Դոնալդ Թրամփը՝ ԱՄՆ-ի 45-րդ նախագահ (լրացվող)

Նոյեմբերի 8-ին ԱՄՆ-ում կայացած նախագահական ընտրություններում հաղթանակ է տարել Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը։ Հաղթանակից հետո իր ելույթում Թրամփը խոստացել է լինել նախագահ յուրաքանչյուրի համար, անցկացնել բարեփոխումներ և բազմապատկել երկրի հզոր ներուժը։ Դեմոկրատական կուսակցության թեկնածու Հիլարի Քլինթոնը շնորհավորել է Թրամփին, սակայն մտադիր չէ այսօր ելույթ ունենալ։ ՍիվիլՆեթը ԱՄՆ-ում նախագահական ընտրությունների շուրջ զարգացումները լուսաբանում է հետադարձ ժամանակագրությամբ։

16:25

CivilNet.am-ը ավարտում է տեքստային ուղիղ հեռարձակումը։ ԱՄՆ-ում կայացած ընտրությունների վերաբերյալ վերլուծություններին կարող եք հետևել մեր կայքում։

16:05

Դոնալդ Թրամփը Թվիթերում արել է ընտրվելուց հետո առաջին գրառումը․

Ինչ գեղեցիկ և կարևոր երեկո է։ Մոռացված մարդիկ այլևս չեն մոռացվի։ Բոլորս կհամախմբվենք, ինչպես երբեք։

16:00

Իրանի նախագահ Հասան Ռոհանին այսօր հայտարարել է, որ ԱՄՆ-ում ընտրության արդյունքները չեն կարող որևէ ազդեցություն ունենալ Թեհրանի քաղաքականության վրա․ աշխարհի հետ Իրանի ընդլայնվող կապերը անդառնալի են, հաղորդում է Business Insider-ը։ Անդրադառնալով Իրան-Վեցյակ միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնությանը՝ Իրանի նախագահն ասել է, որ այն չի կնքվել որևէ առանձին վերցված կառավարության հետ, այլ հաստատվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից, հետևաբար ԱՄՆ-ի նոր կառավարությունը չի կարող այն չեղարկել։

15:30

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Դոնալդ Թրամփին «սերտ համագործակցություն» է առաջարկել՝ լիբերալ ժողովրդավարության համատեղ արժեքների վրա հիմնված, հաղորդում է thelocal.de կայքը:

15:20

Եվս մեկ հայտարարություն Մոսկվայից՝ ի դեմս ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի։ Ելույթ ունենալով Կրեմլում՝ Պուտինն ասել է, որ Ռուսաստանը պատրաստ է վերականգնել ԱՄՆ-ի հետ լիարժեք ձևաչափով հարաբերությունները, սակայն հասկանում է, որ դա հեշտ ճանապարհ չի լինելու։

«Մենք լսել ենք ԱՄՆ-ի նախագահի թեկնածուի նախընտրական խոստումները, որոնք ուղղված էին ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների վերականգնմանը։ Մենք հասկանում ենք, որ դա հեշտ ճանապարհ չի լինելու՝ հաշվի առնելով այն դեգրադացիան, որում, ցավոք սրտի, գտնվում են ՌԴ և ԱՄՆ հարաբերությունները»,- հայտարարել է Պուտինը։

15:12

Դոնալդ Թրամփի՝ ԱՄՆ-ի 45-րդ նախագահ ընտրվելու կապակցությամբ Ելիսեյան պալատում ելույթով է հանդես եկել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը։ Վերջինիս խոսքով՝ ԱՄՆ-ում քվեարկության արդյունքներով աշխարհում անորոշության փուլի սկիզբ է դրվում։

14:50

Դոնալդ Թրամփի երրորդ կինը սլովենացի հայտնի մոդել Մելանյա Թրամփն է։ Վերջին 187 տարում առաջին անգամ է, որ ԱՄՆ-ի առաջին տիկինը ծնունդով այլ երկրից է։ Ո՞վ է Մելանյա Թրամփը՝ Fox News-ի ֆիլմում։

14:45

Սլովենիայում, որտեղից սերում է ԱՄՆ-ի ապագա առաջին տիկին Մելանյան, տոնում են Դոնալդ Թրամփի հաղթանակը։ Լուսանկարում՝ Սևնիցա քաղաքի բնակիչներն են, որտեղ ծնվել է Մելանյան։

14:30

Ռուսաստանից շարունակում են հայտարարություններ հնչել ԱՄՆ-ում նոր նախագահի ընտրության կապակցությամբ։ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը լրագրողների հետ զրույցում, մասնավորապես, ասել է, որ Ռուսաստանը պատրաստ է աշխատել ԱՄՆ-ի նոր վարչակազմի հետ, սակայն նրան գնահատելու է միայն ըստ արված գործերի։

«Մենք նախապատվություններ չենք տալիս։ Ինչպես ասել է նախագահը, աշխատելու ենք ԱՄՆ-ի ցանկացած նոր ղեկավարության հետ, որին կընտրի ամերիկացի ժողովուրդը»,- հայտարարել է Լավրովը։

