2015թ․ աղքատության մակարդակը Հայաստանում վիճակագրորեն չի փոխվել․ ԱՎԾ

2015թ․ Հայաստանում աղքատության մակարդակը վիճակագրորեն չի փոփոխվել։ Նախորդ տարվա համեմատ այն նվազել է ընդամենը 0.2 տոկոսային կետով և կազմել 29․8 տոկոս, այսինքն՝ երկրի յուրաքանչյուր 10 բնակչից մոտ 3-ը ամսական 41 698 դրամ վերին աղքատության գիծը չի հաղթահարել․ այս մասին այսօր ասաց Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) Տնային տնտեսությունների հետազոտությունների բաժնի պետ Դիանա Մարտիրոսովան՝ ներկայացնելով «Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը» զեկույցը։

Ծայրահեղ աղքատության մակարդակը կազմել է 2%` 2008թ․ արձանագրված 1.6%-ի դիմաց։

ԱՎԾ ներկայացուցիչը նշեց, որ 2015թ․ Հայաստանի տնտեսության աճի տեմպը նախորդ տարվա նկատմամբ ավելացել է 3%-ով, ինչը բավարար չէ երկրում աղքատության մակարդակի նվազման համար։

Մարտիրոսովայի խոսքով՝ 29.8% աղքատների ընդհանուր թվաքանակի մեջ 8.4%-ը շատ աղքատ են՝ առանց ծայրահեղ աղքատների, 2%-ը ծայրահեղ աղքատ են, մնացած 19.4%-ը ուղղակի աղքատ են։

«2015թ. աղքատների ընդհանուր թվաքանակը կազմել է մոտ 900 հազար մարդ՝ մշտական բնակչության ցուցանիշի հաշվով։ Նրանցից շատ աղքատների թվաքանակը՝ ներառյալ ծայրահեղ աղքատները` մոտ 310 հազար, իսկ վերջիններից՝ ծայրահեղ աղքատների թվաքանակը՝ 60 հազար մարդ»,- ասաց նա:

ԱՎԾ ներկայացուցիչը տեղեկացրեց, որ 2004-2015 թթ․ ընթացքում աղքատության մակարդակը նվազել է 44%-ով՝ մոտ 54%-ից մոտ 30%-ի։ Ծայրահեղ աղքատության մակարդակը նվազել է 2004թ․ 4.4%-ից մինչև 2015թ․ 2%։

2015թ․ Հայաստանի աղքատության մակարդակը դեռ չի նվազել 2008թ․ աղքատության մակարդակից։ Տարբերությունը 2.2 տոկոսային կետ է։ Ծայրահեղ աղքատության տարբերությունը 0.4 տոկոսային կետ է։

Ներկայացնելով աղքատության մակարդակը 2015թ․՝ ըստ քաղաքային և գյուղական բնակավայրերի, Մարտիրոսովան նշեց, որ այն չնչին է՝ 29.4 % և 30.4%:

«2008-2015 թթ. աղքատության մակարդակի աճը քաղաքային և գյուղական բնակավայրերում կազմում է համապատասխանաբար 1.8 և 2.9 տոկոսային կետ: Մայրաքաղաք Երևանում, ըստ տարածաշրջանների, աղքատության մակարդակն ամենացածրն է՝ 25%, և այն 1.4 անգամ ցածր է, քան Երևանից դուրս այլ քաղաքային բնակավայրերում»,- ասաց նա:

ԱՎԾ ներկայացուցչի խոսքով՝ աղքատության հաղթահարման համար Հայաստանին անհրաժեշտ է 71.4 մլրդ դրամ կամ ՀՆԱ-ի 1.4%-ը՝ ի լրումն սոցիալական աջակցության համար արդեն իսկ հատկացված միջոցների։ Ծայրահեղ աղքատության վերացումը կպահանջի 1.8 մլրդ դրամ կամ ՀՆԱ-ի 0.04%-ը՝ ի հավելումն ծայրահեղ աղաքտներին արդեն իսկ ուղղված սոցիալական աջակցության միջոցների։

Լուսանկարը՝ Ֆոտոլուրի

Մեկնաբանել