Վրաստանի կառավարությունը «քրտնաջան աշխատել է» երկրում եվրոպական բիզնես ներդրումների համար բարենպաստ միջավայր ստեղծելու ուղղությամբ․ այսօր Թբիլիսիում հայտարարել է Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Պաոլո Ջենտիլոնին։
Agenda.ge կայքի փոխանցմամբ՝ Ջենտիլոնին շեշտել է, որ այն բանից հետո, երբ Թբիլիսին կնքել է Եվրամիության հետ Ասոցացման մասին համաձայնագիրը, ավելի մեծ թվով եվրոպացի գործարարներ կհետաքրքրվեն Վրաստանով։
«Մենք պետք է անենք առավելագույնը, որպեսզի իտալական ընկերությունները տեղեկանան Վրաստանի մասին և նրանց ապահովենք երկրի բիզնես հնարավորությունների մասին անհրաժեշտ տեղեկատվությամբ»,- իր վրաց գործընկեր Միխեիլ Ջանելիձեի հետ հանդիպումից հետո ասել է իտալացի նախարարը։ Վերջինս հավելել է, որ հաջորդ տարի կայանալիք Իտալիա-Վրաստան բիզնես ֆորումը կնպաստի երկու երկրների գործարար շրջանակների հաղորդակցությանը և ցույց կտա իտալացի գործարարներին, որ նրանք Վրաստանում ունեն հսկայական հնարավորություններ։
.@JanelidzeMkh & @PaoloGentiloni participated in the public event “#Italy–#Georgia Partnership & the future of #Europe” #Tbilisi @ItalyMFA pic.twitter.com/C4eWsQnYlf
— MFA of Georgia (@MFAgovge) November 7, 2016
Ջանելիձեն իր հերթին փաստել է, որ Հռոմն ու Թբիլիսին ունեն «շատ լավ տնտեսական հարաբերություններ»․ այս տարի երկկողմ առևտրաշրջանառության ծավալները ավելացել են 30 տոկոսով։
«Իտալական ընկերությունները Վրաստանում ներկայացված են մի քանի ուղղությամբ, որոնց թվում՝ էներգետիկա և ենթակառուցվածքներ։ Ներկայում քննարկում ենք հարաբերություններն այլ ուղղություններով ընդլայնելու ուղիները»,- ասել է Վրաստանի ԱԳ նախարարը։
Իտալիայի և Վրաստանի արտաքին գերատեսչությունների ղեկավարները քննարկել են նաև վերջինիս եվրաատլանտյան ձգտումները, Վրաստան-ՆԱՏՕ հարաբերությունները, Վրաստանի առաջընթացը ԵՄ-ի հետ անայցագիր ռեժիմ հաստատելու ոլորտում։
Con il primo ministro della Georgia @KvirikashviliGi. Cooperazione economica e culturale, rapporti con Unione Europea e Nato pic.twitter.com/8Eb8YfbDgc
— Paolo Gentiloni (@PaoloGentiloni) November 7, 2016
Ջենտիլոնիի խոսքով՝ իր երկիրը հաստատակամորեն սատարում է Վրաստանի եվրաատլանտյան ընտրությանը, նրա ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։
Պաոլո Ջենտիլոնին հանդիպում է ունեցել նաև Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի և վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի հետ, քննարկել քաղաքական և տնտեսական հարցերի լայն շրջանակ։
Պաոլո Ջենտիլոնիի հարավկովկասյան այցի հաջորդ կանգառը Ադրբեջանն է, որտեղ նա ժամանել է այսօր։ Վաղը Ջենտիլոնին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով պաշտոնական այցով կժամանի Հայաստան։
Ստելլա Մեհրաբեկյան