Զինվորի վաղվա մահը ձեր չգտած խաղաղության գինն է

Ազգ-բանակ: Սա ի՞նչ է՝ կազարմա՞: Ո՞վ չգիտեր, որ ժամանակ առ ժամանակ որոշ հրամանատարներ զինվորների վրա «նալոգ» են դնում: Մայրերը այս մասին կարող էին խոսել: Իմ ընկերուհին պատմում է, որ ծառայող եղբոր զինվորական հագուստը հրամանատարներից մեկը զորամասում գողացել էր, և հագուստի փողը պահանջել հարազատներից: Գումարն ստացել էր, հետո նոր վերադարձրել հագուստը: Ընկերուհիս թույլ չտվեց գրել այս մասին: Կես տարի է անցել այս դեպքից:

Երեկ կառավարությունը նոր «նալոգ» է հնարել աշխատող մարդու համար՝ 1000 դրամ ապահովագրական վճար սահմանների պաշտպանության ժամանակ վիրավորված զինվորներին և զոհված զինվորների ընտանիքներին: Մենք բանակի լրացուցիչ միջոցն ենք,- մեր մասին առանց երևակայության ձևակերպել է պաշտպանության նախարարը: Ու ինքը գիտի, որ աշխատող մարդը սա կուլ չի տա: Ու ինքը գիտի, որ բոլոր հարկերն ու տուրքերն արդեն այս իշխանությունը ձևակերպել է ու դրել աշխատող և նույնիսկ չաշխատող մարդկանց վզին: Հիմա հերթը մի գումարին է, որն առ այս պահը բնության մեջ չկար՝ բոլոր աշխատողներն ամեն ամիս 1000 դրամ պետք է փոխանցեն բանակին:

Սա մահացու քայլ է, համաձայնեք, թե չհամաձայնեք: Իշխանությունը գտել է աշխատողին քերթելու մի միջոց, որի ժամանակ ցանկացած դիմադրություն հակահայրենասիրական է: Այսինքն, հենց խոսեցիր քո սեփական իրավունքներից, այն բանից, որ 1000 դրամը քո՝ 50 հազար դրամ ստացողի համար խոշոր գումար է, դու հայրենասեր չես: Հենց խոսեցիր, որ աշխատավարձի հանդեպ այսպիսի ոտնձգությունը մարդու իրավունքների ոտնահարում է, դու դեմ ես բանակին, դու դեմ ես քո խաղաղ քնի համար սահման պահող զինվորին ու նրա ընտանիքին: Խորամանկ են մտածել: Ո՞վ իր իրավունքի համար դուրս կգա փողոց: Անմիջապես ցույց կտան հենց հիմա սահմանին առաջացած լարվածությունը՝ դու դե՞մ ես քո զինվորին, որը գուցե քո բողոքի պահին մահանում է: Կամ՝ դու էս թունդ պահին սեփական բանակի դե՞մ ես դուրս գալիս:

Ուրեմն, փողոցն այս առումով մնաց դատարկ: Իսկ ի՞նչ է պետք իշխանություններին: Նախ ցույց են տալիս, որ գտել են թալանի մի ձև, որին ընդդիմանալը դատարկ կրակոց է, երկրորդ՝ բոլորիս մի «նալոգով» դարձրել են պաշտոնական հայրենասեր: Բայց հարց է ծագում՝ ես ինչու՞ պետք է գումար փոխանցեմ այնտեղ, որտեղ մինչև հիմա սպանություններ են կեղծում: Այսինքն, իրենք սպանում են, գցում են թշնամու վրա, կամ՝ հրամանատարը սպանում է, գցում է զինվորի վրա:

Երկրորդ, բանակը պետական և ռազմական գաղտնիքներ ունեցող կառույց է: Եթե դուք ինձանից ոչ հարկի կամ հանգանակության տեսքով գումար եք կորզում, ինձ դարձնում եք այդ գաղտնիքների մասին տեղեկանալու պարտադիր իրավատեր: Դա նույնն է, որ ես բանկում բաժնեմաս ունենամ, բայց բանկի գործերից որևէ տեղեկություն չունենամ, բոլոր տեղեկությունների անունը դնեն «բանկային գաղտնիք»: Այդպես չի լինում: Որովհետև ես իմ հիմնարկի հետ գումար եմ պայմանավորվել ըստ իմ ընտանիքի համեստ, իսկապես համեստ «ախորժակի»:

