Արթուր Բաղդասարյանն ակնարկում է Վանաձորում ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելու մասին

«Հայկական վերածնունդ» (նախինում՝ «Օրինաց երկիր») կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանը չբացառելով, որ Վանաձորում իր ղեկավարած կուսակցությունը կարող է կոալիցիա կազմել Հանրապետականի հետ։

Բաղդասարյանն իր 48-րդ տարեդարձի կապակցությամբ նոյեմբերի 8-ին տարածած հայտարարությունում անդրադարձել է իր քաղաքական անցյալին և իր կուսակցության գործունեությանը։

Նա անդրադարձել է նաև Վանաձորում քաղաքական վերջին իրադարձություններին։ Հոկտեմբերի 2-ին կայացած Վանաձորի ավագանու ընտրություններում իշխող Հանրապետական կուսակցության թեկնածուն և ՀՀԿ-ին սատարող ՀՅԴ-ն միասին ստացել էին ավագանու 15 մանդատ, իսկ «Լուսավոր Հայաստան», «Հայկական վերածնունդ» և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները միասին՝ 18 մանդատ։ Վերջին երեք կուսակցությունները քաղաքի ավագանու առաջին նիստից առաջ հուշագիր էին ստորագրել քաղաքային իշխանությունը կիսելու և «Լուսավոր Հայաստանի» թեկնածու Քրիստ Մարուքյանին սատարելու համար։ Սակայն ավագանու առաջին նիստին փակ, գաղտնի քվեարկության արդյունքում քաղաքապետ ընտրվեց ՀՀԿ-ի թեկնածուն․ Հուշագիր ստորագրած երեք կուսակցություններից չորս հոգի քվեարկել էր հօգուտ ՀՀԿ-ի թեկնածուի։ «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամները հայտարարեցին, որ ճնշումներ և ահաբեկումներ են եղել հուշագիրը ստորագրած մյուս կուսակցությունների ավագանու անդամների նկատմամբ։ Մամուլում հրապարակումներ եղան, որ չորս «դավաճանները» եղել են Բաղդասարյանի կուսակցության ներկայացուցիչները։

Վանաձորյան ընտրությունների հետ կապված Արթուր Բաղդասարյանը հայտարարել է․

«Այժմ Վանաձորի ավագանու չարչրկված նիստի մասին: «Հայկական վերածնունդը» հստակ պահել է իր պայմանավորվածություները՝ հուշագրի ոգուն համապատասխան և քվեարկել Քրիստ Մարուքյանի օգտին: Չնայած դրան՝ շանտաժով և քաղաքական կեղտոտ տեխնոլոգիաներով փորձում են վարկաբեկել մեր ավագանու անդամներին՝ կեղծ լուրեր տարածելով, թե «Հայկական վերածնունդ» կուսակցության անդամները չեն պահել քաղաքական հուշագրի կանոնները: Եվ ըստ որում՝ սա արվում է համառ հետևողականությամբ: Այսօր «Հայկական վերածնունդը» Վանաձորում կարող է դառնել այն քաղաքական ուժը, որ կազմելով իշխանություն, կարող է իրական ազդեցություն ունենալ Վանաձոր քաղաքի կառավարման մեջ՝ ելնելով մեր ստացած քվեներից:

Հռետորական հարց է առաջանում՝ ավելի լավ է շարունակ շանտաժի մեջ գտնվել և ամեն օր կոկորդ պատռելով հերքել, որ դու շիտա՞կ ես, թե՞ իսկապես բոլոր ուժերով կազմել կոալիցիա և իրական ազդեցություն ունենալ Վանաձորի կառավարման գործընթացի վրա՝ ստեղծելով ազգային համաձայնության վանաձորյան փոքրիկ մի մոդել: Անկեղծորեն ես այս հարցի հստակ պատասխանը չունեմ, բայց թիմով մտածել թերևս արժե»:

Նոյեմբերի 4-ին Վանաձորի ավագանու նիստը, որի օրակարգում էր փոխքաղաքապետի ընտրության հարցը, չկայացավ քվորումի բացակայության պատճառով։ Քաղաքական հուշագիր ստորագրած երեք կուսակցությունների անդամները բոյկոտել էին նիստը և չէին մասնակցում դրան։

Լուսանկարը՝ «Ժողովուրդ» օրաթերթի

Մեկնաբանել