Արաբները պատրաստ են գալ Հայաստան, ուսումնասիրել ներդրումային հնարավորությունները

Արաբական Միացյալ Էմիրությունների ներդրումային և զարգացման ընկերությունները մեծապես հետաքրքրված են Հայաստանի ներդրումային քաղաքականությամբ ու հստակ ծրագրերով և պատրաստ են այդ առումով քննարկել տարբեր ոլորտներում Հայաստանի առաջնահերթությունները․ այս մասին ընկերությունների ղեկավարները ասել են պաշտոնական այցով ԱՄԷ-ում գտնվող՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիմանը։

Ինչպես հաղորդում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից, նրանք վստահեցրել են, որ պատրաստ են այցելել Հայաստան և տեղում ուսումնասիրել միջավայրը, առաջ մղել բանակցությունները:

Սերժ Սարգսյանը հանձնարարել է հանդիպմանը ներկա ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարին և տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին` ներդրումային ծրագրերով հետաքրքրված ընկերությունների հետ հետագայում շարունակել սերտ փոխգործակցությունը և նրանց ներկայացնել իրենց բիզնես հետաքրքրությունների շրջանակում գտնվող ծրագրերը:

Սարգսյանը տեղեկացրել է զրուցակիցներին, որ հայկական կողմը պատրաստել է ներդրումային ռազմավարական փաթեթներ, որոնք գտնվում են իր անմիջական ուշադրության կենտրոնում, և կողջունվի ու անհրաժեշտ աջակցություն կցուցաբերվի Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում Էմիրությունների ներդրողներին, իսկ խոշորածավալ ներդրումների առկայության դեպքում` հատուկ որոշումով կտրամադրվի առավել արտոնյալ պայմաններ:

Մեկնաբանել