Սերժ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Պորոշենկոյի հետ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյի հետ:

Ինչպես հաղորդում են ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից, զրույցը կայացել է ուկրաինական կողմի նախաձեռնությամբ։

«Հեռախոսազրույցի ընթացքում նախագահներն անդրադարձել են հայ-ուկրաինական երկկողմ օրակարգին վերաբերող հարցերին, մասնավորապես, քաղաքական երկխոսության ակտիվացմանը, տնտեսական, գիտատեխնիկական և հումանիտար ոլորտներում համատեղ փոխշահավետ նախագծերի իրականացմանը:

Կողմերը քննարկել են նաև միջազգային կազմակերպությունների շրջանակում համագործակցությանը վերաբերող հարցեր, նշել զգայուն հարցերի շուրջ պարբերական խորհրդակցությունների անցկացման կարևորությունը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ուկրաինայի նախագահի պաշտոնական կայքի համաձայն՝ Պորոշենկոն ու Սարգսյանը շեշտել են փոխադարձ պատրաստակամությունը՝ զարգացնելու հարաբերությունները երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում։

Առևտրատնտեսական հարաբերությունները խորացնելու կարևորության համատեքստում պայմանավորվածություն է ձեռք բերվել քննարկել տնտեսական համագործակցության հարցերով հայ-ուկրաինական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի անցկացման ժամկետները։

Ոկրաինայի նախագահի կայքում նշվում է, որ պետությունների ղեկավարները հատուկ ուշադրություն են հատկացրել Ուկրաինայի և Հայաստանի միջև փոխգործակցությանը ՄԱԿ-ի շրջանակում։

Հիշեցնենք, որ 2014թ․ մարտին, երբ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը ձայների մեծամասնությամբ կողմ քվեարկեց Ուկրաինայի ներկայացրած բանաձևին, որով անօրինական էր ճանաչվում Ղրիմում անցկացված հանրաքվեն, Հայաստանը այն քիչ երկրներից էր, որը դեմ էր արտահայտվել բանաձևին։

Մեկնաբանել