Հրապարակվել է Արցախի Սահմանադրության նախագիծը․ գործող նախագահը տեսականորեն կարող է պաշտոնավարել մինչև 2030-ը

Լեռնային Ղարաբաղի նախագահին կից Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը հրապարակել է փոփոխված սահմանադրության նախագիծը։

ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի ղեկավարած Մասնագիտական հանձնաժողովի տարածած հաղորդագրությունում նշվում է, որ Սահմանադրության հրապարակվող նախագիծն աշխատանքային տարբերակ է, և նոյեմբերի 10-ին կմեկնարկի հանրային քննարկումների շարք, որից հետո նախագիծը կներկայացվի ԼՂՀ նախագահին: Համաձայն սահմանված կարգի՝ հանրապետության նախագահի հավանությունը ստանալուց հետո Սահմանադրության նախագիծը կներկայացվի ԼՂՀ Ազգային ժողով, որին կհաջորդի քննարկումների ևս մեկ փուլ:

Սահմանադրությունը բաղկացած է 12 գլուխներից և 173 հոդվածներից։ Առավել ուշագրավ է վերջին գլուխը, որով տեսական հնարավորություն է ստեղծվում գործող նախագահ Բակո Սահակյանի լիազորությունների ավարտից հետո նրա պաշտոնավարման՝ անցումային շրջանում (մինչև 2020թ․), ինչից հետո նա կարող է ևս երկու անգամ հավակնել նախագահի պաշտոնին (մինչև 2030թ․)։

1-ին հոդվածով սահմանվում է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն պաշտոնական անվանմանը ավելանում է Արցախի Հանրապետություն պաշտոնական անվանումը, որոնք համարվում են նույնական:

Սահմանադրության նախագծով սահմանվում է նախագահական ուժեղ կառավարում, վերացվում է վարչապետի պաշտոնը, փոխարենը մտցվում է պետական նախարարի ինստիտուտ, որին, ինչպես և նախարարներին, նշանակում է նախագահը (Հոդված 93):

Հանրապետության նախագահն ընտրվում է Արցախի Հանրապետության քաղաքացիների կողմից` հինգ տարի ժամկետով; նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ ընտրվել Հանրապետության նախագահի պաշտոնում (Հոդված 88):

Նախագահը կարող է արձակել Ազգային ժողովը, բացառությամբ Ազգային ժողովի առաջին նստաշրջանի բացման օրվան հաջորդող մեկ տարվա ընթացքում ընկած ժամանակահատվածի։

Նախագահը Արցախի Հանրապետության ինքնիշխանության, անկախության, տարածքային ամբողջականության և անվտանգության երաշխավորն է; զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարն է; նշանակում և ազատում է զինված ուժերի ու այլ զորքերի բարձրագույն հրամանատարական կազմը (Հոդված 94):

Հանրապետության նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում, մինչև նորընտիր նախագահի կողմից պաշտոնի ստանձնումը, Հանրապետության նախագահի լիազորություններն իրականացնում է Ազգային ժողովի նախագահը: Ազգային ժողովի նախագահի կողմից Հանրապետության նախագահի լիազորություններն իրականացնելիս Ազգային ժողովի նախագահի լիազորություններն իրականացնում է Ազգային ժողովի նախագահի տեղակալը (Հոդված 100):

Կառավարությունը կազմված է պետական նախարարից և նախարարներից; պետական նախարարը Հանրապետության նախագահի հանձնարարությամբ վարում է կառավարության նիստերը, համակարգում է Հանրապետության նախագահի կողմից որոշված նախարարների գործունեությունը; Կառավարության կազմավորումից հետո՝ քսանօրյա ժամկետում, Հանրապետության նախագահը հրապարակում է իր ծրագիրը (Հոդված 102):

Ազգային ժողովն ընտրվում է հինգ տարի ժամկետով։ Ազգային ժողովի հերթական ընտրությունն անցկացվում է Հանրապետության նախագահի ընտրությունների հետ միաժամանակ: Ազգային ժողովն իր կազմից ընտրում է Ազգային ժողովի նախագահ և մեկ տեղակալ: Ազգային ժողովի նախագահը և նրա տեղակալը ընտրվում են Ազգային ժողովի լիազորությունների ամբողջ ժամկետով՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

Սահմանադրության նախագծի վերջին՝ 12-րդ գլուխը՝ «Եզրափակիչ և անցումային դրույթներ», սահմանում է մինչև նոր Սահմանադրության լիարժեք ուժի մեջ մտնելը դրույթները։

Ըստ այդմ՝ նոր Սահմանադրությունը ուժի մեջ է մտնում ներկայում գործող Ազգային ժողովի լիազորությունների ավարտից հետո (2020թ․ – ՍիվիլՆեթ)։ Իսկ ներկայում գործող նախագահը պաշտոնավարում է մինչև իր լիազորությունների ավարտը (2017թ․ – ՍիվիլՆեթ):

Գործող նախագահի լիազորությունների ավարտից ոչ շուտ, քան 50, ոչ ուշ, քան 40 օր առաջ Ազգային ժողովը Ազգային ժողովի խմբակցությունների առաջարկությամբ, պատգամավորների ընդհանուր թվի առնվազն երկու երրորդով ընտրում է Հանրապետության նախագահ, որը պաշտոնավարում է մինչև գործող Ազգային ժողովի լիազորությունների ժամկետի ավարտը;

Հանրապետության նախագահն իր լիազորությունները ստանձնում է գործող Հանրապետության նախագահի լիազորությունների ավարտի օրը, Ազգային ժողովի հատուկ նիստում Սահմանադրությամբ սահմանված կարգով տրված երդմամբ;

Ազգային ժողովի կողմից ընտրված Հանրապետության նախագահը իրականացնում է Սահմանադրությամբ սահմանված բոլոր լիազորությունները, բացառությամբ 93-րդ հոդվածի 10-րդ կետում ամրագրվածի (Հոդված 166):

Ամենավերջին՝ 173-րդ հոդվածով սահմանվում է, որ Արցախի Հանրապետության հանրային իշխանությունն իրականացվում է այն ողջ տարածքում, որը փաստացի գտնվում է Արցախի Հանրապետության իրավազորության ներքո:

Մեկնաբանել