Եվրոպան դատապարտում է Թուրքիայում քրդական գործիչների դեմ գործողությունները

Եվրոպայի քաղաքական գործիչները դատապարտել են Թուրքիայի կառավարության հետապնդումները ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP) անդամների դեմ։

Deutsche Welle-ի փոխանցմամբ՝ նոյեմբերի 4-ին Թուրքիայի գործերի հավատարմատարը կանչվել է Գերմանիայի ԱԳՆ։ Գերատեսչության խոսնակ Սավսան Չեբլին հայտարարել է, որ երկրի արտաքին գերատեսչության ղեկավար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը ձերբակալությունները դիտարկում է որպես Թուրքիայում «իրավիճակի կտրուկ խորացում»։

Դանիայի արտաքին գործերի նախարար Քրիստիան Յենսենը նույնպես հայտարարել է Դանիայում թուրք դեսպանին ԱԳՆ կանչելու և ձերբակալությունների առնչությամբ «խոր մտահոգություն» հայտնելու մասին։ Նման հայտարարությամբ է հանդես եկել նաև Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը։

Եվրոպական միության միասնական արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին Թուրքիայի զարգացումներին արձագանքել է Թվիթերում․ «Չափազանց մտահոգ եմ HDP-ի Դեմիրթաշի և այլ պատգամավորների ձերբակալությամբ։ Կապի մեջ եմ իշխանությունների հետ։ Հրավիրվել է Անկարայում ԵՄ դեսպանների հավաք»։

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի խոսնակ Շտեֆեն Զայբերտը տեղեկացրել է, որ Գերմանիայի կառավարությունը կապ է պահպանում է իր թուրք գործընկերների հետ բոլոր մակարդակներում։ Զայբերտի խոսքով՝ Բեռլինն «ակնկալում է, որ Թուրքիայում բոլոր ձերբակալվածները կարժանանան արդար դատավարության»։

Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը մինչդեռ թերահավատություն է հայտնել Գերմանիայում ապրող թուրքերի հանդեպ արդարության հարցում։

«Սահմանադրական ժողովրդավարությունից և ազատություններից օգտվում են միայն գերմանացիները»,- ասել է Բոզդաղը՝ հավելելով, որ գերմանացիները չպետք է «դասեր տան» Թուրքիային։

«Նրանք պետք է տեսնեն և հասկանան, որ Թուրքիայի արդարադատության համակարգը նույնքան չեզոք է և անկախ, որքան գերմանականը»,- ասել է թուրք նախարարը։

Թուրքիայում ահաբեկչության դեմ պայքարի շրջանակում նոյեմբերի 4-ի լույս գիշերը ձերբակալվել են Թուրքիայի խորհրդարանի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» համանախագահներ Սելահաթթին Դեմիրթաշն ու Ֆիգեն Յուքսեքդաղը, ինչպես նաև կուսակցության մոտ մեկ տասնյակ պատգամավորներ, որոնք հիմնականում ընտրվել էին Թուրքիայի հարավարևելյան քրդաբնակ շրջաններից:

«Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» պատգամավորները մեղադրվում են Թուրքիայում ահաբեկչական կառույց հռչակված «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) օգտին «քարոզչություն իրականացնելու», «հանցագործություններն ու հանցագործին գովաբանելու», «ժողովրդի շրջանում ատելություն ու թշնամություն սերմանելու», «ահաբեկչական զինյալ խմբավորման անդամ լինելու», «Թուրքիայի միությունն ու ամբողջականությունը խախտելու փորձի» մեջ:

Ձերբակալություններին հաջորդել է Դիարբեքիրի անվտանգության վարչության շենքի պայթեցումը, որի արդյունքում զոհվել է ութ, վիրավորվել ավելի քան հարյուր մարդ։

Թուրքիայում տեղի ունեցածին արձագանքել է նաև HDP-ի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը:

«Մենք ապրում ենք 1915 թվականի ապրիլի 24-ը: Մենք թույլ չենք տալու ֆաշիստներին կրկին կրակի մատնել մեր երկիրն ու մեր երիտասարդ սերնդին»,- Թվիթերում գրել է Փայլանը։

Մեկ այլ սոցցանցում՝ Ֆեյսբուքում, Կարո Փայլանը գրել է, որ իրենք չեն ընկճվելու:

Գերմանիայի Կանաչների կուսակցության` թուրքական ծագում ունեցող համանախագահ Ջեմ Օզդեﬕրը, որը Բունդեսթագում Հայոց ցեղասպանության վերաբերյալ ընդունված բանաձևի համահեղինակն է, ֆեյսբուքյան իր գրառման մեջ Բունդեսթագի բոլոր ժողովրդավարական կուսակցություններին կոչ է արել համատեղ գործել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ։

Օզդեմիրը Deutsche Welle-ին ասել է, որ չի կարելի է թույլ տալ, որ Թուրքիան դեպի բռնապետություն շարժվի։

Ստելլա Մեհրաբեկյան

Մեկնաբանել