Օլանդի դեմ իմփիչմենթի գործընթաց է սկսվել

Ֆրանսիացի 79 պատգամավոր ստորագրել և գործադիր իշխանությանն են փոխանցել նախագահ Ֆրանսուա Օլանդի իմփիչմենթի վերաբերյալ բանաձևի նախագիծ, հաղորդում է Le Monde պարբերականը։

Հաղորդվում է, որ Օլանդը մեղադրվում է պետական գաղտնիք բացահայտելու մեջ․ պատգամավորների կարծիքով նախագահը նման բան է թույլ տվել իր «Նախագահը չպետք է խոսի այդ մասին» գրքում։

«Փաստաթղթում արտահայտված է մեր խորին համոզմունքը, որ նախագահը չպետք է, չի կարող և իրավունք չունի խոսել այն մասին, ինչն առնչություն ունի իր՝ որպես պետության ղեկավարի և բանակի հրամանատարի լիազորությունների հետ»,- ասել է ֆրանսիացի խորհրդարանական Պիեր Լելուշը։

Չսիրված նախագահ

Ավելի վաղ Le Figaro թերթը հաղորդել էր, որ Ֆրանսուա Օլանդը 20-21-րդ դարերում հանրապետության բոլոր նախագահների թվում ռեկորդակիր է ոչ ժողովրդականության առումով։ Ֆրանսիացի առաջնորդի աշխատանքը դրական է գնահատել քաղաքացիների ընդամենը 11 տոկոսը, մինչդեռ 87 տոկոսը հաստատակամորեն դեմ են նրա գործունեությանը։ Բացի այդ, հոկտեմբերին CEVIPOF քաղաքական հետազոտությունների կենտրոնի անցկացրած հարցման արդյունքում պարզվել է, որ 100 ֆրանսիացուց ընդամենը 4-ն են դրական գնահատում Ֆրանսուա Օլանդի աշխատանքի արդյունքները։

Մեկնաբանել