Սերժ Սարգսյանը շնորհավորել է Դոնալդ Թրամփին

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին, հաղորդում են նախագահի մամուլի գրասենյակից։

Ուղերձում մասնավորապես ասված է․

«Մեծարգո պարոն Թրամփ,

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:

Միացյալ Նահանգների ժողովուրդը բարձր գնահատեց ինչպես Ձեր գիտելիքներն ու փորձառությունը, այնպես էլ Ձեր առաջադրած տեսլականն ու մոտեցումները` Ձեզ վստահելով երկրի ղեկավարման պատվավոր պատասխանատվությունը: Հավատացած եմ, որ ջանք չեք խնայի առաջիկա տարիները ԱՄՆ-ի համար դարձնելու նոր վերելքի և նվաճումների ժամանակաշրջան:

Այսօր՝ Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի նախաշեմին, երախտագիտություն եմ հայտնում այն պատկառելի աջակցության համար, որը Ձեր երկիրն անցած քառորդ դարի ընթացքում ցուցաբերել է՝ ուղղված Հայաստանի ժողովրդավարության կայացմանն ու տնտեսական վերելքին:

Մենք բարձր ենք գնահատում Միացյալ Նահանգների` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի կարևոր դերը ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորման գործընթացում:

Վստահ եմ, որ Ձեր նախագահության տարիներին հայ-ամերիկյան բարեկամական հարաբերությունները կշարունակեն ամրապնդվել՝ արձանագրելով նոր ձեռքբերումներ ամենատարբեր ոլորտներում: Հավատացած եմ, որ մեր գործընկերության մեջ կշարունակի ծանրակշիռ մնալ ամերիկահայության ներգրավվածությունը:

Կրկին շնորհավորելով ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ` մաղթում եմ Ձեզ արգասաբեր գործունեություն` ի փառս Ամերիկայի Միացյալ Նահանգների և ի բարօրություն նրա ժողովրդի:

Ընդունեք խնդրեմ, Ձերդ Գերազանցություն, խորին հարգանքներիս հավաստիքը»:

***

ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները անցկացվել են նոյեմբերի 8-ին։ Երկրի 45-րդ նախագահ ընտրված հանրապետական Դոնալդ Թրամփը ստացել է 276 ձայն։ Դեմոկրատ Հիլարի Քլինթոնը ստացել է 218 ձայն։

Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը այսօր առավոտյան դեսպանատանը ընտրությունների առիթով կազմակերպված միջոցառմանը հայտարարել էր, որ անկախ այն հանգամանքից, թե ով կլինի ԱՄՆ նոր նախագահը, աջակցությունը Հայաստանի կայացմանը՝ որպես անկախ, բարեկեցիկ երկիր, որը խաղաղ գոյակցում է իր հարևանների հետ, կշարունակի առաջնահերթ խնդիր մնալ Միացյալ Նահանգների համար։

«Միացյալ Նահանգները կշարունակի ապահովել իր հանձնառությունները մեր բարեկամների հանդեպ, և անշուշտ մեր հանձնառությունը մեր բարեկամ Հայաստանի հանպդեպ մենք կպահպանենք։ Մենք կմնանք Հայաստանի համար կայուն և հաստատուն գործընկեր և կաշխատենք միասին՝ ապահովելու բարեկեցիկ ապագա, որին արժանի է հայ ժողովուրդը»,- ասել էր դեսպան Միլսը։

Մեկնաբանել