Իտալիան շահագրգռված է Հայաստանի հետ համակողմանի համագործակցության զարգացմամբ

Իտալիան շահագրգռված է Հայաստանի հետ համակողմանի համագործակցության առավել զարգացմամբ և պատրաստ է գործուն քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ․ այս մասին ասել է Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Պաոլո Ջենտիլոնին։ Պաշտոնական այցով Երևան ժամանած Ջենտիլոնիին նոյեմբերի 8-ին ընդունել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։

Ինչպես հաղորդում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից, Նալբանդյանը կարևորել է Իտալիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի այցելությունը Հայաստան՝ նշելով, որ այցի ընթացքում փոխգործակցության ընդլայնման վերաբերյալ նոր համաձայնություններ ձեռք կբերվեն։

Նալբանդյանը կարևորել է մշակույթի ոլորտում հաստատված հայ-իտալական սերտ փոխգործակցությունը: Այս համատեքստում շեշտվել է Հայաստանում մշակութային ժառանգության պահպանման և վերականգնման տարածաշրջանային կենտրոն հիմնելու մասին համատեղ հայտարարությունը, որը ստորագրվել է հանդիպման ավարտին:

Զրուցակիցները գոհունակություն են հայտնել պաշտպանական ոլորտում համագործակցությամբ` արժևորելով իտալական զորախմբի հետ համատեղ ծառայություն իրականացնող հայ խաղապահների առաքելությունը Լիբանանում ՅՈՒՆԻՖԻԼ-ի կազմում։

Հանդիպմանը քննարկվել են նաև Հայաստան-ԵՄ նոր շրջանակային համաձայնագրի շուրջ ընթացող բանակցությունները:

Օրակարգային հարցերի թվում է եղել նաև ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացը: Էդվարդ Նալբանդյանը Պաոլո Ջենտիլոնիին ներկայացրել է բանակցային գործընթացն առաջ մղելու նպատակով համապատասխան պայմանների ստեղծման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների ջանքերը:

ՀՀ արտգործնախարարը կարևորել է Իտալիայի` որպես ԵԱՀԿ ապագա նախագահող երկրի դիրքորոշումը` սատարելու եռանախագահների ջանքերին և նրանց կողմից որպես մեկ ամբողջություն առաջարկվող միջազգային իրավունքի երեք սկզբունքների՝ ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման, ժողովուրդների իրավահավասարության ու ինքնորոշման իրավունքի և տարածքային ամբողջականության, հիման վրա հիմնահարցի բացառապես խաղաղ հանգուցալուծման հասնելու համար:

***

Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Պաոլո Ջենտիլոնին հարավկովկասյան այցի շրջանակում ավելի վաղ՝ նոյեմբերի 7-ին, եղել էր Թբիլիսիում և Բաքվում։

Իր վրացի պաշտոնակից Միխեիլ Ջանելիձեի հետ հանդիպմանը Ջենտիլոնին ողջունել էր Վրաստանում բարենպաստ բիզնես միջավայրը՝ նշելով, որ Եվրամիության հետ Ասոցացման մասին համաձայնագիրը կնքելուց հետո ավելի մեծ թվով եվրոպացի գործարարներ են հետաքրքրված Վրաստանով։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպմանը քննարկվել էր Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը։