Ավետիք Չալաբյան․ Զինծառայողների հիմնադրամն անհրաժեշտ է, բայց ֆինանսավորման մեխանիզմը թերի է

«Արար» հիմնադրամից Ավետիք Չալաբյանը սկզբունքայնորեն թերի է համարում զոհված և հաշմված զինծառայողների ընտանիքներին աջակցության հիմնադրամի ֆինանսավորման առաջարկվող մեխանիզմը։

Երեկ Հայաստանի կառավարությունը հավանություն տվեց մարտական ծառայության ընթացքում զոհված և հաշմված զինծառայողների ընտանիքներին աջակցության հիմնադրամ ստեղծելու նախագծին՝ նպատակ ունենալով կտրուկ բարձրացնել այդ ընտանիքների կողմից ստացվող հատուցումը։

Բանակին և զոհված ու վիրավորված զինծառայողների ընտանիքներին աջակցություն ցուաբերող «Արար» հիմնադրամի համահիմնադիր Ավետիք Չալաբյանը։

«Մեր կողմից ստեղծված «Արար» հիմնադրամը արդեն երկու տարուց ավել շարունակաբար անմիջական օժանդակություն է տրամադրում այդ ընտանիքներին, և մենք ավելի քան լավ գիտենք այն սոսկալի կարիքը, որում այդ ընտանիքները հայտնվում են կերակրող կորցնելու դեպքում, այն էլ մեր պայմաններում։ Դրան գումարվում է ցավը և անարդարության զգացումը, որ հենց իրենց ընտանիքից է եղել այդ կորուստը, և շուրջն ապրող շատերը այն նույնիսկ չեն գնահատում կամ կարեկցում։ Այս իմաստով, ակնհայտ է, որ հիմնադրամի ստեղծումը հասունացած է և անհրաժեշտ՝ և՛ ազգային համերաշխության, և՛ մարդկային պատասխանատվության կարևորագույն էլեմենտ է հանդիսանում։

Մյուս կողմից, հիմնադրամի ֆինանսավորման առաջարկվող մեխանիզմը, մեր կարծիքով, սկզբունքայնորեն թերի է, և արդեն բազմաթիվ բացասական արձագանքների տեղիք է տվել»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Չալաբյանը՝ ընդգծելով, որ Հայաստանում ստեղծվող համախառն արժեքի միայն 30 տոկոսն է բաշխվում աշխատավարձի տեսքով, և եթե չհաշվենք ևս 10 տոկոսը, որը բաշխվում է թոշակների և նպաստների տեսքով, մնացած մասը ձևավորվում է գույքի օգտագործումից, անհատապես մատուցած ծառայություններից, տոկոսադրույքներից, դիվիդենտներից, կապիտալի կուտակումից, և նաև, ակնհայտորեն, ստվերային գործունեությունից։

«Այս ամբողջ եկամուտը դուրս է մնում հարկումից, թեև հենց նրա միջոցով է ձևավորվում հարստությունը, իսկ աշխատավարձները ընդամենը ծայրը ծայրին մի կերպ հասցնելու միջոց են։ Սա սկզբունքայնորեն անարդար, և դրանով իսկ անընդունելի մեխանիզմ է, և պատահական չի, որ բերել է այսպիսի դժգոհության։

Կարծում եմ, որ կառավարությունը պետք է ուղարկի նախագիծը լրամշակման, այն հաշվարկով, որ ֆինանսավորման մեխանիզմը համապատասխանության բերվի սոցիալական արդարության սկզբունքներին։ Նաև, շատ կարևոր է հասարակությանը տալ իրական երաշխիքներ, որ ձևավորվող միջոցների կառավարումը կլինի թափանցիկ և արդար, առայժմ դրա մասին ասվող աղոտ խոսքերը աանբավարար են»,- գրել է Ավետիք Չալաբյանը։

(Լուսանկարը՝ Դավիթ Հակոբյանի)

Մեկնաբանել