Օմբուդսմենը դիմել է արդարադատության նախարարություն՝ «Սասնա ծռերի»  վիրավորված անդամի հարցով

«Սասնա ծռեր» խմբավորման անդամ, «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում կալանքի մեջ գտնվող Հովհաննես Հարությունյանի վիրահատության հարցով Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը արդարադատության նախարարությանը գրություն է ուղարկել։ Հուլիսյան օրերին հրազենային վիրավորում ստացած Հովհաննես Հարությունյանի առողջության վատթարացման մասին հրապարակումներ էին եղել մամուլում, մասնավորապես, որ նրա ոտքը սևանում է, և վիրահատության կարիք կա։

Խնդրի մասին բարձրաձայնել էր նաև ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, որը հեռախոսազրույց էր ունեցել Մարդու իրավունքների պաշտպանի հետ։

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի տարածած հաղորդագրությունում նշվում է, որ իրենք այցելել են «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում կալանավորված Հովհաննես Հարությունյանին, և «այցելության հիման նախաձեռնվել է նաև հարցի քննարկման գրավոր ընթացակարգ»:

«Մասնավորապես, քրեակատարողական հիմնարկ կատարված հատուկ այցելության արդյունքներով՝ Հ. Հարությունյանի պահման պայմանների, նրան ցուցաբերվող բուժօգնության հարցերի, բժշկական փաստաթղթերի ուսումնասիրության, առողջական վիճակի կապակցությամբ նախապատրաստվել է Արդարադատության նախարարությանն ուղղված լրացուցիչ գրություն:

Դրանում, այլ հարցերի թվում, ևս մեկ անգամ բարձրացվել է Հովհաննես Հարությունյանի ոտքի վիրահատության, ինչպես նաև վկայակոչվող՝ արտերկրյա բժիշկների եզրակացությունները կամ հարցադրումները ստանալուն պես անհապաղ դրանց մանրամասն քննարկում իրականացնելու հարցերը, ինչպես նաև պահանջվել են Մարդու իրավունքների պաշտպանին ներկայացնել պարզաբանումներ դրանց քննարկման կապակցությամբ:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը նկարագրված հարցերով գործում է կարգավիճակի առավելագույն հնարավորություններով՝ առանձնակի կարևորելով անազատության մեջ պահվող անձի առողջական վիճակի վերաբերյալ ցանկացած հարցի մանրամասն քննարկում և լուծում»:

Լուսանկարում՝ Հովհաննես Հարությունյանը։ Լուսանկարը՝ Ռուբինա Մարկոսյանի՝ ՍիվիլՆեթ։