Կառավարությունը որևիցե ձևով չի սուբսիդավորելու գազ մատակարարող ընկերությանը

Բյուջեն, կառավարությունը որևիցե ձևով չի սուբսիդավորում գազ մատակարարող ընկերությանը․ այս մասին կառավարության նոյեմբերի 3-ի նիստում հայտարարել է վարչապետ Կարեն Կարապետյանը՝ անդրադառնալով գազի սակագների առաջիկա փոփոխությանը։

Նա նշել է, որ 10 հազ․ խմ-ից ավելի գազ սպառողի համար սակագինը 257.56 դոլարից կդառնա 242.1 դոլար: Եթե այդ կազմակերպությունը սպառում է ավելի գազ, քան նախկինում սպառել է, ապա ավելի սպառած գազի սակագինը կարող է դառնալ 212 դոլար․ «Այսպիսով՝ «Գազպրոմ Արմենիա»-ն փորձ է անում մոտիվացնել, որպեսզի շուկան մեծանա, ընդլայնվի և բիզնեսը հնարավորություն ունենա իր ինքնարժեքի վրա, շուկայի մեծացման հաշվին աշխատի և բիզնեսը շահավետ դառնա»:

Մինչև 10 հազ․ խմ սպառում ունեցող բնակչության համար սակագինը 146.7 դրամից կդառնա 139 դրամ, սոցիալապես անապահովների համար՝ 100 դրամ: Կարեն Կարապետյանը հանձնարարել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը՝ «Գազպրոմ Արմենիա»-ի հետ միասին մինչև հունվարի 1-ը ճշտել սոցիալապես անապահովների ցանկը:

Ինչ վերաբերում է ջերմոցներին և գյուղմթերքներ վերամշակող ձեռնարկություններին, ապա գազի սակագինը 257.56 դոլարից դառնում է 212 դոլար․ «Ավելի քան 45 դոլարի նվազեցման արդյունքում այդ ձեռնարկությունները հնարավորություն կունենան ընդլայնվել»:

Վարչապետի խոսքով՝ գազի սակագները նվազեցնելու համար հիմք է ծառայել չորս գործոն՝

1. հունվարի 1-ից ավարտվում է Վրաստանի հետ տրանզիտի պայմանագիրը և ակնկալիքներ կան, որ տրանզիտի գինը կնվազի,

2. սակագների նվազեցման արդյունքում «Գազպրոմ Արմենիա»-ն ակնկալում է շուկայի ընդլայնում, որը կբերի մեկ միավոր վաճառքի մարժայի նվազեցմանը,

3. «Գազպրոմ Արմենիա»-ի ֆինանսական ծախսերի օպտիմալացման ծրագրի իրականացումը՝ ուղղված ընկերության ֆինանսական պարտավորությունների նվազեցմանը և ներդրումային ծրագրերի վերանայմանը,

4. «Գազպրոմ Արմենիա»-ի միակ բաժնետերը շուկայի ընդլայնման և կայունացման համար ֆինանսական ռիսկերը, որոնք կառաջանան այս ընկերությունում, վերցնում է իր վրա:

Վարչապետը կրկին հանձնարարել է բոլոր նախարարություններին և գեչատեսչություններին վերանայել իրենց պաշտոնական կայքերի թեժ գծերի աշխատանքը, նշել կոնկրետ ոլորտների պատասխանատուների տվյալները, որպեսզի հարցադրումները ներկայացվեն՝ ըստ հասցեականության: «Այդ իսկ պատճառով, եթե ձեր դաշտում դուք ձեր բեռը չվերցնեք, ապա ամբողջը տեղափոխվելու է այստեղ, ինչը արդյունավետ չէ»,- ասել է Կարեն Կարապետյանը՝ հավելելով, որ իր խորհրդականները, օգնականներն այս օրերին ստացել են 2156 հեռախոսազանգ, 586 էլեկտրոնային հաղորդագրություն, ունեցել՝ 100-ից ավելի հանդիպումներ: