Բաքուն ցանկանում է «դրականորեն տրամադրվել» Համբուրգի հանդիպման հանդեպ, սակայն «չի ստացվում»

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում լճացում է նկատվում․ նոյեմբերի 7-ին Բաքվում իտալացի իր պաշտոնակից Պաոլո Ջենտիլոնիի հետ համատեղ մամուլի ասուլիսին, APA գործակալության փոխանցմամբ, հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը։ 

«Մենք հուսով էինք, որ կարելի է հասնել բեկման և որ ճիշտ ուղղությամբ ենք ընթանում։ Լավատեսություն էր ներշնչում Սանկտ Պետերբուրգում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ կայացած նախագահական հանդիպումը։ Հայկական կողմը պատրաստ չէ տեղաշարժերի։ Համբուրգում կայանալու է Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների հանդիպումը․ Բաքուն տվել է իր համաձայնությունը։ Կցանկանայինք դրականորեն տրամադրվել, սակայն չի ստացվում»,- ասել է Մամեդյարովը։ 

Մինչդեռ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը, մեկնաբանելով առաջիկա հանդիպումը, կարծիք է հայտնել, որ կարևոր է՝ «կողմերը եռանախագահների հետ զրույցներում հույսով լցված են խոսում առաջարկների ու գաղափարների մասին»։ 

«Անհամբեր սպասում ենք Համբուրգի հանդիպմանը՝ երկխոսությունը շարունակելու համար և պատրաստ ենք աշխատել կողմերի հետ համապարփակ կարգավորման հասնելու համար»,- ասել է ամերիկացի միջնորդը։ 

Համբուրգում դեկտեմբերի սկզբին Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների հանդիպման մասին հայտնի էր դարձել հոկտեմբերի վերջին։ 

Վերջին շրջանում պաշտոնական Բաքուն անընդհատ խոսում է բանակցային գործընթացում առաջխաղացման բացակայության մասին՝ Երևանին մեղադրելով առանցքային հարցերից ուշադրությունը դեպի տեխնիկական հարցեր շեղելու մեջ։