևս նպատակը վարորդներից փող կորզելը չպետք է լինի, նպատակը պետք է լինի մեր քաղաքացիների համար հարմարավետ պայմանների ստեղծումը»,- ասել է նա:

Ամփոփելով խորհրդակցության արդյունքները՝ Սերժ Սարգսյանը հանձնարարել է ՀՀ ոստիկանության պետին և առաջարկել Երևանի քաղաքապետին՝ «Սեքյուրիթի դրիմ» ՍՊԸ և «Փարկինգ Սիթի Սերվիս» ու «Լոկատոր» ՓԲԸ կոնսորցիումի հետ բանակցությունների արդյունքում 10-օրյա ժամկետում համապատասխան իրավական մեխանիզմներ մշակել, որպեսզի սեփականության ձևով պայմանավորված նրանց գործառույթները, այդ թվում՝ ֆինանսական հոսքերի տնօրինումն ու կառավարումն անցնեն պետական և համայնքային կառույցներին: Միաժամանակ, քննարկել այդ համակարգերում մարդկային գործոնի ազդեցության նվազեցմանն ու կողմնակի միջամտությունները բացառող բոլոր վերահսկողական կառուցակարգերի լիարժեք պահպանման ու շարունակական կատարելագործման հնարավորությունները՝ համապատասխան առաջարկությունները ներկայացնելով կառավարության քննարկմանը:

ՀՀ ոստիկանության պետին հանձնարարվել է նաև շահագրգիռ պետական և համայնքային մարմինների հետ համատեղ ուսումնասիրել երթևեկության կանոնների նկատմամբ վերահսկողության և վճարովի ավտոկայանատեղերի կանոնակարգման ծառայությունների մատուցման ոլորտում անհրաժեշտ որակական նոր չափանիշների ներդրման անհրաժեշտությունը՝ համապատասխան առաջարկությունները ներկայացնելով կառավարության քննարկմանը: Մինչև տարեվերջ ձեռնամուխ լինել ճանապարհային ոստիկանության համակարգի բարեփոխումների հայեցակարգի մշակմանը ու ընդունմանը՝ սահմանելով հստակ ժամկետներ և չափելի, էական արդյունքներ: Լրացուցիչ միջոցառումներ մշակել վարչական տույժերի նշանակման վերաբերյալ քաղաքացիների պատշաճ իրազեկման գործող մեխանիզմների կատարելագործման ուղղությամբ՝ համապատասխան առաջարկությունները ներկայացնելով կառավարության քննարկմանը:

Արդարադատության նախարարին հանձնարարվել է ՀՀ ոստիկանության պետի հետ համատեղ քննարկել և 20-օրյա ժամկետում միջոցներ ձեռնարկել վարչական տույժերի հարկադիր կատարման հետ կապված արգելանք դնելու մասին պատշաճ ծանուցումն ապահովելու անհրաժեշտ գործիքակազմի ներդրման ուղղությամբ:

Մեկնաբանել