Թուրքիայում ձերբակալվել է Սելահաթթին Դեմիրթաշը, քրդական շարժման առաջնորդները

Թուրքիայում ահաբեկչության դեմ պայքարի շրջանակում ձերբակալվել են Թուրքիայի խորհրդարանի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության  համանախագահներ Սելահաթթին Դեմիրթաշն ու Ֆիգեն Յուքսեքդաղը, ինչպես նաև կուսակցության ևս ինը պատգամավոր, որոնք հիմնականում ընտրվել էին Թուրքիայի հարավարևելյան քրդաբնակ շրջաններից: 

Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավորները մեղադրվում են ահաբեկչական կառույց «Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) օգտին քարոզչություն իրականացնելու», «հանցագործություններն ու հանցագործին գովաբանելու»,  «ժողովրդին շրջանում ատելություն ու թշնամություն սերմանելու»,  «ահաբեկչական զինյալ խմբավորման անդամ լինելու», «Թուրքիայի միությունն ու  ամբողջականությունը խախտելու փորձի» մեջ:

Սա վերջին շրջանում Թուրքիայում սկսված  ձերբակալությունների շղթայի  մի օղակ չէ: Սպասվում է, որ  երկրում  վիճակը կարող է կտրուկ լարվել:  Արդեն այսօր առավոտյան Դիարբեքիրում պայթեցվել է Ահաբեկչության դեմ պայքարի գրասենյակը: Կառավարամետ մամուլի տարածած լուրերի համաձայն` իրականացնողը PKK-ն է:

Հնարավոր է նաև Քրդստանի աշխատավորական կուսակցությունը կտրուկ քայլերի դիմի կամ աշխուժացնի Թուրքիայի պետական հիմնարկությունների դեմ հարձակումները:

Վերջին ամսիներին Սելահեթթին Դեմիրթաշի դեմ քարոզչություն էր իրականացվում,  փորձում էին վարկաբեկել ու հեղինակազրկել  նրան: Այս կոնտեքստում պետք է հասկանալ համացանցում պարբերաբար շրջանառվող ստահոդ լուրերը, թե Դեմիրթաշը էթնիկ հայ է` որպես փաստարկ ներկայացնելով այն հանգամանքը, որ նա քրդերեն լավ չի խոսում:

Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը իր նպատակն է հռչակել Թուրքիայում ժողովրդավարության հաստատումը:  Քրդամետ այս կուսակցության անդամ է նաև  Ստամբուլից ընտրված հայազգի պատգամավոր Կարո Փայլանը: