Արթուր Բաղդասարյան. Ի՞նչ է այս տղայի ուզածը

Արթուր Բաղդասարյանը Վանաձորում համագործակցելու է Հանրապետականի հետ: Ինքն ուզում է այդ փոքրիկ քաղաքում ՀՀԿ-ի հետ ստեղծել ազգային համաձայնության մոդել: Իբր մարտի 1-ին ինքն այդ մոդելը չէր «գտել»: Բանականությունը կարող է ընդդիմանալ այս մարդու գոյության մտքին անգամ, բայց նրա վանաձորյան «ռեինկարնացիան» մեզ ասում է՝ դուք ձեր հալին նայեք:

Ի՞նչ է այս տղայի ուզածը: Փաստ է, որ նա սիրում է իշխանություն: Փաստ է նաև, որ կապ չունի, թե ինչպիսի իշխանություն է սիրում այս տղան: Ուղղակի հարազատության համար նրան պետք են անբարոյականներ: Այլապես անհարմարության զգացումն անխուսափելի է: Քաղաքական գործիչ է, որն իր ծննդյան 48-րդ տարեդարձի օրը հայտարարություն է տարածել իր մասին: Այս մարդու խղճին 10 մարդու սպանություն կա: Ոչ ոք այնքան մեղավոր չէ մարտի 1-ի համար, նույնիսկ ուղղակի մարդասպանները, որքան այս տղան: Իր բնությամբ նա հարազատության զգացում չունի որևէ մեկի հետ, որն իշխանությունում չէ: Որովհետև 2008-ից մինչև հիմա ո՞վ է այս տղային տեսել ընդդիմության մեջ: Գոնե 2014-ից հետո, երբ դուրս եկավ կոալիցիայից: Այս տղան իր գոյությամբ սադրում է բարոյականության մասին զրույցներ սկսելուն: Եվ կարծում է, թե այդ թեմայի հետ ընդհանուր ոչինչ չունենալով՝ ծիծաղելի վիճակի մեջ է դնում բարոյականությունից խոսողներին: Փաստ է, որ քաղաքականությունը բարոյականության հետ կապ չունի, բայց դա այն դեպքում, երբ բոլոր տականքություններն անում ես՝ Փղոսկրյա աշտարակում նստած: Մնացած բոլոր դեպքերում կապը կգտնվի: Արթուր Բաղդասարյանը նստած է Փղոսկրյա աշտարակում: Նույնիսկ Սերժ Սարգսյանն է երբեմն մարդամեջ մտնում: Այս երիտասարդն իրենից շարունակում է կերտել մի կերպար, որ մարսելի դարձնի նույնիսկ Սերժ Սարգսյանին: Եվ այդ կերպարը կերտում է մարդկանց համար, ովքեր իր ուժին քվե են տալիս և ովքեր չեն տալիս: «Դուք ձեր հալին նայեք»,- միշտ իշխանության հետ լեզու գտնողի կարգախոսն է սա: Հարկ եղած պահին ես էլի իմ քվեն կհավաքեմ մուրաբաներով, փչացած բջջային հեռախոսներով և իշխանությանը քննադատելով:

