CPS-ը Իրանից ներկրվող դիզվառելիքը վտանգավոր է համարում «առողջության և էկոլոգիայի» համար

Հայաստանում բենզինի և դիզվառելիքի ներկրմամբ զբաղվող CPS ընկերությունը Իրանից Հայաստան դիզվառելիք ներկրող գործարար Արարատ Թումանյանի պնդումները կեղծ է որակում։ CPS-ը Իրանից ներկրվող դիզվառելիքը վտանգավոր է համարում «մարդկանց առողջության և էկոլոգիայի» համար։

Հոկտեմբերի 25-ին ՍիվիլՆեթի հրապարակած տեսանյութում «Արագգ» ՍՊԸ-ի տնօրեն Արարատ Թումանյանը հայտարարել էր, որ իրեն Մեղրիի մաքսակետում թույլ չեն տվել Իրանից Հայաստան ներկրել դիզվառելիք՝ պատճառաբանելով, որ դրանում ծծմբաթթվի պարունակությունը գերազանցում է սահմանված նորմը։ Թումանյանը հայտարարել էր, որ դա պատրվակ է և արհեստական խոչընդոտ՝ պնդելով, որ Ռուսաստանից բերվող և այսօր հանրապետությունում վաճառվող վառելիքը չի համապատասխանում պահանջվող ստանդարտներին:

Գործարարը նաև նշել էր, որ Հայաստանում դիզվառելիք իրացնող երեք խոշոր ընկերությունները՝ CPS-ը, MaxOil-ը և Ֆլեշը, ներկրումներն իրականացնում են Ռուսաստանից։ Նա կասկած էր հայտնել, որ խնդիրը կարող է կապված լինել Հայաստանի՝ ԵՏՄ շրջանակներում ինչ-ինչ պայմանավորվածությունների հետ։

Այս հրապարակման հետ կապված ՍիվիլՆեթին պարզաբանում է ներկայացրել Հայաստանի բենզինի և դիզվառելիքի շուկայի ամենախոշոր ընկերություններից մեկը՝ CPS-ը։

«Ա. Թումանյանի խոսքում առկա են ոչ գրագետ մասնագիտական ձևակերպումներ և կեղծ պնդումներ, ինչպես նաև մեր կազմակերպության բարի համբավը վնասող գնահատականներ։ Մասնավորապես ձեր զրուցակցի կողմից նշվել է, թե իբր ի թիվս այլոց CPS-ի կողմից ՀՀ է ներմուծվում համապատասխան ստանդարտներին չհամապատասխանող դիզելային վառելիք։

Իրականությունն այն է, որ մեր կազմակերպությունը տարիներ շարունակ ներմուծում է էկոլոգիական դասի К-5 դիզելային վառելիք, որի մեջ ծծումբի պարունակությունը կազմում է 7-8 միլիգրամ 1 կգ-ում։ Դա հավաստվում է թե՛ այդ ապրանքի գործարանային անձնագրով, թե՛ ՀՀ Ստանդարտների ազգային ինստիտուտի համապատասխանության սերտիֆիկատով»,- նշված է ընկերության պարզաբանման մեջ:

CPS-ն առաջարկում է Արարատ Թումանյանին իրենց ցանկացած պահեստից իրականացնել ԳՕՍՏ-ի պահանջներին համապատասխան նմուշառում և աշխարհի ցանկացած մասնագիտացված լաբորատորիայում անցկացնել փորձաքննություն:

«Ինչ վերաբերում է տարիներ շարունակ Իրանի սահմանով ներմուծված հեղուկին, որի անունը դրվել է դիզելային վառելիք, ապա այն հանդիսացել է տարատեսակ քիմիական նյութերի խառնուրդ, ինչի այրման հետևանքները չափազանց վտանգավոր են մարդկանց առողջության և էկոլոգիայի համար։ Այդ «դիզելային վառելիքը» վնասում է նաև դրանով շահագործվող տեխնիկան։ «Արագգ» ՍՊԸ-ի տնօրեն Արարատ Թումանյանը թերևս շահագրգռված է այդ «վառելիքի» ներմուծման հարցում, որպեսզի գերշահույթներ ստանա, քանզի այն շատ էժան է մեր շուկայում վաճառվող К-5 դասի թանկ վառելիքի համեմատ։ Մարդկանց առողջության վնասման և տեխնիկայի շարքից դուրս գալու հարցը բնականաբար չի հետաքրքրում նրան»,- ասված է պարզաբանման մեջ:

CPS-ը առաջարկում է ՀՀ կառավարությանը օրենքի շրջանակներում պատշաճ կերպով պահպանել Մաքսային միության Տեխնիկական կանոնակարգի պահանջները և թույլ չտալ ՀՀ ներմուծել հեղուկ վառելիք, որի մեջ ծծումբի պարունակությունը ավելի է, քան 10 միլիգրամը 1 կգ-ում:

ՍիվիլՆեթի տեսանյութը Իրանից դիզվառելիք ներկրող գործարարի մասին՝ ստորև։

Մեկնաբանել