Յուրաքանչյուր հայ իրեն պետք է գլոբալ զգա և պատասխանատվություն կրի․ Արմեն Դարբինյան

ՀՀ նախկին վարչապետ Արմեն Դարբինյանը Ֆեյսբուքում արձագանքել է «Գլոբալ հայերի» նամակին։ Նա վստահ է՝ յուրաքանչյուր հայ պետք է իրեն գլոբալ զգա, իսկ դա նշանակում է՝ պատասխանատվություն կրի նախ՝ երկրի և ապա՝ աշխարհի համար։

«Հայերի խմբի կոչը, որոնց հայրենիքում միանգամից անվանեցին «գլոբալ», ընկավ դատարկության մեջ․․․, սակայն իզուր։ Աշխարհի հայությանն ուղղված կոչը՝ միավորել ջանքերը բարեկեցիկ, ծաղկող երկրի կառուցման գաղափարի շուրջ, երկրի, որը բոլոր հայերի առաձգականության կենտրոնն է, բացարձակ աջակցության է արժանի։ Կոչում կա, իմ կարծիքով, շատ կարևոր փաստի արձանագրում՝ հայերը փաստացիորեն են գլոբալ ազգ, բայց ոչ՝ էությամբ։

Մենք սովոր ենք կրկնվող բանաձևին՝ «Հայաստանը Սփյուռքով և առանց Սփյուռքի՝ դրանք տարբեր երկրներ են»․․․Այո, տարբեր են։ Սակայն մենք դեռ չենք կարողացել առավելություն քաղել այդ «տարբերությունից», չենք կարողացել վերակառուցել մեր գիտակցությունը, շատ հաճախ խարխափում ենք մարտնչող գավառականության խավարում, չենք տեսնում մեր քթից հեռու իրականությունը, անգամ չենք ծիկրակում՝ վախենալով այդ «գլոբալությունից»․․․։

Եվ դա բնական է․ «գլոբալ» ազգի հանդեպ պահանջը մեծ է, «գլոբալը» պատասխան է տալիս և ոչ միայն իր համար, այլև աշխարհի համար, և ոչ միայն իր շուրջը, այլև գլոբալ առումով։ Գլոբալը լուսարձակների տակ է, միշտ տեսանելի։ Դրա համար էլ վախենում ենք․․․ Այդ վախին ավելանում է նաև տարընթերցումը՝ պայմանավորված թարգմանչական խնդիրներով․ Հայաստանում շատերին թվացել է, թե հեղինակները «իրենց գլոբալ են երևակայում», իսկ մնացածին վերագրել են «տեղականների» շարքին․․․ Մինդչեռ մեսիջը միանգամայն այլ էր․ յուրաքանչյուր հայ պետք է իրեն գլոբալ զգա, ինչը նշանակում է պատասխանատվություն կրի նախ՝ երկրի և ապա՝ աշխարհի համար․․․Ստորագրյալները յուրաքանչյուր հայի ինտելեկտի, ոգու, խղճի, պատվի կոչ են անում՝ միավորել ջանքերը Հայաստանը բարգավաճ երկիր դարձնելու համար։ Շատ արժանի նպատակ։

Հեղինակների սխալը կայանում է նրանում, որ ստորագրման գործում չեն ներգրավել Հայաստանի հաջողակ երիտասարդ սերնդին՝ մարդկանց, ովքեր ամենամոտն են այդ նպատակի ըմբռնմանն ու իրագործմանը (եթե դիմեին, կնշեի տասնյակ անուններ)։ Ու նաև՝ ոչ մի դեպքում չի կարելի սնել այն պատրանքը, որ հաջողակ հայ կարելի է դառնալ միայն՝ նախ Հայաստանից արտագաղթելով։ Եվ ես ամենևին նկատի չունեմ տնաբույծ «օլիգարխներին»․․․։

Իսկ այս պահին ճեղքվածքներով տեղական նավին իր «տեղացի» ուղևորներով ցանկանանք գլոբալ նավարկություն․․․ՄԻ ՕՐ»։

Մեկնաբանել