Այս տղան անկախ Հայաստանի քաղաքական պատմության ամենաչուսումնասիրված խայտառակությունն է հակառակ նյութերի ավելի քան բավարար լինելուն: Բոլորը գիտեն, որ երբ ինչ-որ մեկը մյուսի հետ խոսում է մարդուց, հաստատ նրան նկատի չունի: Այս երիտասարդից ոչ ոք արդեն որևէ բան չի էլ սպասում: Բայց ապրողը նա է: Երեկ Վանաձորում ինչ-որ մեկի կախված դին են գտել: Նույն օրը այս երիտասարդը հայտարարում է Վանաձորի ավագանիում ՀՀԿ-ի հետ համագործակցելու մասին: Եթե իրեն հարցնեք, կասի՝ եթե ավելի շուտ հայտարարեի, գուցե չկախվեր: Իշխանության մեջ նրա ծարավի սրվածությունը հենց այն փաստից է, որ ինքնուրույն երբեք իշխանություն չի դառնա: Եվ պատահական չէ, որ այս ծարավը Հայաստանում դառնում է Հանրապետականի հետ իշխանության մեջ լինելու «քաղաքական» մշակույթ: Ինչպե՞ս վարվի հայ մարդը նրա հետ: Նրա վտանգն այն բանում է, որ ընդդիմադիր ուժերը նույնպես իր կարիքն ունեն: Ընդդիմադիր ուժերը միակն են, որ այս երիտասարդից կարող են կորզել փոքրիկ հաղթանակներ և սարսափելին էլ այն է, որ նա կտա այդ հաղթանակները: Հենց դա տեղի ունեցավ Վանաձորում, երբ այս երիտասարդի ղեկավարած քաղաքական ուժը ընդդիմադիրի համբավ ունեցող ևս երկու ուժի հետ ավագանիում դարձավ մեծամասնություն: Հետո, իհարկե, նա իրենն արեց: Դրա համար նա բավարար հանցագործներ ուներ իր թիմում:

Որոշ մարդկանց կերպարը քննելիս մի պահ կա, երբ հոգեբանները բարձրացնում են իրենց ձեռքերը՝ իբր մենք այստեղ անելիք չունենք: Իդեալական քաղաքական գործիչը հոգեբաններին անելիք չի թողնում, նա այնքան ճշգրիտ է, որ կարող է իր կերպարով «վերաշարադրել» հոգեբանությունը որպես գիտություն, նա նույնիսկ շախմատի համար «հաց» կարող է լինել: Վատ քաղաքական գործչի կերպարը «դեգերում» է հոգեբանի և հոգեբույժի արանքում: Որովհետև իդեալական քաղաքական գործչի կոմբինացիաների մեջ կենցաղ չկա: Չկա մեկը, ում լավ կյանքը կարող է ուղղորդել իրեն: Ինքն իր հացը վաստակում է ոչ թե ինչ-որ մեկի հիացմունքով կամ շահով, այլ իր կերպարի և գաղափարների անայլընտրանքությամբ:

Այս երիտասարդն ասում է, որ ինքը չի ուզում ապրել Վանաձորի իր բնակարանում կախվածի նման․ դա ի՞նչ կյանք է, ինքն ուզում է ապրել Սերժ Սարգսյանի, քարը տրաքի՝ Ալեքսանդր Սարգսյանի նման: Ու դրա համար ստեղծել է քաղաքական ուժ՝ ՕԵԿ, որին նույնպես զոհաբերել է, միայն թե ինքը մնա ջրի երեսին: Ինքը տեսնում է, թե ինչպես են մարդիկ կյանքն ավարտում Բաղրամյան-26-ի մատույցներից դուրս: Ինքն իրեն այդպիսի շռայլություն չի կարող թույլ տալ: Ինքը մարդկանց առաջարկելու գաղափարներ չունի, այլապես բիզնեսով չէր զբաղվի և փորձի օգտվել մեր հարկային և մաքսային մարմինների կոռումպացվածության և Սերժ Սարգսյանից կախված լինելու փաստից: Ինքը մի մարդ է, որից սնվում է իշխանությունը՝ իշխանության մեջ մնալու համար: Նրա բոլոր «կոմբինացիաները» փող են ուզում, ոչ թե՝ գլուխ, Հայաստանում փողը մեր «ջանից» են կտրում այս երիտասարդին ձեռքից բաց չթողնելու համար: Եվ, ընդհանրապես, քաղաքական դիակի համար չափազանց շատ տեղ չի՞ զբաղեցնում այս երիտասարդը Հայաստանում:

Լուսանկարը՝ Ֆոտոլուրի

Մեկնաբանել