Թուրքիա․ դեպի ֆաշիզմ և ավտոկրատիա

Անցյալ շաբաթ Թուրքիայում ահաբեկչության դեմ պայքարի շրջանակում ձերբակալվել էին քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (ԺԴԿ, HDP)  համանախագահներ Սելահաթթին Դեմիրթաշն ու Ֆիգեն Յուքսեքդաղը, ինչպես նաև կուսակցության մոտ մեկ տասնյակ պատգամավորներ, որոնք հիմնականում ընտրվել էին Թուրքիայի հարավարևելյան քրդաբնակ շրջաններից: Նրանք մեղադրվում են ահաբեկչական կառույց «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) օգտին «քարոզչություն իրականացնելու», «հանցագործություններն ու հանցագործին գովաբանելու», «ժողովրդի շրջանում ատելություն ու թշնամանք սերմանելու», «ահաբեկչական զինյալ խմբավորման անդամ լինելու», «Թուրքիայի միությունն ու  ամբողջականությունը խախտելու փորձի» մեջ: Ձերբակալություններով պայմանավորված՝ երկրում փակվել էր Facebook, Twitter և WhatsApp սոցցանցերի, ինչպես նաև YouTube վիդեոպորտալի մատչումը։ Եվրոպական մի շարք երկրներ հանդես են եկել Թուրքիայում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ դատապարտող հայտարարություններով, թուրք դեսպանները կանչվել են արտաքին գործերի նախարարություններ։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, սակայն, մտադիր չէ անսալ հնչող հորդորներին։ Նա հայտարարել է, որ Թուրքիան «այլևս ենթակա չէ որևէ մեկին»։ 

«Ինձ համար միևնույնն է՝ նրանք ինձ բռնապետ կանվանեն կամ մեկ այլ բան։ Դա մի ականջից մտնում է, մյուսից՝ դուրս գալիս։ Կարևորն այն է, թե ինչ է ինձ անվանում իմ ժողովուրդը»,- Hurriyet Daily News-ի փոխանցմամբ՝ ասել է Էրդողանը։ Թուրքիայի ղեկավարը ձերբակալվածներին մեղադրել է «ահաբեկչական գործողություններում ներգրավված լինելու մեջ» և գանգատվել, որ «Եվրամիությունը բավականաչափ չի օգնել Թուրքիային ահաբեկչության դեպ պայքարում»։ ԵՄ-ն նաև մեղադրվել է Թուրքիային «իր շեմին 53 տարի սպասողական վիճակում պահելու մեջ»։ 

Թուրքիայի իշխանությունների վարած քաղաքականության և, առհասարակ, երկրի ուղեգծի ու ապագայի վերաբերյալ մտահոգություններ են հնչում ոչ միայն դրսից, այլև երկրի ներսից։ Բազմաթիվ լրագրողներ և վերլուծաբաններ, վերջին օրերին մեկնաբանելով Թուրքիայի զարգացումները, եզրակացնում են, որ երկիրը շարժվում է դեպի ավտոկրատիա և ֆաշիստական կարգեր։ Սյունակագիրներն ու հեղինակներն ահազանգում են, որ հուլիսի 15-ին Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձի տապալումից հետո սկսված աննախադեպ մարդորսի զոհ են դարձել հազարավոր մարդիկ՝ «ահաբեկչական ցանցերի հետ կապեր ունենալու» մեղադրանքներով։ Այդ սահմանման տակ են ընկնում բոլոր նրանք, ովքեր այսպես թե այնպես քննադատում/ընդդիմանում են իշխանություններին։ Թուրք հայտնի լրագրող, Al-Monitor կայքի սյունակագիր Ջենգիզ Չանդարի համոզմամբ՝ վերջին զարգացումներն այնքան դրամատիկ են, որ հավասարազոր են վարչակազմի փոփոխության։ 

«Թուրքիան այսպես կոչված «ժողովրդավարության մոդելից» արագ վերափոխվում է իսլամա-թուրքիստական ֆաշիստական պետության, որը վերադառնում է իր պատմության ընթացքում ազատության և այլախոհության նկատմամբ կիրառած բիրտ մարտավարությանը։․․․ Այս պահին մեզ անհրաժեշտ է միջազգային համայնքի ճնշումը՝ այս խենթությունը կանգնեցնելու համար»,- ահազանգում է Չանդարը՝ կոչ անելով հարցը բարձրաձայնել սոցցանցերում, ընկերների և ազդեցիկ ծանոթների հետ շփումներում։

Al-Monitor-ի մեկ այլ հեղինակ՝ Ալի Բայրամօղլուն, շեշտելով, որ Էրդողանի վարչակազմի այս քաղաքականությունը ավտոկրատիայի հիմքեր է ստեղծում, գրում է, որ Թուրքիան, կարծես, Էրդողանի համար կառավարման մոդելի «իդեալական տարբերակի ճանապարհին է», որը հիմնված է երեք հիմնասյուների վրա՝ հնազանդ հասարակություն, ենթարկվող մամուլ և իշխանության միասնություն։

Ստելլա Մեհրաբեկյան