Վեց ամիս հետո ընտրությունները իմ կառավարությանը խանգարում են. Կարեն Կարապետյան

Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարել է, որ վեց ամիս հետո կայանալիք ընտրություններն «իր կառավարությանը չափազանց խանգարում են»։ Tert.am-ի փոխանցմամբ՝ Լեռնային Ղարաբաղ կատարած այցի շրջանակում Տիգրանակերտ քաղաքում լրագրողների հետ զրույցում վարչապետ Կարապետյանն անդրադարձել է մի շարք հարցերի, այդ թվում՝ իշխող Հանրապետական կուսակցության հնարավոր անդամակցությանը։

«Կհայտարարեմ, եթե նման որոշում կայացնեմ: Նաև մոտիվացիան կհայտարարեմ»,- ասել է նա:

Դիտարկմանը, որ իր մի շարք քայլեր վերագրվում են նախընտրական իրողություններին, Կարեն Կարապետյանը պատասխանել է․«Նախ՝ նախընտրական չէ․ ես այսօր ստանձնել եմ վարչապետի պարտականությունները և իմ առաջին նպատակային ֆունկցիան տնտեսության մեջ ակտիվություն մտցնելն է, եթե որևիցե մեկն ուզում է մեկնաբանի, թե նախընտրական է, թող մեկնաբանի: Եթե նույնիսկ նախընտրական է՝ լա՞վ է, թե վա՞տ է»։

Վարչապետն ասել է, թե բոլորն են տեսնում, որ տնտեսությունը պասիվ է, ուստի քայլ պետք է անել, որպեսզի տնտեսությունն աշխուժանա, արդար միջավայր ստեղծվի: «Հիմա եթե ընտրություն չլիներ, պատկերացնենք այս շանսը կա՝ անեի՞նք, թե՞ չանեինք»,- ասել է նա և խոստովանել, որ իրականում վեց ամիս հետո կայանալիք ընտրությունները իր կառավարությանը չափազանց խանգարում են:

Վարչապետի խոսքով՝ նախընտրական ժամանակահատվածը ոչ մի երկրում ակտիվ չէ: «Սպասողական իրավիճակ է լինում՝ բիզնեսն է սպասում, հասարակությունն է սպասում: Ասել եմ, որ չափազանց կարևոր է հասարակության հետ հետադարձ կապ ունենանք, որ հասարակությունը մեզ հավատա, որովհետև մենք առանց աշխատող, գործարար, քաղաքացիական մտածողություն ունեցող մարդու երկրում բան չենք կարող փոխել»,- ասել է նա և նշել, որ առաջիկա վեց ամիսը պասիվ է լինելու տնտեսության համար՝ պայմանավորված նախընտրական իրավիճակով:

Հարցին, թե ընտրություններից հետո իրեն որ պաշտոնում է տեսնում, Կարեն Կարապետյանը պատասխանել է․ «Նախապես ասել, թե ինչ պաշտոնում եմ տեսնում, առնվազն կոռեկտ չէ»։

Լուսանկարում՝ Կարեն Կարապետյանը Արցախի առաջնագծում։

Մեկնաբանել