ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հրաժարվելու է նախագահական աշխատավարձից։ Այսպիսի հայտարարություն նա արել է CBS News-ի «60 րոպե» հաղորդման շրջանակում իր առաջին հեռուստահարցազրույցում։
Now on #60Minutes: Donald Trump says he won’t take a salary when he serves as president
— 60 Minutes (@60Minutes) November 14, 2016
Անցյալ շաբաթ Թրամփի հաղթանակից հետո սկսեցին հարցեր շրջանառվել, թե ինչ է լինելու Թրամփի բիզնես կայսրության և եկամուտների հետ նախագահ ընտրվելուց հետո։
«Դե ես երբեք այդ հարցը չեմ մեկնաբանել, սակայն պատասխանն է՝ ոչ,- ասել է Թրամփը։ – Կարծում եմ՝ օրենքով պետք է վերցնեմ 1 դոլար, այսպիսով՝ կվերցնեմ 1 դոլար։ Սակայն դա․․․Ես անգամ չգիտեմ՝ ինչ է դա»։
Հաղորդավար Լեսլի Շտալը հիշեցրել է, որ Թրամփը հրաժարվում է տարեկան 400 հազ․ դոլարից, ինչին ի պատասխան ԱՄՆ-ի ղեկավարը կրկնել է, որ չի պատրաստվում վերցնել աշխատավարձը։
CBS News-ը նկատում է, որ հենց սկզբից Թրամփը խոստացել էր ընտրվելու դեպքում այլևս չզբաղվել բիզնեսով։ Նրա խոսքով՝ այդ գործերը կվարեն իր երեխաները։
Նրա խոստումներից էր նաև նախագահական աշխատավարձից հրաժարումը։ Անցյալ հոկտեմբերին Ռոչեստերում քարոզարշավի շրջանակում իր ելույթում նա հավաքվածներին ասել էր, որ նախագահ դառնալու դեպքում կհրաժարվի տարեկան 400 հազ․ դոլարից։