Սաակաշվիլին հեռանում է Օդեսայի նահանգապետի պաշտոնից, «պայքարի նոր փուլ» է սկսում

Օդեսայի նահանգապետ, Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է իր պաշտոնից հեռանալու մասին, հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը։

«Ես որոշել եմ հրաժարական տալ և սկսել պայքարի նոր փուլ»,- ասել է Սաակաշվիլին։

Որոշման մասին Սաակաշվիլին հայտարարել է ֆեյսբուքյան էջում հրապարակված իր ուղերձում։

Միխեիլ Սաակաշվիլին պարզաբանել է, որ իր համար «վերջին կաթիլ» է դարձել այն, որ պաշտոնյաները, որոնք հայտարարագրել են միլիոնների եկամուտներ, նյութական օգնություն են խնդրել։

Բացի այդ, ինչպես պնդել է պաշտոնյան, Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն անձամբ է սատարում Օդեսայի նահանգի կոռուպցիոն կլաններին։ 

«Ի՞նչ տարբերություն ուկրաինացիների համար՝ ով է իրենց վրա թքած ունի՝ Պորոշենկոն, թե Յանուկովիչը [Ուկրաինայի նախկին նախագահ – ՍիվիլՆեթ]»,- հայտարարել է Սաակաշվիլին։

Քաղաքական գործչի խոսքով՝ հրաժարականից հետո նա մտադիր է սկսել «պայքարի նոր փուլ»։ Սաակաշվիլին խոստացել է պայքարել մինչև լիարժեք հաղթանակ և Ուկրաինան մաքրել «կոռուպցիոն կեղտից, որը կապիտալացվում է ուկրաինացի զինվորների, Մայդանի զոհերի արյան հաշվին, որը դավաճանել է ուկրաինական հեղափոխության գաղափարին»

Միխեիլ Սաակաշվիլին Օդեսայի նահանգապետ էր նշանակվել 2015թ․ մայիսին։

Սաակաշվիլին Վրաստանի նախագահ է եղել 2004–2007 և 2008–2013 թթ․։ Հրաժարականից հետո նա որոշ ժամանակ բնակվել է Նյու Յորքում, ապա տեղափոխվել է Ուկրաինա։ 

Վրաստանում Սաակաշվիլիի նկատմամբ հարուցված են մի շարք քրեական գործեր։ Երկրի ներկայիս իշխանությունները հայտարարում են, որ Սաակաշվիլիի՝ վրացական հող ոտք դնելուն պես նա ձերբակալվելու է։ Ինքը՝ Սաակաշվիլին, վերջին շրջանում խոսում է հայրենիք վերադառնալու մասին։

Հոկտեմբերին Վրաստանում անցած խորհրդարանական ընտրություններում Սաակաշվիլիի Միացյալ ազգային շարժում կուսակցությունը ստացել է վրացական էլեկտորատի 27,11 տոկոսի աջակցությունը (27 տեղ նոր խորհրդարանում)։ Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը ստացել է 150 պատգամավորական մանդատներից 115-ը, ինչը երկուսով ավելի է սահմանադրական մեծամասնություն կազմելու համար անհրաժեշտ քանակից։