Կարեն Կարապետյանը հավանություն է տալիս մի նախագծի՝ չգիտակցելով անգամ, որ իրեն բերել են, որ մարդկանց գրպանի փողերն ավելացնի, ոչ թե պակասեցնի: Ամբողջ սոցցանցն ասում է, թե որտեղ են զինվորին և բանակին պակասող փողերը: Անուն առ անուն ասում են: Դրանք բոլորը գողացված փողեր են, որոնք օրենքի և դատարանների բացակայության պատճառով դեռ գողացվում են հենց մեր աչքի առաջ:

Ես իսկապես չեմ հասկանում՝ եթե մենք հենց մեր գրպանից փող ունենք տալու բանակին, Կարեն Կարապետյանին ինչի՞ ենք բերել: Դա Հովիկ Աբրահամյանն էլ կարող էր անել, Տիգրան Սարգսյանն էլ: Սեյրան Օհանյանն էլ դա կարող էր անել: Չեն արել, որովհետև անելու ռեսուրսը չունեի՞ն: Ուզում եք ասել, որ գազի և էլեկտրաէներգիայի սակագների իջեցու՞մն եք սրանով փոխհատուցում: Իբր էդ իջեցումից 1000 դրամ հաստատ խնայվու՞մ է: Բայց արդյունքում գազի և էլեկտրաէներգիայի գինը մնում է նույնը, որովհետև խնայվածի տերը մենք չենք:

Ավելի սարսափելին էլ կա այս որոշման մեջ, մարդու մազերն են բիզ-բիզ կանգնում մտածելուց՝ իշխանությունն օրը ցերեկով սահմանին զինվոր ունեցող մորը և հորն ասում է՝ քո մեռելին (հազար ներողություն) ես տեր չեմ, բայց գիտեմ նրանց տեղը, որոնք տեր կլինեն՝ դա քո հարևանն է, քո աղքատ ազգականը, որը Մեղրիում թզի ծառ ունի, կծախի կտա: Իշխանության 600 հազար դրամ աշխատավարձ ստացողի աչքին էդ 1000 դրամը չի երևալու: 10 հազարն էլ չի երևա, եթե որոշեն բարձրացնել: Բայց խնդիրների խնդիրն այն է, որ 600 հազար դրամ ստացող պետական պաշտոնյայի որդին չի ծառայում և չի ծառայելու գոնե սահմանին:

Ամենախորամանկը սակայն զինվորին սեփական հասարակության հետ թշնամացնելու ռիսկն է: Ուշադրություն դարձրեք՝ կա Ղարաբաղի չլուծված հարց, իշխանություններն անընդհատ հարկեր ու տուրքեր են մտածելու էս չլուծված հարցի պատճառած զոհերի հաշվին և ի վերջո մեզ հասկացնում, որ՝ «ախպեր, ոնց ուզում եք՝ լուծեք, պրծեք»: Այսինքն, ձևեր են մտածում, որ մեզ համար հարցի ցանկացած լուծում արդեն ձեռք տա: Միայն թե սրանք մեր գրպանից հեռու մնան: Ու այդպես չարքաշ աշխատավորից մեզ դարձնում են պոտենցիալ զոհի և նրա ծնողների թշնամի: Իհարկե, իշխանությունը կասի, որ էս գումարը բանակին չի գնում, այլ առանձին հիմնադրամի: Դրանից խնդրի էությունը չի փոխվում: Եվ ի վերջո դուք պետք է մտածեք զինվորի մահը կանխելու մասին, ոչ թե մեր 1000 դրամներով մխիթարելու այն մորը կամ հորը, որի որդին վաղը կամ մյուս օրը կարող է սպանվել:

Դուք խաղաղության համար եք այսօր և այստեղ: Զինվորի վաղվա մահը ձեր չգտած խաղաղության գինն է: Դուք վատ եք վարվում, պարոնա՛յք: ՄԻԵԴ-ում մենք գործեր ենք տանուլ տալիս մեր դատավորների պատճառով, իսկ փողը մուծում եք պետբյուջեից, այսինքն, մեր գրպանից: Հիմա էլ՝ նրանք մահանում են ձեր չգտած խաղաղության պատճառով, սահմանին երբեք չկանգնած ձեր որդու ապրելու համար դողալու պատճառով: Ուրեմն բարի եղեք փոխհատուցել: Հատկապես, որ այնքան շատ եք կերել զինվորի փողը: Այնքան շատ:

Մեկնաբանել