ԼՂՀ անվանման փոփոխությունը «չի արտացոլվի» Մոսկվայի դիրքորոշման վրա

Լեռնային Ղարաբաղի նոր անվանումների ի հայտ գալը չի արտացոլվի Ռուսաստանի Դաշնության դիրքորոշման վրա, ադրբեջանական APA գործակալության հետ զրույցում այսպես է մեկնաբանել ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ԼՂՀ նոր սահմանադրությամբ նախատեսված՝ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» պաշտոնական անվանմանը «Արցախի Հանրապետություն» պաշտոնական անվանման ավելացումը։

«Ելնում ենք նրանից, որ ԼՂ կարգավիճակը որոշվելու է բանակցությունների ընթացքում։ Այս առնչությամբ որևէ նոր անվանումների ի հայտ գալը չի արտացոլվի ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում ռուսաստանյան դիրքորոշման վրա»,- ասել է Զախարովան՝ նշելով, որ ՌԴ-ն, ինչպես և Մինսկի խմբի համանախագահ մյուս երկրներն ու Հայաստանը, «չեն ճանաչում Լեռնային Ղարաբաղը որպես անկախ պետություն»։

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ի մեկնաբանությանը համահունչ հայտարարություն էր արել ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը։ Նա նույնպես մատնանշել էր այն փաստը, որ «աշխարհում ոչ մի երկիր, այդ թվում՝ ԱՄՆ-ն ու Հայաստանը, չեն ճանաչում Լեռնային Ղարաբաղը»։

«Շատ կարևոր է, որ բոլոր կողմերն աշխատեն Հելսինկյան սկզբունքների վրա հիմնված կարգավորման ուղղությամբ, որոնցում արտացոլված են տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և ուժի չկիրառման սկզբունքները», – ասել էր Ուորլիքը։

Օրերս Լեռնային Ղարաբաղի նախագահին կից Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը հրապարակել էր փոփոխված սահմանադրության նախագիծը, որի 1-ին հոդվածով սահմանվում է, որ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» պաշտոնական անվանմանը ավելանում է «Արցախի Հանրապետություն» պաշտոնական անվանումը, որոնք համարվում են նույնական:

Լուսանկարը՝ Արցախի Հանրապետության նախագահական կայքից։

Մեկնաբանել