Վարչապետը հանձնարարել է ապօրինի հարստացումը քրեականացնող նախագիծ ներկայացնել

 

Կառավարության նոյեմբերի 3-ի նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը արդարադատության նախարարությանը տվել է կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտին վերաբերող հանձնարարականներ, որոնք բխում են կառավարության ծրագրից։

Ինչպես հաղորդում են կառավարության մամուլի ծառայությունից, առաջին հանձնարարականը վերաբերել է ապօրինի հարստացման քրեականացմանը․ «Այն դեպքերում, երբ պաշտոնատար անձի ակտիվների աճն էականորեն գերազանցում է նրա օրինական եկամուտները, նա պետք է ենթարկվի քրեական պատասխանատվության: Հանձնարարում եմ արդարադատության նախարարին՝ երկշաբաթյա ժամկետում նախագիծը ներկայացնել կառավարություն»:

Վարչապետը նշել է, որ ապօրինի հարստացման նախագծի հետ անհրաժեշտ է ներկայացնել կանխիկ գործառնությունները սահմանափակող օրենքի նախագիծ․ «Այսպես կոչված, կեղծ փոխառությունները, կեղծ նվիրատվությունները հիմնականում կատարվում են կանխիկ եղանակով, և գործընթացը դարձնում են սկզբունքորեն անվերահսկելի: Շատ դեպքերում պարզ չէ` արդյոք հայտարարագիր ներկայացրած անձն իրականում ստացել է հայտարարագրում նշված փոխառությունը, թե ոչ: Այս խնդիրների լուծման նպատակով հանձնարարում եմ արդարադատության նախարարին` Կենտրոնական բանկի հետ համատեղ երկշաբաթյա ժամկետում կառավարության քննարկման ներկայացնել կանխիկ գործառնությունների սահմանափակման օրենքի նախագիծը»:

Կարեն Կարապետյանի մյուս հանձնարարականը վերաբերել է հակակոռուպցիոն մասնագիտացված մարմնի կատարելագործմանը: Նա նշել է, որ նախ անհրաժեշտ է ընդլայնել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի լիազորությունները` սահմանելով և´ կրթական, և´ կոռուպցիայի կանխարգելման գործառույթներ․ «Բացի դրանից՝ անհրաժեշտ է նաև կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարող իրավապահ մարմինների գործունեությունը դարձնել առավելագույնս հաշվետվողական: Այդ նպատակով պետք է օրենքով սահմանել պահանջ, որ այդ մարմինները կոռուպցիայի դեմ իրենց կատարած քայլերի մասին յուրաքանչյուր տարի պետք է հանրային հաշվետվություն ներկայացնեն: Հանձնարարում եմ արդարադատության նախարարին` մեկամսյա ժամկետում ներկայացնել համապատասխան օրենսդրական նախագիծ»:

Վարչապետի կարծիքով՝ անհրաժեշտ է անդրադառնալ նաև հայտարարագիր ներկայացնող անձանց շրջանակի ընդլայնմանը․ «Իհարկե, ներկայում արդեն պաշտոնատար անձանց մի ստվար զանգված, օրինակ` կառավարության անդամները, դատավորները և այլն, ներկայացնում են հայտարարագիր, բայց կան պաշտոնատար անձինք, ովքեր, այս ցանկում ընդգրկված չլինելով, ընդգրկված են, օրինակ, խոշոր պետական գնումների գործընթացում կամ տարբեր այլ, կոռուպցիոն տեսանկյունից «ռիսկային» գործունեության մեջ: Այդ իսկ պատճառով արդարադատության նախարարին հանձնարարում եմ երեքշաբաթյա ժամկետում կառավարություն ներկայացնել առաջարկություն, հայտարարագիր ներկայացնող անձանց շրջանակի ընդլայնման վերաբերյալ՝ ելնելով ռիսկայնությունից»:

Կարապետյանի հինգերորդ հանձնարարականը վերաբերել է, այսպես կոչված, ազդարարների համակարգին․ «Տարբեր երկրներում այս ոլորտում առկա փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դասական մոտեցումները մեր երկրի համար այդքան էլ արդյունավետ չեն կարող լինել: Եթե այլ երկրներում ձևավորված մոտեցում է պաշտպանության նպատակով ազդարարներին մեկ բնակավայրից մյուսը տեղափոխելը, ապա նույնը Հայաստանում արդյունավետ լինել չի կարող: Ուստի արդարադատության նախարարին հանձնարարում եմ երկամսյա ժամկետում մշակել արդյունավետ եղանակներ ազդարարների համակարգը ներդնելու ուղղությամբ»:

Արդարադատության նախարարին հանձնարարվել է նաև կազմակերպել հանդիպումներ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, ընդդիմության և բոլոր շահագրգիռ կողմերի հետ և ըստ անհրաժեշտության՝ ներկայացնել առաջարկ Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի կազմավորման սկզբունքների, ինչպես նաև կազմի վերանայման վերաբերյալ:

Նիստի ընթացքում Կարեն Կարապետյանն անդրադարձել է նաև հասարակական կարգապահությանն ու առողջ ապրելակերպին և նշել է, որ 18 տարին չլրացած անձանց ծխախոտ և ալկոհոլային խմիչքներ վաճառելու հետ կապված հասարակության արձագանքները և իրականացված ուսումնասիրության արդյունքները բավականին մտահոգիչ են: «Խնդրի նկատմամբ վերահսկողություն իրականացնողը, գործող օրենսդրությամբ, տեղական ինքնակառավարման մարմիններն են, որոնք լիազորված են կիրառելու վարչական տույժեր 18 տարին չլրացած անձանց ծխախոտ և ալկոհոլային խմիչքներ վաճառելու դեպքում: Առաջարկում եմ տեղական ինքնակառավարման մարմիններին պատշաճ հսկողություն իրականացնել խնդրի նկատմամբ: Այս առումով անհրաժեշտ է նաև ուշադրություն դարձնել տարբեր սրճարաններին, ակումբներին և զվարճանքի այլ վայրերին», – ասել է նա:

Լուսանկարը՝ ՍիվիլՆեթի