14:30

ԱՄՆ-ի նորընտիր նախագահին շնորհավորական ուղերձ է հղել նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։ Ուղերձում մասնավորապես ասված է․

«Մեծարգո պարոն Թրամփ,

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:

Միացյալ Նահանգների ժողովուրդը բարձր գնահատեց ինչպես Ձեր գիտելիքներն ու փորձառությունը, այնպես էլ Ձեր առաջադրած տեսլականն ու մոտեցումները` Ձեզ վստահելով երկրի ղեկավարման պատվավոր պատասխանատվությունը: Հավատացած եմ, որ ջանք չեք խնայի առաջիկա տարիները ԱՄՆ-ի համար դարձնելու նոր վերելքի և նվաճումների ժամանակաշրջան:

Այսօր՝ Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի նախաշեմին, երախտագիտություն եմ հայտնում այն պատկառելի աջակցության համար, որը Ձեր երկիրն անցած քառորդ դարի ընթացքում ցուցաբերել է՝ ուղղված Հայաստանի ժողովրդավարության կայացմանն ու տնտեսական վերելքին:

Մենք բարձր ենք գնահատում Միացյալ Նահանգների` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի կարևոր դերը ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորման գործընթացում:

Վստահ եմ, որ Ձեր նախագահության տարիներին հայ-ամերիկյան բարեկամական հարաբերությունները կշարունակեն ամրապնդվել՝ արձանագրելով նոր ձեռքբերումներ ամենատարբեր ոլորտներում: Հավատացած եմ, որ մեր գործընկերության մեջ կշարունակի ծանրակշիռ մնալ ամերիկահայության ներգրավվածությունը:

Կրկին շնորհավորելով ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ` մաղթում եմ Ձեզ արգասաբեր գործունեություն` ի փառս Ամերիկայի Միացյալ Նահանգների և ի բարօրություն նրա ժողովրդի:

Ընդունեք խնդրեմ, Ձերդ Գերազանցություն, խորին հարգանքներիս հավաստիքը»:

14:20

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը շնորհավորել է Դոնալդ Թրամփին՝ «ծանր պայքարի» արդյունքում տարած հաղթանակի կապակցությամբ։ Մեյը շեշտել է, որ Միացյալ Նահանգներն ու Մեծ Բրիտանիան եղել են և շարունակում են լինել մտերիմ դաշնակիցներ առևտրի, անվտանգության և պաշտպանության ոլորտում։

14:15

Reuters-ի փոխանցմամբ՝ Օուքլենդում և Սիեթլում Թրամփի դեմ ցույցեր են սկսվել։

12:40

Եվրոպացի պաշտոնյաները արձագանքում են Թրամփի հաղթանակին․ Գերմանիայի պաշտպանության նախարար Ուրսուլա վոն դեր Լեյենը տեղի ունեցածն անվանել է հսկայական ցնցում։ Գերմանիայի արդարադատության նախարար Հայկո Մասսը․ «Սա աշխարհի վերջը չէ, սակայն մեզ խենթ ժամանակներ են սպասվում»։

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան Մարկ Էյրոն, Reuters-ի փոխանցմամբ, Թրամփի հետ աշխատելու պատրաստակամություն է հայտնել, սակայն նշել, որ նրա անձի հետ կապված «հարցեր են առաջանում»։ Շվեդիայի արտաքին գործերի նախկին նախարար Կառլ Բիլդտը Թվիթերում գրել է, որ կարծես, այս տարին, Արևմուտքի համար լինելու է կրկնակի աղետի տարի։

12:35

Դոնալդ Թրամփը շնորհավորանքներ է ստանում հաղթանակի կապակցությամբ։ Շնորհավորողների թվում՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Կրեմլի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ, մասնավորապես, Պուտինը հույս է հայտնել, որ համատեղ աշխատանքի շնորհիվ ռուս-ամերիկյան հարաբերությունները դուրս կբերվեն ճգնաժամային իրավիճակից։

12:20

Սոցցանցերում առաջատար թեմա է ԱՄՆ-ի ընտրություններն ու Թրամփի հաղթանակը։

12:00

Թրամփի և Քլինթոնի համախոհները արդյունքների ամփոփումից հետո։

11:53

Դոնալդ Թրամփը ելույթ է ունենում։ Շնորհակալություն է հայտնում բոլոր նրանց, ում շնորհիվ տարել է, իր խոսքով, պատմական հաղթանակը։ Նա խոստանում է թարմացնել ԱՄՆ-ի ենթակառուցվածքները, լուծել գործազրկության խնդիրները։

Նա հայտարարել է, որ լինելու է նախագահ յուրաքանչյուրի համար։ Թրամփը շեշտադրում է ԱՄՆ-ի անհավանական ներուժը, որը պետք է բազմապատկել և բացահայտել։

