Էրդողանը Թրամփին հրավիրում է Թուրքիա

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին հրավիրել է Թուրքիա, հաղորդում է Hurriyet Daily News-ը։

Բելառուս կատարած այցից վերադառնալիս պատասխանելով լրագրողների հարցերին՝ Էրդողանն ասել է, որ ԱՄՆ-ում Թրամփի դեմ ցույցերը վկայում են՝ մարդիկ չեն կարող «մարսել մագնատի հաղթանակը»։

«Ես շնորհավորեցի նրան հենց ընտրվելու գիշերը։ Նա ստանձնելու է նախագահությունը 2017թ․ հունվարի 20-ին։ Մենք հնարավորության դեպքում կարող ենք հանդիպել անգամ մինչև այդ ժամկետը։ Հեռախոսազրույցի ընթացքում ես ասացի, որ ուրախ կլինեինք, եթե Թուրքիան լիներ Թրամփի առաջին օտարերկրյա այցելություններից մեկը։ Նա դրականորեն արձագանքեց»,- պատմել է Էրդողանը։

Թուրքիայի ղեկավարը նաև շեշտել է, որ Թրամփի թիմի տեսակետերը Իրաքի և Սիրիայի հարցերում «նման են Թուրքիայի դիրքորոշումներին», օրինակ՝ ոչ թռիչքային գոտու հարցում։

Օրերս Wall Street Journal-ին տված բացառիկ հարցազրույցում Թրամփը հայտարարել էր, որ ինքն առաջարկում է փոխել Բարաք Օբամայի վարչակարգի քաղաքականությունը և Սիրիայում չափավոր ընդդիմադիր խմբեր փնտրելու և սատարելու փոխարեն կենտրոնանալ «Իսլամական պետության» (ԻՊ) դեմ պայքարի վրա։

«Իմ մոտեցումը հետևյալն է․ դուք պայքարում եք Սիրիայի դեմ, Սիրիան պայքարում է ԻՊ-ի դեմ, և ձեզ անհրաժեշտ է ձերբազատվել ԻՊ-ից։ Ռուսաստանն այժմ ամբողջությամբ դաշնակցում է Սիրիայի հետ, կա նաև Իրանը, որը մեր շնորհիվ ազդեցիկ է դառնում և նա դաշնակցում է Սիրիայի հետ․․․ Մենք սատարում ենք ընդդիմադիրներին՝ ընդդեմ Սիրիայի և գաղափար չունենք՝ ովքեր են այդ մարդիկ»,- ասել էր Թրամփը։ Նա հավելել էր, որ եթե ԱՄՆ-ն թիրախավորի Ասադին, «ի վերջո կսկսի պայքարել Ռուսաստանի, Սիրիայի դեմ»։

Թրամփը գումար չի ստացել Գյուլենական շարժումից․ Էրդողան

Լրագրողների հետ զրույցում Էրդողանը նաև ասել է, որ Թրամփը իր քարոզարշավի ժամանակ գումար չի ստացել Փենսիլվանիայում բնակվող, Թուրքիայում հեղաշրջման փորձի մեջ մեղադրվող իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի շարժումից։

«Թրամփը ընտրություններում չի հաղթել՝ գումար վերցնելով FETÖ-ից [Fethullahist Terrorist Organization՝ «Ֆեթուլլահական ահաբեկչական կազմակերպություն», Թուրքիայի իշխանություններն այդպես են անվանում Գյուլենի շարժումը – ՍիվիլՆեթ]։ Նա ունի ֆինանսական հզորություն և իր քարոզարշավը հովանավորել է իր անձնական միջոցներից։ Մինչդեռ մամուլում լուրեր են շրջանառվել հակառակ կողմի մասին [Հիլարի Քլինթոն], որը գումար է ստացել FETÖ-ից»,- հայտարարել է Թուրքիայի նախագահը։

Գյուլենականները Քլինթոնի արշավի համար 2 մլն դոլար են նվիրաբերել․ Hurriyet

Օրերս Hurriyet Daily News-ը, հղում անելով Թուրքիայի պետական Anadolu գործակալությանը, որն իր հերթին վկայակոչել էր ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցության իր աղբյուրներին, հաղորդել էր, որ Գյուլենի շարժումը Դեմոկրատական կուսակցության թեկնածու Հիլարի Քլինթոնի քարոզարշավի համար 2 մլն դոլար էր նվիրաբերել։ Ընդհանուր նվիրատվությունների գումարը կազմել է մոտ 600 մլն դոլար։

Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի հաղթանակից հետո Անկարան վերահաստատել է Վաշինգտոնին ուղղված իր կոչը՝ Գյուլենին արտահանձնելու վերաբերյալ։

Ստելլա Մեհրաբեկյան

Մեկնաբանել