Զոհված և հաշմանդամություն ստացած զինծառայողների ապահովագրության նախագիծը հաստատվեց

Կառավարությունը նոյեմբերի 10-ի նիստում հավանությանն է տվել «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին», ««Զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին», «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթին:

Ինչպես հաղորդում են կառավարության մամուլի ծառայությունից, օրինագծերի ընդունման արդյունքում կներդրվի զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման` հասարակության վստահությունը վայելող, պարզ, թափանցիկ և արդյունավետ համակարգ: Նախագծով առաջարկվում է հատուցման գումարներ վճարել այն զինծառայողներին, որոնք զոհվել կամ հաշմանդամություն են ստացել մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ: Զինծառայողների մահվան դեպքում, հատուցման գումարները կվճարվեն նրանց ընտանիքի անդամներին (ծնող, ամուսին, զավակ, զինծառայողի խնամքի տակ գտնվող անձինք): Բոլոր դեպքերում, եթե զինծառայողը ունի 3 կամ ավելի երեխա, ապա` ի լրումն սահմանված գումարների, զինծառայողի ընտանիքին յուրաքանչյուր ամիս կվճարվի ևս 100 հազար դրամ:

Հատուցման գումարների վճարումն իրականացնելու և հավաքագրված դրամական միջոցները կառավարելու նպատակով նախագծով առաջարկվում է ստեղծել հատուկ կառույց` զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամ: Այն կմիավորի և՛ պետությունից, և՛ հասարակությունից ստացվող դրամական միջոցները, կապահովի այդ միջոցների պրոֆեսիոնալ կառավարումը և առաջացած միջոցների հաշվին` զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցումը: Հիմնադրամի կողմից հատուցումներ վճարելու համար անհրաժեշտ դրամական միջոցները կձևավորվեն հետևյալ աղբյուրներից` յուրաքանչյուր աշխատող ֆիզիկական անձի կողմից ամսական 1000 դրամ գումարի չափով վճարվող դրամաշնորհային վճարներից, պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մատուցվող ծառայություններից օգտվող անձանց կողմից վճարվող վճարներից` յուրաքանչյուր ծառայության համար` համապատասխանաբար` 500 և 200 դրամ գումարի չափով, հատուկ այդ նպատակով թողարկված արժեթղթերի վաճառքից, հատուկ այդ նպատակով ստացված դրամաշնորհներից, նվիրաբերություններից և նվիրատվություններից, վերը նշված աղբյուրներից հավաքագրված միջոցների կառավարման (ներդրման) արդյունքում ստացվող եկամուտներից:

Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը նշել է, որ օրենքն ուժի մեջ մտնելուց հետո առնվազն հինգ տարի ԿԲ-ն անվճար կառավարելու է հիմնադրամի միջոցները և իրականացնելու է անվճար ադմինիստրատիվ գործառույթներ:

***

Զոհված և հաշմանդամություն ստացած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցության նոր ծրագիրը պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին ներկայացրել էր նոյեմբերի 8-ին։ Ծրագիրը մշակվել է պաշտպանության, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների և Կենտրոնական բանկի կողմից։

ՍիվիլՆեթը թեմայի շուրջ զրույցել է Կենտրոնական բանկի գլխավոր իրավական խորհրդական Վարուժան Ավետիքյանի հետ։ Նա ասում է, որ համակարգը մշակված է այնպես, որ այն լինի հնարավորինս պարզ։ Ավետիքյանի խոսքով՝ հիմնադրամի համար սահմանվել են թափանցիկության շատ խիստ կանոններ․ յուրաքանչյուր մարդ կարողանալու է տեսնել՝ որքան գումար կա, որքան գումար փոխհատուցվեց, որ զինվորի համար փոխհատուցվեց և այլն։ Հարցազրույցն ամբողջությամբ՝ ստորև