Սարի թաղում անկարգությունների գործը կմիացվի ՊՊԾ գնդի զավթման գործին

Հուլիսի 29-ին Սարի թաղում զանգվածային անկարգությունների վերաբերյալ քրեական գործը կմիացվի ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գունդը զավթելու և պատանդ վերցնելու վերաբերյալ քրեական գործին։

Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից հաղորդում են, որ Սարի թաղում զանգվածային անկարգություններ կազմակերպելու և դրանց մասնակցելու դեպքի առթիվ Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի (ՀԿԳ) քննության գլխավոր վարչությունում հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում ապացույցներ են ձեռք բերվել այն մասին, որ նույն օրը Ազատության հրապարակից քաղաքացիների երթը մեկնարկելուց առաջ նախապես ծրագրվել, նախապատրաստական աշխատանքներ են իրականացվել Սարի թաղում զանգվածային անկարգություններ իրականացնելու ուղղությամբ՝ նպատակ ունենալով ճեղքել ոստիկանական պատնեշը, անկարգության մասնակիցներին հասցնել ոստիկանության ՊՊԾ գունդ, օժանդակել հուլիսի 17-ից հիշյալ գունդը զավթած անձանց հանցավոր գործողություններին:

Գլխավոր դատախազությունից տեղեկացնում են, որ նշված քրեական գործը պահանջվել է Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունից և ուղարկվել Հատուկ քննչական ծառայություն՝ ոստիկանության ՊՊԾ գունդը զավթելու և պատանդ վերցնելու դեպքերի վերաբերյալ քննվող քրեական գործին միացնելու և համատեղ քննություն կատարելու համար:

Լուսանկարը՝ Ֆոտոլուրի