11:50

Քլինթոնը զանգահարել և շնորհավորել է Թրամփին։

11:40

ՀՐԱՏԱՊ

Associated Press-ը հայտարարում է, որ Թրամփը ԱՄՆ-ի 45-րդ նախագահն է։

11:35

Թրամփի կողմնակիցները հաղթանակ են տոնում, չնայած՝ տվյալները դեռ չեն ամփոփվել։ Այս պահի դրությամբ՝ Քլինթոն՝ 218, Թրամփ՝ 276:

11:30

Մեքսիկայի ֆինանսների նախարար Խոսե Անտոնիո Մեադեն արտահերթ մամուլի ասուլիս է հրավիրում, որի ընթացքում, ըստ ամենայնի, քննարկվելու է պեսոյի անկումն ու այն պատը, որը նախընտրական քարոզարշավի ժամանակ խոստանում էր կառուցել Դոնալդ Թրամփը Մեքսիկայի և ԱՄՆ-ի սահմանին։

ԱՄՆ-ից ստացվող լուրերի ֆոնին մեքսիկական պեսոն անկում է ապրել ավելի քան 13 տոկոսով։ Սա մեքսիկական արժույթի ամենամեծ անկումն է 1994-1995թթ․ ի վեր, երբ երկրում սկսվել էր վարկային ճգնաժամ։

11:25

BBC-ն հաղորդում է, որ Թրամփը պատրաստվում է ելույթի։

11:13

Քլինթոնի նախընտրական շտաբի ղեկավար Ջոն Պոդեստան հայտարարել է, որ դեմոկրատները հույսը չեն կորցնում։ Նա նշել է, որ այսօր պետք չէ սպասել Քլինթոնի ելույթին։ Պոդեստան համախոհներին խորհուրդ է տվել գնալ տուն և հանգստանալ, նախքան հայտնի կդառնան բոլոր նահանգներում քվեարկության արդյունքները։

11:05

Washington Post. Թրամփ՝ 266, Քլինթոն՝ 218 ձայն։

10:55

Հանրապետականները պահպանում են վերահսկողությունը ԱՄՆ-ի Կոնգրեսում։ Դեմոկրատներին չի հաջողվի մեծամասնություն ստանալ Ներկայացուցիչների պալատում, կանխատեսում են ABC-ն և AP-ն։ ABC-ի տվյալներով՝ 435 տեղերից միայն 17-ն էին այս ընտրություններում վիճելի, այսինքն, կարող էին մեկ կուսակցությունից անցնել մյուսին։ Ստորին պալատի ներկայիս կազմում հանրապետականներն ունեն 247 տեղ։ Մեծամասնություն ստանալու համար անհրաժեշտ է առնվազն 218 տեղ։

10:40

Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը նոյեմբերի 9-ի վաղ առավոտյան ԱՄՆ ընտրությունների առիթով դեսպանատանը կազմակերպված նախաճաշին հայտարարել է, որ անկախ այն հանգամանքից, թե ով կլինի ԱՄՆ նոր նախագահը, աջակցությունը Հայաստանի կայացմանը՝ որպես անկախ, բարեկեցիկ երկիր, որը խաղաղ գոյակցում է իր հարևանների հետ, կշարունակի առաջնահերթ խնդիր մնալ Միացյալ Նահանգների համար։

«Միացյալ Նահանգները կշարունակի ապահովել իր հանձնառությունները մեր բարեկամների հանդեպ, և անշուշտ մեր հանձնառությունը մեր բարեկամ Հայաստանի հանպդեպ մենք կպահպանենք։ Մենք կմնանք Հայաստանի համար կայուն և հաստատուն գործընկեր և կաշխատենք միասին՝ ապահովելու բարեկեցիկ ապագա, որին արժանի է հայ ժողովուրդը»,- ասաց դեսպան Միլսը։

10:45

Թրամփ՝ 264, Քլինթոն՝ 215 ձայն։ Թրամփը հաղթել է նաև Փենսիլվանիայում։

10:35

Սոցցանցերում տարածվում են Քլինթոնի ընկճված համախոհների լուսանկարներ։

10:15

Real Clear Politics ռեսուրսի տվյալներով, մինչդեռ, Թրամփը հաղթում է 255 ձայնով։

10:00

Այս պահի դրությամբ պատկերը հետևյալն է, ըստ Washington Post և New York Times պարբերականների՝ Թրամփ 244 ձայն, Քլինթոն՝ 215:

09:45

BBC-ն հաղորդում է, որ հաշշված են 41 նահանգում քվեարկության արդյունքները։ Թրամփն առաջատար է, սակայն Քլինթոնը դեռ ունի հաղթելու տեսական հնարավորություն։

Ընտրություններում Թրամփի առաջատար լինելու մասին լուրերի ֆոնին դոլարը արժեզրկվում է։ Bloomberg-ի հաղորդմամբ՝ ԱՄՆ-ից ստացվող լուրերը տագնապ են առաջացրել շուկաներում։

Մեկնաբանել