Իրավիճակն առաջնագծում համեմատաբար հանգիստ է․ ԼՂՀ ՊՆ

Այս պահի դրությամբ իրավիճակն առաջնագծում համեմատաբար հանգիստ է, հաղորդում են Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունից։

ԼՂՀ ՊՆ-ն տեղեկացնում է, որ նոյեմբերի 11-ի ժամը 12:15-ի սահմաններում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Յարըմջա) և հյուսիսային (Թալիշ) ուղղություններով հակառակորդի կողմից ձեռնարկված ականանետային հարվածները որոշակի ընդմիջումներով շարունակվել են մինչև 15:30-ը:

Այդ ընթացքում ադրբեջանական զինուժի կողմից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է 37 արկ, որից 13-ը 60-միլիմետրանոց, իսկ 24-ը՝ 82-միլիմետրանոց ականանետերից:

Բացի ականանետային հարվածներից՝ շփման գծի արևելյան (Ակնա) ուղղությամբ հակառակորդը կիրառել է նաև տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, այդ թվում՝ «Սև նետ» (8 կրակոց) և «ԻՍՏԻԳԼԱԼ» (25 կրակոց) տիպի խոշոր տրամաչափի դիպուկահար հրացաններ:

«Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները ուշադիր հետևել և հետևում են հակառակորդի կողմից ձեռնարկվող գործողություններին և անհրաժեշտության դեպքում ձեռնարկում համապատասխան միջոցներ պետական սահմանի անառիկ պաշտպանությունն ապահովելու ուղղությամբ»,- ասված է ԼՂՀ ՊՆ հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել