Պաշտոնապես բացվել է Բագրատաշենի սահմանային նոր անցակետը

Նոյեմբերի 4-ին տեղի է ունեցել Բագրատաշենի նորակառույց սահմանային անցման կետի պաշտոնական բացման արարողությունը։ Ինչպես հաղորդում են ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից, բացման արարողությանը մասնակցել է Սերժ Սարգսյանը։ Բացմանը ներկա է եղել նաև այդ արարողության կապակցությամբ Հայաստան ժամանած Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի գլխավորած պատվիրակությունը:

ՀՀ պետական սահմանի անցակետերի արդիականացման գործընթացը մեկնարկել է 2010թ․՝ ՀՀ սահմանային անվտանգության և պետական սահմանի համալիր կառավարման ռազմավարություն հաստատելու մասին ՀՀ նախագահի կարգադրությամբ, որին հաջորդել է 2011թ․ այդ ռազմավարության իրականացմանն ուղղված 2011-2015 թթ. միջոցառումների ծրագրի հաստատումը:

2012թ․ օգոստոսին ՀՀ կառավարությունը և Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագիրը ստորագրել են «ՀՀ պետական սահմանի Բագրատաշեն, Բավրա և Գոգավան անցման կետերի արդիականացում» ծրագիրը, որի ընդհանուր բյուջեն 52.13 մլն եվրո է:

Սահմանային վերոնշյալ անցումային կետերի արդիականացման ծրագրի վերջնաժամկետը սահմանվել է երկու փուլով՝ նախատեսելով, որ առաջին փուլում շահագործման կհանձնվեն Բագրատաշենի և Գոգավանի անցակետերը, երկրորդ փուլում՝ Բավրայի անցակետը: Բավրայի անցակետում աշխատանքները դեռևս շարունակվում են:

Գոգավան անցման կետից ՀՀ ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Սամվել Ավետիքյանը ուղիղ տեսակապով զեկուցել է, որ Գոգավան անցման կետի տեխնիկական մեկնարկը ևս տրվել է, և անցակետը գործում է բնականոն։

Սերժ Սարգսյանը կարևորել է անցակետերի տեխնիկական մեկնարկից հետո դրանց պատշաճ շահագործումը, ժամանակակից պահանջներին համապատասխան որակյալ ծառայությունների մատուցումը այնտեղ տեղակայված բոլոր մարմինների կողմից՝ ընդգծելով, որ սահմանային անցման կետից է սկսվում կարծիքը մեր երկրի մասին:

Բագրատաշենի նորակառույց սահմանային անցման կետի պաշտոնական բացման արարողությունից հետո Սերժ Սարգսյանը և Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին այցելել են հայ-վրացական «Բարեկամության կամրջի» կառուցման համար նախատեսված տարածք, ծանոթացել կամրջի կառուցման նախապատրաստական աշխատանքներին:

Հայաստանի և Վրաստանի պետական սահմանի «Սադախլո-Բագրատաշեն» անցման կետի տարածքում՝ Դեբեդ գետի վրա գործող կամուրջը կառուցվել է դեռևս 1960-ական թվականներին և ներկայիս վիճակով չի կարող ծառայել իր նպատակներին: Ըստ այդմ՝ որոշում է կայացվել կառուցել նոր, ժամանակակից, միջազգային չափորոշիչներին համապատասխանող կամուրջ։

Հայաստանը Վրաստանին կապող կամրջի շինարարությունը կմեկնարկի 2017թ.։

Նախատեսվում է, որ կառուցվող կամուրջն ավելի կդյուրինացնի երկու երկրների բեռնափոխադրումների և ուղևորափոխադրումների սպասարկման որակը, կապահովի ժամանակի խնայողություն, անվտանգ և հարմարավետ շարժ սահմանային անցակետերով։ Այն նաև կնպաստի ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների սպասարկման որակի բարձրացմանն ու ժամանակի խնայողությանը, կդյուրինացնի առևտուրը Վրաստանի, Ռուսաստանի և եվրոպական երկրների հետ: