Օսկանյանը քաղաքական ուժերին կոչ է անում համախմբվել 2017-ի ընտրությունների շեմին

«Համախմբում» կուսակցության առաջնորդ, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը կոչ է անում քաղաքական բոլոր հիմնական ուժերին փորձել առավելագույնս համախմբված քաղաքական բևեռ ձևավորել 2017թ․ խորհրդարանական ընտրությունների շեմին․ այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանը։

«Հաշվի առնելով ներկա իրողությունները՝ ես՝ որպես «Համախմբում» կուսակցության նախագահ, հայտարարում եմ հետևյալը․

Մենք անելու ենք ամեն ինչ, մեր բոլոր ջանքերը ներդնելու ենք, որպեսզի Հայասատնում ձևավորվի համախոհ կուսակցությունների քաղաքական բևեռ, որովհետև այսօր դա է հասրակության հրամայականը։ Եվ մենք կուսակցությունում դա լավ գիտակցում ենք, գիտակցել ենք, և դրա համար համանուն կուսակցությամբ հանդես ենք եկել: Եթե պատահի այնպես, որ «Համախմբում» կուսակցությունը ընտրությունների գնա առանձին, ուզում եմ նաև հայտարարել, որ ցուցակը գլխավորելու եմ ես»,- ասաց Օսկանյանը:

Նա նշեց, որ ընտրություններին դաշինքով մասնակցելու դեպքում ինքն անձամբ և «Համախմբում» կուսակցության յուրաքանչյուր անդամ պատրաստ է իր անձնական հավակնությունները մի կողմ դնել և շարժվել՝ ըստ իրավիճակի, ըստ նպատակահարմարության։ «Մենք իրոք համոզված ենք, որ Հայաստանում քաղաքական, տնտեսական և այլ ոլորտներում բեկում մտցնելու համար անհրաժեշտ է առաջին հերթին, որ մենք բաց, ազնիվ, անկեղծ երկխոսության մեջ մտնենք հասարակության հետ, ստեղծենք ոչ թշնամական քաղաքական հարաբերություններ»,- ասաց Օսկանյանը՝ հավելելով․ «Հաջորդ խորհրդարանում իրոք մեզ անհրաժեշտ են գիտակից, գրագետ, բանիմաց մարդիկ, որոնք պատրաստ են աշխատել և ի հարկի կարողանալ իրենց անձնական շահերը մի կողմ դնել՝ հանուն հայրենիքի և հանուն համայն հայության»։

Պատասխանելով հարցին, թե քաղաքական որ ուժերին է տեսնում՝ որպես գործընկեր, և հնարավոր է կոնկրետ «Բարգավաճ Հայաստանի» հետ դաշինքով մասնակցեն առաջիկա ընտրություններին՝ հաշվի առնելով, որ հնարավոր է՝ այդ կուսակցությունը կրկին ղեկավարի ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, Օսկանյանն ասաց, որ այս պահին որևէ կուսակցության անուն չի տա, միայն կասի, որ ոչինչ չեն բացառում, պատրաստ են բոլորի հետ խոսել և ընդհանուր ելքեր գտնել։

«Այստեղ սկզբունքը մեկն է՝ մենք բոլորս հասկանում ենք, որ այդ բևեռի անհրաժեշտությունը ժողովրդի հրամայականն է, պահանջն է, և միայն դրանով կարելի է իսկապես մրցունակ լինել մեր առաջ կանգնած բոլոր տեսակ ընտրական և այլ խնդիրների և մարտահրավերների հարցում։ Այս պահի դրությամբ ես անուններ չեմ տա, պարզապես նորից կշեշտեմ, որ մենք որևէ քաղաքական ուժի հետ, բացի իշխանականից, չենք բացառում համագործակցությունը և դաշինքի մեջ լինելը»,- ասաց նա։

Օսկանյանը նշեց, որ ինքն անձամբ և իր քաղաքական թիմը Ծառուկյանի հետ երկար աշխատել է, ճանապարհ է անցել և չի զղջում դրա համար։

«Մենք միասին Ծառուկյանի հետ մի խնդիր էինք դրել՝ խաղաղ ճանապարհով, օրինական միջոցներով, օգտագործելով մեր օրենքի և Սահմանադրության տված հնարավորությունները, երկրում իրավիճակ փոխել։ Դա էր նպատակը՝ խաղաղ ճանապարհով հնարավորինս շուտ երկրում հասնել փոփոխությունների, որովհետև մենք զգում էինք, որ դա ժողովրդի պահանջն է,- ասաց նա՝ հավելելով, որ այսօր նույնպես կա այդ պահանջը։ – Եվ հաջորդ խորհրդարանական ընտրությունները տալիս են այդ հնարավորությունը, որ մենք օրինական ճանապարհով կարողանանք ճիշտ քայլերով, համախմբմամբ, դաշինքներով, քաղաքական բևեռ ստեղծելով մրցունակ լինել, գնալ և հաղթել և կարողանալ երկրում իրավիճակ փոխել»։

Հարցին, թե Ծառուկյանը կկարողանա այդ քաղաքական բևեռ ձևավորելու հարցում լուրջ դերակատարություն ունենալ, «Համախմբում» կուսակցության նախագահն ասաց՝ իհարկե, կարող է՝ միաժամանակ զերծ մնալով մեկնաբանություն անելուց, քանի դեռ ինքը՝ Ծառուկյանը, որևէ հայտարարություն այդ կապակցությամբ չի արել։

Դիտարկմանը, որ մեկ տարի առաջ իշխանությունը հաշված ժամերի ընթացքում կարողացավ ստիպել Գագիկ Ծառուկյանին հեռանալ քաղաքականությունից, հիմա նրա վերադարձի անհրաժեշտությունը ո՞րն է, ի՞նչ կտա քաղաքական դաշտին, Օսկանյանը պատասխանեց․ «Դա անձնական որոշում է։ Ես վստահ եմ, որ պարոն Ծառուկյանի համար դա հեշտ որոշում չի լինելու։ Բայց ինքը ունի քաղաքական փորձ։ Կարծում եմ՝ եթե մի բան է որոշում, ուրեմն ինքը արդեն իր ուղին գծել է, նախանշել է։ Այնպես որ սպասենք, տեսնենք, թե ինչպիսի զարգացումներ կլինեն»։

Տնտեսություն, արտաքին միջոցների ներգրավում, Լեռնային Ղարաբաղի խնդիր

Ասուլիսի ընթացքում «Համախմբում» կուսակցության նախագահն անդրադարձավ երեք հարցի՝ տնտեսություն, Լեռնային Ղարաբաղ և Հայաստանի տեղն ու դերը տարածաշրջանում:

«Տնտեսությունում բեկում մտցնելու համար երեք բան է անհրաժեշտ՝ քաղաքական և տնտեսական խորքային բարեփոխումներ, զարգացման համարձակ ծրագիր և արտաքին միջոցներ ներգրավելու կարողություն»,- ասաց նա։

Օսկանյանը նշեց, որ առաջինի հետ կապված վարչապետ Կարեն Կարապետյանը սկսել է որոշ քայլեր անել, ինչը ողջունելի է․ «Սակայն դեռ շատ քիչ են քայլերը: Սա այն ասպարեզն է, որ ոչ ամբողջական և ընտրովի մոտեցումով արդյունքների հասնելը դժվար կլինի: Միաժամանակ, այս ոլորտում առանց ամբողջական և խորքային մոտեցման՝ հնարավոր չի լինի կիրառել զարգացման համարձակ ծրագիր:

Տնտեսական բարեփոխումները դատապարտված են առանց քաղաքական բարեփոխումների: Քաղաքական մենաշնորհն ավելի մեծ չարիք է և ավելի մեծ վտանգ, քան մեր թշնամու ուղարկած արկերը»:

