ԱՄՆ-ը կմնա Հայաստանի համար կայուն գործընկեր․ Ռիչարդ Միլս

Անկախ այն հանգամանքից, թե ով կլինի ԱՄՆ նոր նախագահը, աջակցությունը Հայաստանի կայացմանը՝ որպես անկախ, բարեկեցիկ երկիր, որը խաղաղ գոյակցում է իր հարևանների հետ, կշարունակի առաջնահերթ խնդիր մնալ Միացյալ Նահանգների համար․ այս մասին հայտարարեց Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը նոյեմբերի 9-ի վաղ առավոտյան ԱՄՆ ընտրությունների առիթով դեսպանատանը կազմակերպված հավաքույթին։

«Միացյալ Նահանգները կշարունակի ապահովել իր հանձնառությունները մեր բարեկամների հանդեպ, և անշուշտ մեր հանձնառությունը մեր բարեկամ Հայաստանի հանպդեպ մենք կպահպանենք։ Մենք կմնանք Հայաստանի համար կայուն և հաստատուն գործընկեր և կաշխատենք միասին՝ ապահովելու բարեկեցիկ ապագա, որին արժանի է հայ ժողովուրդը»,- ասաց դեսպան Միլսը։

Խոսելով ԱՄՆ արտաքին քաղաքականության առաջնահերթությունների մասին՝ նա մեջբերեց նախկին դեսպան, 1997-2000 թթ․ ԱՄՆ Պետքարտուղարի՝ քաղաքական հարցերով առաջին տեղակալ Թոմ Փիքերինգի խոսքը, ըստ որի՝ փորձը ցույց է տվել, որ անկախ այն բանից, թե որ կուսակցությունն է հաղթում նախագահական ընտրություններում, Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականությունը 80 տոկոսով անփոփոխ է մնում։ «Ամերիկյան արժեքները, ազգային շահերը և մեր բարեկամները աշխարհում չեն փոխվում նախագահի ընտրությամբ։ Իսկ արտաքին քաղաքականության այդ 20 տոկոս փոփոխությունները պայմանավորված են տվյալ նախագահի ունեցած գերակայություններով, այսինքն՝ որոշ հարցեր կարող են ավելի մեծ կարևորություն ստանալ այս կամ այն նախագահի օրոք»,- ասաց Ռիչարդ Միլսը։

Դեսպանը նշեց, որ անկախ նրանից, թե ով կհաղթի այս ընտրություններում՝ հանրապետական Դոնալդ Թրամփը, թե դեմոկրատ Հիլարի Քլինթոնը, անշուշտ, նախագահի կողմից առաջանահերթ սահմանված որոշակի հարցերում փոփոխություններ կլինեն։ «Բայց ես համամիտ եմ դեսպան Փիքերինգի այն դիտարկմանը, որ արտաքին քաղաքականության 80 տոկոսը երկու կուսակցությունների կողմից պաշտպանվող մոտեցումներ են, և նոր նախագահի պարագայում այդ 80 տոկոսը անփոփոխ կմնա»,- ասաց նա։

***

Նոյեմբերի 8-ին ԱՄՆ-ում անցկացվել են նախագահական ընտրություններ, որոնցում հաղթել է Դոնալդ Թրամփը՝ ստանալով 276 ձայն։ Հիլարի Քլինթոնը ստացել է 218 ձայն։

Մեկնաբանել