Թուրքիայում տեղի ունեցածը քաղաքական հեղաշրջում է․ Մուրադ Մըհչը

Թուրքիայի խորհրդարանում ներկայացված քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ) կենտրոնական գործադիր խորհրդի անդամ հայազգի Մուրադ Մըհչըն ՍիվիլՆեթին տված հարցազրույցում խոսել է կուսակցության համանախագահների ու պատգամավորների ձերբակալության մասին։

– Ինչպե՞ս կգնահատեք ԺԴԿ համանախագահների ու պատգամավորների ձերբակալությունը։

– Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության համանախագահների ու պատգամավորների ձերբակալությունը քաղաքական հեղաշրջում է։ Մենք դա գնահատում ենք որպես հարված ժողովրդավարական քաղաքականությանը։ Բացի համանախագահներից ու պատգամավորներից, ձերբակալվել են կուսակցության տարբեր կառույցների անդամներ։ Այդ ձերբակալությունները ևս իրականացվել են անօրինական ճանապարհով։

Պարզ ու հստակ է, որ տեղի ունեցածը քաղաքական հեղաշրջում է, որովհետև ձերբակալությունները չունեն որևէ իրավական հիմնավորում։ Կուսակցության համանախագահների ու պատգամավորների տան դռները ջարդելով ձերբակալելն արդեն իսկ ցուցիչ է, որ ցանկանում են ահաբեկել կուսակցությանը։

– ԺԴԿ նշանավոր գործիչների ձերբակալությունները պե՞տք է դիտարկել քրդական հարցի համատեքստում։

– Ավելի նեղ իմաստով այս ձերբակալությունները կարելի է քրդական հարցի համատեքստում քննարկել, սակայն ընդհանուր առմամբ սա Թուրքիայի ժողովրդավարության հարցն է։ Սա կարելի է գնահատել ահաբեկման գործողություն Թուրքիայի բոլոր այն ժողովուրդների ու խմբերի դեմ, որոնք սուննի-թուրք ինքնության կրողներ չեն։
Հնարավո՞ր է ձերբակալությունների շղթան հասնի նաև ԺԴԿ հայազգի պատգամավոր Կարո Փայլանին։
ԺԴԿ բոլոր գործիչները, այդ թվում՝ Կարո Փայլանը, թիրախում են։ Առաջին փուլում ձերբակալվել են քուրդ պատգամավորներն ու կուսակցության համանախագահները, սակայն, իհարկե, հնարավոր է, որ հերթը Կարո Փայլանին ու կուսակցության մյուս ներկայացուցիչներին և առհասարակ կառավարող «Արդարություն և զարգացում» կուսակցությանն ընդդիմացող այլ գործիչներին էլ հասնի։

Ես որպես «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» կենտրոնական գործադիր խորհրդի ներկայացուցիչ և որպես հայ կոչ եմ անում արձագանքել Թուրքիայում տեղի ունեցած քաղաքական հեղաշրջմանը և սատար կանգնել կուսակցությանը։

Գոռ Երանյան

Գլխավոր լուսանկարում՝ Սելահաթթին Դեմիրթաշը՝ (Reuters)։

Գ

Մեկնաբանել