Վճարովի ավտոկայանատեղերի և ճանապարհային տեսախցիկների հարցերով աշխատանքային խմբեր կձևավորվեն

Վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության նոյեմբերի 3-ի նիստում անդրադարձել է ճանապարհային երթևեկության կանոնների նկատմամբ վերահսկողական համակարգերի և վճարովի ավտոկայանատեղերի կազմակերպման գործընթացին և տվել համապատասխան հանձարարականներ։

Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին վարչապետը հանձարարել է, ըստ անհրաժեշտության, ներգրավելով նաև ֆինանսների և արդարադատության նախարարությունների ներկայացուցիչներին, բանակցել «Սեքյուրիթի Դրիմ» ընկերության [Հայաստանում արագաչափերն ու տեսախցիկները ներկրում է այս ընկերությունը – խմբ․] հետ և մեկշաբաթյա ժամկետում ներկայացնել իրավական լուծումներ, որպեսզի այս ընկերության՝ սեփականության ձևով պայմանավորված գործառույթները, այդ թվում՝ ֆինանսական հոսքերի ամբողջական տնօրինումն ու կառավարումն անցնեն պետական կառույցներին:

Ֆինանսների և արդարադատության նախարարներին Կարեն Կարապետյանը հանձնարարել է աջակցել Երևանի քաղաքապետին «Փարկինգ սիթի սերվիս» և «Լոկատոր» կոնսորցիումի [կազմակերպում է Երևանում վճարովի ավտոկայանատեղերի մատուցման ծառայությունը – խմբ․] հետ բանակցություններում և մեկշաբթայա ժամկետում ներկայացնել իրավական լուծումներ, որպեսզի սեփականության ձևով պայմանավորված նրանց գործառույթները, այդ թվում՝ որ ֆինանսական հոսքերի ամբողջական տնօրինումն ու կառավարումն անցնեն համայնքային կառույցներին։

ՀՀ ոստիկանապետին հանձնարարվել է նաև մինչև նոյեմբերի 30-ը ներկայացնել ճանապարհային ոստիկանության համակարգի բարեփոխումների հայեցակարգ՝ սահմանելով հստակ ժամկետներ և չափելի, էական արդյունքներ; շահագրգիռ պետական և համայնքային մարմինների հետ համատեղ ուսումնասիրել և ներկայացնել առաջարկություն՝ երթևեկության կանոնների նկատմամբ վերահսկողության և վճարովի ավտոկայանատեղերի կանոնակարգման ծառայությունների մատուցման ոլորտում անհրաժեշտ որակական նոր չափանիշների ներդրման անհրաժեշտության վերաբերյալ:

Արդարադատության նախարարին հանձնարարվել է քննարկել և 20-օրյա ժամկետում ներկայացնել առաջարկություն վարչական տույժերի հարկադիր կատարման հետ կապված արգելանք դնելու մասին պատշաճ ծանուցումն ապահովելու անհրաժեշտ գործիքակազմի ներդրման ուղղությամբ, ինչպես նաև ոստիկանապետի հետ համատեղ ներկայացնել առաջարկություն վարչական տույժերի նշանակման վերաբերյալ քաղաքացիների պատշաճ իրազեկման գործող մեխանիզմների կատարելագործման ուղղությամբ:

Մայրաքաղաքում վճարովի ավտոկայանատեղիների կազմակերպման գործընթացի հետ կապված այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը՝ ֆինանսական, իրավաբանական և տրանսպորտի ոլորտների պատասխանատուներին հանձնարարելով աշխատանքային խմբի միջոցով, «Փարկինգ սիթի սերվիս»-ի հետ քննարկել համայնք-մասնավոր համագործակցության ձևաչափը փոխելու հնարավորությունները։

***

Սերժ Սարգսյանը նոյեմբերի 2-ին խորհրդակցություն էր անցկացրել ճանապարհային երթևեկության կանոնների նկատմամբ վերահսկողական համակարգերի և վճարովի ավտոկայանատեղերի կազմակերպման ծրագրի վերաբերյալ հարցերի քննարկման նպատակով: Ի թիվս այլնի՝ նա հանձնարարել էր «Սեքյուրիթի դրիմ» ՍՊԸ և «Փարկինգ սիթի սերվիս» ու «Լոկատոր» ՓԲԸ կոնսորցիումի հետ բանակցությունների արդյունքում 10-օրյա ժամկետում համապատասխան իրավական մեխանիզմներ մշակել, որպեսզի սեփականության ձևով պայմանավորված նրանց գործառույթները, այդ թվում՝ ֆինանսական հոսքերի տնօրինումն ու կառավարումն անցնեն պետական և համայնքային կառույցներին:

Մեկնաբանել