Երկրորդի հատ կապված՝ նա նշեց, որ կառավարության ծրագիրը, բյուջեն և վերջերս ընդունված հարկային նոր օրենսգիրքը ցույց են տալիս, որ կառավարությունը ոչ միայն զարգացման լուրջ ծրագիր չունի, այլև ցանկություն էլ չունի փոխելու իր տնտեսական փիլիսոփայությունը․ «Նա կրկնում է նախկինների սխալը՝ կիրառելով գոտին սեղմելու և զսպողական քաղաքականություն: Մինչդեռ Հայաստանին այսօր անհրաժեշտ է տնտեսական աճ, աշխատատեղերի ստեղծում և բնակչության կենսամակարդակի բարձրացում՝ ամբողջական գործիքակազմով ընդլայնողական քաղաքականության կիրառմամբ: Մենք տնտեսական պատերազմի մեջ ենք, որը տանուլ տալու պարագայում կարող ենք մտնել տաք պատերազմի փուլ: Ուստի պետք է ամեն ինչ անել, որ տնտեսական ասպարեզում ճեղքում ապահովենք, ոչ թե մեր զինվորների կյանքի գնով փորձենք ճեղքել ռազմաճակատի գիծը»:

Միջոցների ներգրավման հետ կապված՝ Օսկանյանն ասաց․ «Այսօր Հայաստանում առկա դրամի ծավալը պոտենցիալ հնարավորություն ունի երկրում ձևավորելու 20 մլրդ դոլարի ՀՆԱ, պարզապես այդ գումարները կա՛մ անգործ նստած են բանկերում, կա՛մ արտահոսում են երկրից: Իսկ արտաքին միջոցների ներգրավման մասով հնարավորություններն անսահամափակ կարող են լինել ներդրումների, վարկերի և դրամաշնորհների տեսքով՝ երկրում բարեփոխումների և բարենպաստ պայմանների ստեղծման պարագայում: Օրինակ, նախկին պարտքերի օգտագործման արդյունավետության ճիշտ գնահատման և համապատասխան հսկողության մեխանիզմներ ստեղծելու պայմաններում հնարավոր է նորերի ներգրավումը: Քաղաքական բարեփոխումների դեպքում դեռ իրատեսական է ԱՄՆ-ի Հազարամյակի մարտահրավերներ հիմնադրամից մինչև 300 մլն դոլար ներգրավելը; Եվրամիության հետ ճիշտ պայմանագրի ստորագրման դեպքում հնարավոր է դոնոր երկրների համաժողովի միջոցով մինչև 1 միլիարդ դոլար հայթայթելը: Առկա է,- սրա մասին իմ տեսակետն արդեն հայտնել եմ,- Քըրք Քրքորյանի 2-միլիարդ դոլարանոց կտակը:

Խոսելով Լեռնային Ղարաբաղի խնդրի մասին՝ նա նշեց, որ այսօր միանշանակ է՝ զարգացումները մեր օգտին չեն: «Իշխանության սխալն այս տարիների ընթացքում եղել է այն, որ նա ոչ միայն չի կարողացել բանակցային փաստաթղթում ամրագրված Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորշման իրավունքից զուտ քննարկումներից անցում կատարել Լեռնային Ղարաբաղի՝ արդեն երկար տարիներ ինքնորոշված լինելու փաստի և դրա ճանաչման թեմային, այլև կորցրել է առաջինի հնարավորությունը՝ թույլ տալով, որ բանակցային հիմնական շեշտադրումներն այսօր լինեն տարածքների վերադարձի վրա»,- ասաց Օսկանյանը՝ հավելելով, որ շեշտադրումների փոփոխությունը հնարավոր է ճիշտ դիվանագիտություն վարելու դեպքում․ «Ղարաբաղյան կարգավորման բանալին Երևանում ու Ստեփանակերտում է, և միայն մենք ենք որոշելու մեր ընդհանուր հայրենիքի սահմանները»:

Անդրադառնալով Հայաստանի տեղի և դերի հարցին՝ «համախմբում» կուսակցության նախագահը նշեց, որ պետք է վերադարձնել կոմպլեմենտարիզմը՝ որպես արտաքին քաղաքականության հենք, և դրանից ելնելով՝ առաջնայնություն պետք է դարձնել Վրաստանի հետ հարաբերություններին նոր որակ ու բնույթ հաղորդելը՝ մինչև ինտեգրացիոն գործընթացների սկիզբ: «Տարածաշրջանում մեր դիրքերի ամրապնդման բանալին հենց այստեղ է»,- ասաց նա:

Մեկնաբանել