Խոդորկովսկի․ 2018-2024 թթ․ Ռուսաստանում մեծ է փոփոխությունների հավանականությունը

Նոյեմբերի 12-ին և 13-ին Հելսինկիում անցել է «Բաց Ռուսաստան» շարժման հիմնադիր հավաքը, որում ՅՈՒԿՕՍ-ի նախկին ղեկավար, ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ և Վլադիմիր Պուտինի քննադատ Միխայիլ Խոդորկովսկին ու նրա համախոհները ընդունել են կանոնադրություն, հռչակագիր, գործունեության ծրագիր և ընտրել ղեկավար մարմիններ։ Շարժումը մտադիր է ընտրել 2018թ․ նախագահական ընտրությունների թեկնածու և հայտարարում է, որ շուտով Ռուսաստանում տեղի են ունենալու փոփոխություններ։

Ինչպես նկատում է BBC-ն, «Բաց Ռուսաստան» շարժումը բաժանվում է երկու մասի՝ «վարչակարգի անկումից առաջ և հետո»։

Շարժումը մտադիր չէ ռուսաստանյան իշխանությունների դեմ ուղղակի պայքար մղել, քանի որ վարչակարգն ինքն իրեն կոչնչացնի, BBC-ն մեջբերում է համաժողովի նյութերը։

«Մեր խնդիրն է՝ փոփոխություններ նախապատրաստել։ Ռուսաստանի պատմությունը ցույց է տալիս, որ քաղաքական փոփոխությունները մեր երկրում սկսվում են արագ և անսպասելի, հետևաբար դրանց պետք է նախապատրաստվել։ Եվ մենք սկսում ենք այդ նախապատրաստական աշխատանքը»,- պարզաբանել է «Բաց Ռուսաստան» շարժման խորհրդի անդամ Վլադիմիր Կարա Մուրզան։

Խոդորկովսկին ակնկալում է՝ Պուտինը իշխանությունը կփոխանցի ժառանգորդին

Ռուսաստանում փոփոխությունների հույս ունի նաև շարժման ընտրված նախագահ Միխայիլ Խոդորկովսկին։ «Դոժդ» հեռուստաալիքին նա պատմել է «Բաց Ռուսաստանի» առաջիկա քայլերի ու խոսել 2018թ․ նախագահական ընտրությունների մասին։

«Բարձր հավանականություն կա, որ 2018-2024թթ․ ժամանակահատվածում մեր երկիրը սպասում են լուրջ փոփոխություններ։ Ինձ թվում է՝ վարչակարգի փոփոխության բոլոր վատ տարբերակներից ամենալավը, – իսկ 2011-ից հետո գոյություն ունեն միայն վատ տարբերակներ,- այն է, որ Պուտինը վերջապես կփոխանցի իշխանությունը իր ժառանգորդին։ Վերջինս, գիտակցելով, որ երկիրը ժողովրդավարացման կարիք ունի, կլոր սեղան է հրավիրում, կամ, իրավաբանական լեզվով ասած, սահմանադրական խորհրդակցություն։ Դրա ընթացքում ձևավորվում է անցումային փուլի կառավարություն։ Այդ կառավարությունն անցկացնում է քաղաքական բարեփոխում, ինչպես նաև բոլոր այն անհրաժեշտ բարեփոխումները, որոնք թույլ կտան երկիրը դուրս բերել ճգնաժամից և նախապատրաստել առաջին արդար ընտրությունների անցկացումը։ Ես կարծում եմ, որ 24 ամսվա ընթացքում այդ խնդիրը կարող է իրագործվել»,- ասել է Խոդորկովսկին։

Վերջինս նպատակահարմար չի գտնում շարժման գրանցումը ՌԴ արդարադատության նախարարարությունում, քանի որ չի կարծում՝ դա որևէ հավելյալ առավելություն կտա շարժմանը։

Ընդդիմադիրը նաև պատմել է, որ շարժումն ընտրելու է այն անձին, որը կարող է դիտարկվել որպես 2018թ․ ընտրություններում նախագահի թեկնածու։ Խոդորկովսկու խոսքով՝ իրենց համախոհներն ընտրել են մեկ այլ ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիի թեկնածությունը, և եթե նրան թույլ տան գրանցվել որպես թեկնածու, շարժումը կսատարի նրան։

Խոդորկովսկու նախընտրական նախագիծը՝ Ռուսաստանից «կտրված»․ Կրեմլ

2018թ․ նախագահական ընտրություններում թեկնածուի ընտրության նախագիծը, որը գործարկել է Միխայիլ Խոդորկովսկին, նախապատրաստում են մարդիկ, որոնք անդառնալիորեն կտրված են Ռուսաստանից․ այսպիսի մեկնաբանություն է արել Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Մենք լրատվամիջոցներում տեսել ենք այդպիսի հաղորդագրություններ։ Այստեղ կարելի է միայն մեկ բան ասել՝ նախագիծը մշակվում և իրագործման է նախապատրասվում անձանց կողմից, որոնք անդառնալիորեն կտրված են Ռուսաստանից, այն ամենից, ինչ այստեղ կատարվում է, ռուսաստանյան օրակարգից»,- RBC-ն մեջբերում է Պեսկովին։

Ստելլա Մեհրաբեկյան

Մեկնաբանել